Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյանը` Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագետների հանդիպման մասին

Հուլիս 19,2022 17:26

«Օրբելի» կենտրոնի կայքից տեղեկանում ենք, որ հուլիսի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի եւ Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ տեղի է ունեցել  Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագետների հանդիպում: Հայաստանի կողմից փորձագետների խմբի մասնակցության համակարգումն իրականացվել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի կողմից, իսկ Ադրբեջանի կողմից իրականացրել է «Միջազգային հարաբերությունների վերլուծության» կենտրոնը։ Քննարկմանը փորձագետները հանդես են եկել իրենց անունից։

Aravot.am-ը ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանից, որը նույնպես քննարկման մասնակիցների թվում էր, հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն է ստացել հանդիպումից եւ արդյոք այն կարելի է արդյունավետ համարել:

«Հանդիպումը բավականին կարճ էր, ոչ լրիվ օր, եւ կարելի է ասել, որ մասնակիցներն իրենց ընդհանուր դիրքորոշումները կարողացան ներկայացնել, որեւէ բանավեճ տեղի չունեցավ; Եթե լինի շարունակություն, ապա միայն այդ դեպքում կարելի է ասել, թե որքանով են մոտեցումները համընկնում կամ կան արդյոք հակասություններ: Այլ բանակցային ձեւաչափերի պես՝ առայժմ միայն համաձայնություն կա շարունակելու մասին»,-ասաց պարոն Նավասարդյանը:

«Կարեւոր է, որ տարբեր երկրներ, որոնք փորձում են միջնորդի դերակատարություն ստանձնել, արդեն զբաղվում են ոչ միայն պաշտոնական մակարդակով բանակցություններով, այլեւ անկախ փորձագետների եւ քաղհասարակության ներկայացուցիչների միջեւ հանդիպումներով»,- ասաց ԵՄԱ նախագահը:

Ինչ վերաբերվում է հանդիպման արդյունավետությանը, նա հետեւյալը նշեց. «Արդյունավետության մասին կարելի է խոսել այդ դեպքում, երբ այն գաղափարները, մտքերը, մոտեցումները, որոնք այս մակարդակով քննարկվում են, օգտակար լինեն եւ ազդեն նաեւ պաշտոնական գործընթացի վրա: Իսկ եթե պետք է արհամարհվեն փորձագետների եւ քաղհասարակության քննարկումները քաղաքական վերնախավերի կողմից, ապա դժվար թե իմաստ ունենան մեր հետագա հանդիպումները»:

Հավելենք, որ ըստ «Օրբելի» կենտրոնի կայքի, հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման խնդիրները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարը, ինչպես նաև հումանիտար հարցեր և կողմերի միջև վստահության ամրապնդման հնարավոր միջոցները: Տեղի է ունեցել նաև քննարկում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում փորձագիտական երկխոսության դերի և նշանակության մասին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»․ Նկատենք, որ փորձագետների առաջին հանդիպումից հետո հայկական կողմում փոփոխություններ կան՝ մասնավորապես ավելացել են Բորիս Նավասարդյանը եւ Ալեքսանդր Իսկանդարյանը, բացակայում են Ստեփան Գրիգորյանն ու Տարոն Հովհաննիսյանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառն այն է, որ ադրբեջանական կողմի համար անցանկալի է եղել նրանցից առնվազն մեկի մասնակցությունը։

 Լուսանկարը ` «Օրբելի» կենտրոնի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031