JAMnews. Հնգամյա Աննա Ղուլյանը ապրում է Երևանի արվարձաններից մեկում, մեկ սենյականոց բնակարանում, իր փոքրիկ քրոջ, ծնողների ու մամայի հորաքրոջ հետ։ Հարմարվել են, բայց միևնույնն է, տունն իրենցը չէ։ Իրենցը մնացել է Շուշիում։
Այս բնակարան Ղուլյանները տեղափոխվել են ամիսներ առաջ՝ ժամանակավոր կացարանից և մեկ այլ վարձով բնակարանից հետո։ Հին, բայց կոկիկ այս տանն ամեն ինչ պատմում է անցյալի մասին, բայց ոչ այս ընտանիքի։ Ղուլյաններն այստեղ ոչինչ չունեն։
Վերոնիկայի խոսքով՝ Ղուլյանները երեխա ունեցող վերջին ընտանիքներից են, որ դուրս են եկել Շուշիից 2020 թ.-ի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ամուսինը՝ Արթուրը, ռազմաճակատում էր, իսկ Վերոնիկան դուստրերի՝ 3.5 տարեկան Աննայի և 4 ամսական Նարեի հետ՝ ապաստարանում։
2020 թվականի հոկտեմբերի սկզբին, երբ նրանց տարհանեցին, նա իր հետ ոչինչ չէր վերցրել, բացի կրտսեր դստեր կաթնախառնուրդից և տակդիրներից։
Կարդացեք նաև
«Չէի էլ մտածում որևէ բան վերցնելու մասին, որովհետև վստահ էի՝ մի քանի օրից վերադառնալու ենք։ Ուզում էի միայն Նարեի սայլակը վերցնել, այն էլ թույլ չտվեցին. մեքենայի մեջ տեղ չկար։ Այդպես՝ մեր հագին եղած հագուստով ու մի տոպրակ տակդիրով մութն ընկնելուն պես դուրս եկանք Շուշիից»,– պատմում է Վերոնիկան։
«Ես անգամ ատամնապրոթեզս չվերցրեցի»,– ավելացնում է Վերոնիկայի հորաքույրը, ում տանը Այա են ասում։ Նա երկրորդ անգամ է փախստական դարձել. առաջինը 1990 թվականին էր՝ Բաքվի հայերի ջարդերից հետո։
Աննան Երևանում արդեն մանկապարտեզ է հաճախում։ Այստեղ սովորել է խոսել գրական հայերենով ու նոր ընկերներ է գտել։ Մանկապարտեզը շատ է սիրում, հատկապես նկարչության ժամերը։ «Էս մեր տունն է Շուշիում։ Հիմա մեր տունը քանդվել է, բայց ոչինչ, կսարքենք»,– ասում է նա՝ ցույց տալով իր նկարներից մեկը։
Տունը, որտեղ այժմ ապրում է ադրբեջանական ընտանիք
Ծանոթները մի քանի օր առաջ Վերոնիկային են ուղարկել ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի ռեպորտաժը, որում մի ընտանիք է՝ Շուշիի իրենց տանը:
«Ենթադրում եմ, որ սա իրական չէ. Շուշիում ոչ ոք չի ապրում հիմա, բայց անգամ դա իմանալով չեմ կարողանում հանգիստ դիտել այս կադրերը։ Միայն թեյի բաժակները մերը չեն, մնացած ամեն ինչ այնպես է, ինչպես թողել ենք՝ բազմոցը, ծածկոցը, ծաղկամանը․․․ Ամեն ինչ իմն է»,– ասում է նա։
«Շուշին այնքան անվտանգ ու անառիկ էր, որ տարբեր գյուղերից ու քաղաքներից մարդիկ իրենց ունեցվածքը բերում էին շուշեցի ծանոթ–բարեկամների տները, որ, իբր, պատերազմի պատճառով չկորցնեն։ Այն էլ ստացվեց, որ բոլորն ու ամեն ինչ կորցրեցին»,– ասում է Վերոնիկան։
Արթուրը և մեքենայի պատմությունը
Արթուրն ասում է, որ եթե չլինեին դուստրերն ու Վերոնիկան, կխելագարվեր։ Շուշիում, ուր բոլորն իրար ճանաչում էին, խոսք ու զրույցի պակաս չկար։ Երևանում Արթուրը միշտ լուռ է։
Արթուրը պատմում է, որ երբ 2020 թ.-ին պատերազմը սկսվեց ու ընտանիքին նկուղ՝ ապաստարան ուղարկեց, հիշեց, որ կարևոր է պահպանել անձնագրերն ու հիշողության կրիչը՝ ընտանեկան լուսանկարներով։ Առանց երկար մտածելու դրանք դրեց մեքենայի բեռնախցիկում։
Մեքենան գնելու համար Արթուրը տարիներ շարունակ գումար էր կուտակել, բայց պատերազմի օրերին բանալին տվեց ընկերներին՝ ռազմաճակատի կարիքների համար:
«Երևանում էինք, երբ Աննայի վիրահատության համար 120 հազար դրամ (մոտ 300 դոլար) գումար ուզեցին, մտածեցի՝ գոնե մաշինը կծախեինք, փող կլիներ»,– ասում է Արթուրը։
44-օրյա պատերազմի ժամանակ Արթուրը 3 անգամ շրջափակման մեջ է հայտնվել, վերջինը՝ Հադրութում։ Երկու տեղից վիրավորվել է, բայց ողջ է մնացել։ 30 հոգանոց խմբից Հադրութից դուրս են եկել 6–ը:
Արդեն վիրավոր՝ հայտնվեց կացարանում։ Ասում է՝ անգամ այն ժամանակ, երբ կարողանում էր հենակներով քայլել, ամաչում էր դուրս գալ սենյակից․ կացարանում բոլորը կանայք էին, ինքը՝ նրանցից մեկի ամուսինը, որ վերադարձել էր պատերազմից։
Արթուրի վերադարձից ու պատերազմի ավարտից հետո Ղուլյանները զանգ ստացան․ ծանոթներից մեկին հաջողվել էր դուրս բերել Արթուրի մեքենան ու հասցնել Վարդենիս։ Բանալին դրել էր ճամփեզրի քարերից մեկի տակ ու տեղն ասել Արթուրի ընկերոջը։
Ընկերը միանգամից գնացել էր Վարդենիս ու գտել մեքենան։ «Մաշինը», որ անցել էր ողջ պատերազմն ու վնասվել մի քանի տեղից, հասավ Արթուրին՝ բեռնախցիկում բերելով հիշողության սարքը, որտեղ Շուշիի տան ու դուստրերի մանկության լուսանկարներն էին։
Ղուլյանները Ստեփանակերտում բնակարանաշինության ծրագրի շահառուների ցանկում են։ Երբ և ինչպես կլուծվի տան խնդիրը՝ ոչ ոք չգիտի, բայց Արթուրի համար մի բան պարզ է՝ քանի չի լուծվել անվտանգության հարցը, ինքն իր դուստրերին վտանգի չի ենթարկի:
«Ես բոլոր պատերազմներին մասնակցել եմ։ Ես ինձ համար վախ չունեմ, բայց թշնամուս էլ չեմ ցանկանա զգալ վախը, որ զգում ես պայթող արկերի ձայնից, երբ երեխաներդ մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում»,– ասում է նա։
Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: