Անցումային արդարադատությունը մի քանի տարվա կամ մեկ կառավարության խնդիր չէ․ 2018թ․-ին ՀՀ-ում հեղափոխություն իրականացրած երիտասարդները պետք է շարունակեն պայքարել հաշվետվողականության եւ արդարության համար։ Այս մասին այսօր «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» կազմակերպած՝ «Ապօրինի գույքի վերադարձ եւ անցումային արդարադատություն․ դասեր եւ մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» ավագ փորձագետ Ռուբեն Կարրանզան։
Նա մասնագիտացած է կոռուպցիայի, ապօրինի գույքի վերադարձի ու անցումային արդարադատության խնդիրներով, մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մշակմանը, ներգրավված է եղել ապօրինի գույքի վերադարձի աշխատանքներում` վերականգնելով շուրջ 680 մլն ԱՄՆ դոլար Ֆիլիպինների նախկին բռնապետ Մարկոսի ապօրինի ակտիվներից:
Ռուբեն Կարրանզան հայտնեց, որ դեռեւս 2019թ․-ին խոսել է ՀՀ-ում հեղափոխություն իրականացրած երիտասարդների հետ եւ արձանագրել հետեւյալը․ «Շատ երիտասարդներ հիասթափված են եղել։ Վերջին անգամ նրանց այդ տարի եմ հանդիպել։ Նրանցից մեկն ասել է՝ մասնակցել են հեղափոխությանը, որովհետեւ տեսել են հարստության անհամաչափ բաշխում, անարդարություն, բայց մեկ տարի անց կառավարությունը ոչինչ չի արել այդ ուղղությամբ»։
Փորձագետը շեշտեց, որ անցումային արդարադատությունը մեխանիզմների եւ գործընթացների շարք է, որը հանրությանն օգնում է հասկանալ անցյալի չարաշահումները․ «Սրանում ոչ միայն դատարանները պետք է ներգրավվեն, այլեւ «ճշմարտության հանձնաժողովները», համակարգային բարեփոխումներ պետք է լինեն։ Ես դեռ 2019թ․-ին էի խոսել վեթինգի մասին, հանդիպել ենք ՀՀ վարչապետի հետ։ Նա ասել էր, որ ՀՀ-ում վեթինգը պետք է լինի անցումային արդարադատության մաս։ Մեր կարծիքով՝ պաշտոնյաների ապօրինի գույքի վերադարձը պետք է լինի անցումային արդարադատության մաս։ Գիտեմ, որ ՀՀ-ում այլ խնդիրներ էլ ունեք, բայց տնտեսական, սոցիալական իրավունքների հարցրերը եւս անցումային արդարադատության մաս պետք է լինեն։ Օրինակ՝ Ամուլսարի համար ցույցերը»։
Կարդացեք նաև
Ռուբեն Կարրանզան որպես օրինակ նաեւ մատնանշեց, որ Թունիսում 2010-11թթ․ հեղափոխության շարժիչ ուժը կոռուպցիան էր․ «Երիտասարդներն այդ ժամանակ գրավել էին արդյունաբերական օբյեկտ ու պահանջել էին աշխատատեղերի, «ճշմարտության հանձնաժողովի» ստեղծում։ Սա ոչ դատական ճանապարհի օրինակ է, երբ քննվել է կոռուպցիան՝ որպես անցումային արդարադատության մաս։ Իսկ Հարավային Աֆրիկայում «ճշմարտության հանձնաժողովը» չի զբաղվել կոռուպցիայի հարցերով, այլ միայն մարդու իրավունքների խնդիրներով։ Մարդու իրավունքների խախտումները ոմանք իրականացնում են՝ կոռուպցիայով զբաղվելու համար, այդ խախտումները միայն իշխանության ղեկին մնալու համար չեն։ Սա նպաստում է կոռումպացված անձանց անպատժելիությանը։ Եթե նախկին կոռումպացվածների գույքը չի վերադարձվում, ապա այն օգտագործվում է իշխանության ղեկին վերադառնալու համար։ Դա կարեւոր է նաեւ անցումային արդարադատության գործընթացը ֆինանսավորելու համար։ Որոշ երկրներում, օրինակ՝ Պերուում, ապօրինի գույքն օգտագործվել է «ճշմարտության հանձնաժողովի» ֆինանսավորման համար»։
Ռուբեն Կարրանզայի խոսքով՝ ապօրինի գույքի հայտնաբերման եւ վերադարձի գործում անհրաժեշտ են համապատասխան մասնագետներ, հատկապես՝ հաշվապահներ, որոնք կօգնեն իրավապահներին․ «Երբեմն պետք է լինում ուսումնասիրել թանկարժեք կտավներ, զարդեր, բիթքոյններ․․․Իրավապահները չեն կարող նման մասնագիտական հաշվարկներ անել։ Դեպք ենք ունեցել, երբ գործերից մեկով առգրավվել է Պիկասոյի նկարներից մեկը, բայց հետո այն հայտնաբերվել է նույն պաշտոնյայի տանը։ Պարզվել է, որ կեղծ Պիկասո է առգրավվել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ