«Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն օրերս ահազանգեց՝ աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին. «Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը աշխատանքից ազատվելու պահանջ է փոխանցել ԿԲ կորպորատիվ ծառայությունների եւ զարգացման դեպարտամենտի ղեկավար Արա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի եղբորը»։
Aravot.am-ը դիմեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ նկարագրելով քաղաքական դրդապատճառը եւ խնդրելով պարզաբանել՝ Արա Չալաբյանին աշխատանքից ազատվելու պահանջ ներկայացրե՞լ է եւ ի՞նչ հիմնավորմամբ: ԿԲ-ում խնդրեցին գրավոր հարցում ուղարկել: Երկու աշխատանքային եւ չորս օրացուցային օր մտածելուց հետո՝ ուշագրավ պատասխան փոխանցեցին. «Ի պատասխան հուլիսի 15-ի ձեր հարցման, հայտնում ենք, որ Կենտրոնական բանկը երրորդ անձի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություններ չի տրամադրում»:
Թե հարցադրման հատկապես ո՞ր մասն են ԿԲ-ում «անձնական բնույթի» ընկալել կամ՝ ի՞նչ «անձնական պատճառով» է Մարտին Գալստյանն Արա Չալաբյանին աշխատանքից ազատվելու պահանջ ներկայացրել՝ բարդ է պատկերացնել, իրենք էլ չեն մանրամասնել: ԿԲ նախագահի նման պատասխանը բազմաթիվ ենթադրությունների հիմք է տալիս, այդ թվում նաեւ այնպիսի ենթադրության, որ ինքն Արա Չալաբյանին աշխատանքից ազատվելու պահանջ փոխանցել է, ենթադրաբար իշխող ուժի ներկայացուցիչների հորդորով:
Հիշեցնենք, Մարտին Գալստյանը ԿԲ նախագահ է 2020 թվականի հունիսի 13-ից: Այդ պաշտոնում նա փոխարինեց Արթուր Ջավադյանին: 2018 թվականից Մարտին Գալստյանը ԿԲ խորհրդի անդամ է: ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»: ԱԺ 132 պատգամավորից՝ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած 119 պատգամավորներից, Մարտին Գալստյանի օգտին ձայն տվեցին 104-ը:
Կարդացեք նաև
«Չնայած ապրում ենք բացառիկ դժվար ժամանակներում, բայց արդարության համար պետք է փաստել, որ մեր նորանկախ հանրապետության պատմության ընթացքում տնտեսական քաղաքականության իրականացումը երբեք դյուրին չի եղել: Այդուհանդերձ, Կենտրոնական բանկին հաջողվել է պահպանել ցածր գնաճային միջավայրը: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը եւ Ազգային Ժողովը բավականին շուտ իրականացրեցին Կենտրոնական բանկի բարեփոխումը` օրենսդրորեն ամրագրելով Կենտրոնական բանկի անկախությունը եւ գների կայունության նպատակը դեռեւս 1996 թվականին: Պետական այրերի կողմից Կենտրոնական բանկի անկախության գիտակցման շնորհիվ է, որ Կենտրոնական բանկում ձեւավորվել է մի միջավայր, որտեղ գիտելիքն ու մասնագիտական որակները համարվում են կարեւորագույն արժեքներ, ինչն էլ թույլ է տվել Կենտրոնական բանկին արդյունավետ կերպով լուծել սահմանադրությամբ իրեն վերապահված բոլոր խնդիրները: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ կերտվածքի հիմքերը դրվել են հենց այդ օրերին»,- խորհրդարանում իր թեկնածության քննարկման ժամանակ, իր ելույթում ասել էր Մարտին Գալստյանը:
Թե ինչպե՞ս պատահեց, որ եղբոր՝ մայիսի 14-ից, մոնտաժված ձայնագրության համար կալանքի տակ գտնվող եւ մինչ օրս բազմաթիվ ընթացակարգային խախտումներով կալանքի տակ պահվող Ավետիք Չալաբյանի քաղաքական ակտիվությունից հետո միայն, ԿԲ-ում մասնագիտական որակները կարեւորող Մարտին Գալստյանը Արա Չալաբյանին աշխատանքից ազատվելու պահանջ որոշեց ներկայացնել՝ թողնում ենք յուրաքանչյուրի երեւակայությանը:
Արա Չալաբյանն, ի դեպ ՀՀ կենտրոնական բանկում աշխատել է 1999-ին՝ կարճ ժամանակ, ապա մասնավոր տարբեր ընկերություններում է աշխատել, 2010 թվականից կրկին ԿԲ-ում է աշխատում՝ նախագահի խորհրդական, ԿԲ աշխատակազմում, ապա, մինչ 2020 թվականի հուլիս ամիսը եղել է ՀՀ ԿԲ գլխավոր աուդիտորը, 2020 թվականի հուլիսից ԿԲ կորպորատիվ ծառայությունների եւ զարգացման դեպարտամենտի ղեկավարն է:
Փորձեցինք իրեն ներկայացված՝ աշխատանքից ազատվելու պահանջի վերաբերյալ նաեւ Արա Չալաբյանի կարծիքը լսել: Նա չցանկացավ մեկնաբանություններ անել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ