Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին. Արարատ Միրզոյան

Հուլիս 19,2022 17:34

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով

Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Զբիգնև Ռաուին ջերմ հյուրընկալության համար։

Ուրախ եմ գտնվել Լեհաստանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։ Այս երեք տասնամյակներն առաջընթացի, փոխադարձ վստահության և փոխըմբռնման տարիներ էին, որոնք ամուր հիմք են ապահովել միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացման ու ամրապնդման համար։

Հայ-լեհական հարաբերությունները խարսխված են մեր երկու ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության, ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացին:

Այսօր գործընկերոջս հետ ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի և Լեհաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել` քայլեր ձեռնարկելու հայ-լեհական տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ, ինչի համար ունենք շուրջ 30 փաստաթղթից կազմված ամուր իրավապայմանագրային դաշտ և աշխատանքային արդյունավետ հարթակ՝ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 7-րդ նիստը առաջիկայում նախատեսվում է անցկացնել Երևանում:

Իհարկե, Հայաստանի ու Լեհաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն գոհունակությամբ կարող ենք նշել, որ այդ ուղղությամբ մենք հետզհետե աճ ենք գրանցում: Հայ-լեհական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար հեռանկարային ոլորտներ ենք համարում տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, ագրոբիզնեսը և վերականգնվող էներգետիկան:

Մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ ենք կատարել Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը և Արևելյան գործընկերության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերին։ Այս առումով Լեհաստանը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից մեկը, կարևոր դերակատար է մեզ համար, և մենք ակնկալում ենք այս ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնում:

Բնականաբար, այսօրվա մեր քննարկումների առանցքում էին տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցեր: Իհարկե, անդրադարձել ենք ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցությանը, որտեղ այժմ նախագահում է Լեհաստանը։ Պարոն Ռաուին հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։

Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:

Հարգելի՛ ներկաներ,

Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության և խաղաղության խաթարմանը։

Ավելին, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես քաղաքական շահարկումների գործիք։ Այս կապակցությամբ կարևոր է մարդու իրավունքներին և մարդասիրության սկզբունքներին հավատարիմ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության շարունակական աջակցությունը՝ այս խնդրի լուծման համար:

Անընդունելի է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, պղծմանը և ինքնության խեղաթյուրմանն ուղղված Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությունը։ Այս առումով մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական և շարունակական արձագանքը և ընդգծում Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեր սկզբունքն ու ռազմավարությունն է, և հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն՝ ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի հետ միասին, կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` կառուցողական մթնոլորտի ապահովման ու համապարփակ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար:

Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Հարգելի՛ պարոն Ռաու, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031