Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ և Ադրբեջանի միջև կնքված էներգետիկ ոլորտում գործընկերության մասին հուշագիրն ունի ավելի շատ քաղաքական, քան էներգատնտեսական բաղադրիչ. Արթուր Ավետիսյան

Հուլիս 19,2022 17:38

ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ԵՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐՆ ՈՒՆԻ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՔԱՆ ԷՆԵՐԳԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

Հուլիսի 18-ին ԵՄ և Ադրբեջանի միջև կնքված էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է համագործակցության 3 հիմնական ուղղություն.

• Ադրբեջանից ԵՄ մատակարարվող բնական գազի ծավալների ավելացում,
• վերականգնող և այլընտրանքային աղբյուրների էներգիայի արտադրության զարգացում,
• շրջակա միջավայրի պաշպանության շուրջ համագործակցություն:

Ուշադրության են արժանի առաջին երկու կետերը: Մասնավորապես, առաջին կետով ենթադրվում է Հարավային գազային միջանցքի թողունակության ավելացում երկու անգամ՝ մինչև 2027 թվականը գազի մատակարարումները դեպի ԵՄ երկրներ հասցնելով տարեկան 20 մլրդ խորանարդ մետր: Իսկ 2023 թվականին Ադրբեջանը բնական գազի մատակարարումների ծավալը կհասցնի 12 մլրդ խորանարդ մետրի:

Իհարկե դրանք լուրջ ծավալներ են Ադրբեջանի համար և մեծ ջանքեր ու ներդրումներ են պահանջվելու հայտարարված ծավալները դեպի Եվրոպա հասցնելու համար: Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ Ադրբեջանը ստիպված է լինելու անհրաժեշտ ծավալների մի մասը լրացնել կամ Թուրքմենստանից, կամ էլ Ռուսաստանից գազ գնելով: Առաջին տարբերակը ԵՄ համար ընդունելի, անգամ ցանկալի է, իսկ երկրորդ տարբերակի պարագայում Ադրբեջանը եվրոպացի պաշտոնյաներին ստիպված է լինելու «համոզել», որ իրենց մատակարարվում է միայն ադրբեջանական գազ, իսկ իրենք օգտագործում են ռուսականը, ինչը տեխնոլոգիապես գրեթե անհնար է:

Այս համատեքստում Ադրբեջանի կարևորությունն էլ ավելի է ընդգծվում նախորդ տարվանից և այս տարի ռուս-ուկրաինական պատերազմից հետո ավելի խորացած էներգատնտեսական ճգնաժամով պայմանավորված: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Ադրբեջանը և անձամբ Ալիևը փորձում են ավելացնել իրենց քաղաքական կշիռը: Դա է վկայում Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանի նախաձեռնած և ԵՄ աջակցությամբ իրականացվող էներգետիկ նախագծերը լիովին փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը (մեղմ ասած՝ մի փոքր չափազանցնում է): Իսկ թե ինչպես է Ադրբեջանն օգտագործում իր ցանկացած հնարավորություն Հայաստանի և հայկականության դեմ, վերջին 30 տարում մի անգամ չի, որ առիթ ենք ունեցել տեսնել:

Սակայն ԵՄ երկրների բնական գազի պահանջարկը շատ անգամ ավելին է, քան տարեկան 20 մլրդ խորանարդ մետրը: 2021 թվականին սպառվել է ավելի քան 400 մլրդ խորանարդ մետր բնական գազ, որի 40%-ը մատակարարվել էր Ռուսաստանից: Այդ պատճառով նմանատիպ հռչակագրեր ԵՄ-ն կնքել է նաև Եգիպտոսի և Իսրայելի հետ, փնտրվում են նաև նոր պոտենցիալ մատակարարներ:
Այս հռչակագիրն ավելի մեծ կարևորություն ունի Հարավ-արևելյան Եվրոպայի երկրների համար: Քանի որ Արևմտյան Եվրոպայի երկրների գազի պահանջարկը շատ ավելին է, բացի այդ՝ այդ երկրների տերմինալներից դեպի հարավ-արևելք գազի մատակարարումը մեծ բարդություններ է առաջացնում: Ուստի Հարավ-արևելյան Եվրոպայի երկրներն են մեծապես շահագրգռված այդ փաստաթղթով: Ի դեպ, #REPowerEU ծրագրում ևս նշվում է, որ Հարավային գազային միջանցքը առանցքային դեր է խաղում դեպի ԵՄ, մասնավորապես դեպի Հարավ-արևելյան Եվրոպա բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում:

Մեզ համար անչափ մտահոգիչ է հռչակագրով նախատեսված համագործակցության մյուս ուղղությունը՝ վերականգնող աղբյուրներով էներգիայի արտադրության զարգացումը: Այդ համատեքստում Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը հսկայական ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում և ներդրումներ պետք է ներգրավվեն այդ ուղղությամբ: Նշված հսկայական ներուժի մեծ մասը տեղաբաշխված է Արցախի՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված հարավային շրջաններում: Ալիևը մեծ ջանքեր է գործադրում, որ այդ տարածաշրջանում հենց վերականգվող էներգետիկայի ոլորտում օտարերկրյա ներդրումներ ներգրավվեն: Նաև մեր անգործությամբ պայմանավորված, դա նրան կարծես հաջողվում է: Այդ ուղղությամբ արդեն կնքվել են մի քանի համագործակցության հուշագրեր:

Իսկ մենք առկա բարդագույն և ոչ հայանպաստ իրավիճակում, ընդամենը հայտարարում ենք, որ սեպտեմբերից Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի և հրադադարի հաստատումից ու ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է:

Էներգետիկ անվտանգության փորձագետ,
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031