Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենը գնում է, այս աղբը մնում է։ Լավը գնում, կորում է»․ Նաիրա Մելիքյան

Հուլիս 19,2022 17:02

«Ես 2020-ի հոկտեմբերի 12-ից ասել եմ մի քանի անգամ՝ ես ամեն օր մեռնում եմ։ Երբ Արմեն Գրիգորյանի մահվան այդ տեսարանը տեսա, այնպիսի մի դատարկություն է մոտս առաջացել, ինձ թվում է՝ արդեն ուժերս հատում են։ Անգամ այդ միակ բանը՝ վրեժխնդրությունը, այլևս դարձել է տասներորդական մի բան»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։

Նաիրա Մելիքյանը ցավով նշեց․«Արմենը գնում է, այս աղբը մնում է։ Լավը գնում, կորում է։ Այն, ինչ կատարվում է մեր երկրում, ուղղակի սահմռկեցուցիչ է։ Սարսափելին այն է, որ ինչ եղավ, նորից եղավ Արմենին, իր ընտանիքին՝ հատկապես մորը, երբ այդ կինը տեսավ իր երեխայի մահը։ Նա ապրելու է կարոտի, ցավի, մեղքի զգացմամբ, որ չի կարողացել օգնել իր որդուն։ Ես ամեն անգամ ինձ հարցնում եմ՝ հայրենիքն ավելի թա՞նկ էր, քան քո երեխան։ Մահը սարսափելի չէ, ավելի սարսափելի է չապրելը։ Մենք ֆիզիկական գոյություն ենք պահպանում»։

Նաիրա Մելիքյանը, դիմելով իրավապահ մարմիններին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին, ասաց․ «Նիկոլ Փաշինյան, կառավարություն, Արմենին կալանավորելու որոշում կայացրած դատավորը որերորդ երիզորդն է։ Այնտեղ ԱԱԾ պետ կա, դատախազություն, քննչական մարմիններ կան։ Իրենք մարդասպան են․իմանալով, որ Արմեն Գրիգորյանի առողջական խնդիրներն ու կալանքն անհամատեղելի են, այնուամենայնիվ, նկարել են մի ծիծաղելի հոդված, կարել գործ։ Այն, որ ամբողջ հասարակությանը բաժանել եք սևերի ու սպիտակների, արցախցու-հայաստանցու, գյումրեցու-քյավառցու, դրա համար ձեզ չե՞ք պատրաստվում ենթարկել պատասխանատվության»։

Նաիրա Մելիքյանը զարմացած է՝ մի՞թե պետական կառավարման մարմինների ստորին օղակներում էլ չկան սրտացավ, արժանապատվություն ունեցող անձինք․ «Զարհուրում եմ։ Հասկացանք՝ պետերը կամակատարներ են, բայց լավ, այնտեղ չկա՞ն շարքային ծառայողներ, սպաներ, որոնք ունեն արժանապատվություն և խիղճ և հարց կտան իրենց՝ էս ի՞նչ է կատարվում մեր երկրում, ինչպե՞ս կարող ենք այսպես շարունակել։ Պարոն Աբազյանին ուզում եմ հարց տալ՝ Դուք արդյոք կրկնակի մարդասպան չե՞ք, երբ ձերբակալում եք Արմենի նման մարդկանց, իսկ Ջալալ Հարությունյանի նմանները մինչ օրս ազատության մեջ են։ Վստահ եմ, որ դուք բոլորդ ձեր հոգու խորքում գիտեք՝ ով եք։ Որտեղ պտտվում ես կարմիր բերետավորներ են։ Երևանն օկուպացված է։ Զարմանում եմ՝ երբ երեխաներին տանում են այգիներ զբոսանքի, մարդկանց վրա չի՞ ազդում, որ ամեն վայրկյան այդ կարմիր բերետավորը կարող է՝ շուռ գալ ու սպանել ինչ-որ մեկին։ Սահմռկում եմ իմ ազգի անտարբերությունից»։

Նաիրա Մելիքյանը բոլորին է մեղադրում՝ ներկայիս իշխանությանը, այսպես կոչված նախկիններին ու նշում․ «Իրենք բոլորը հին են։ Այս երկրի ողնաշարը ջադելով, այս երկիրն ունեզրկելով, ազգին դարձնելով տգետ, իրենց թայֆաների շահերի հետևից ընկնելով՝ որպես ընդդիմադիր էլ չեն կարողանում գործել, որովհետև իրենք կորցնելու բան ունեն, իրենք հո Նառա չե՞ն, որ էլ կորցնելու բան չունի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031