Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը և դժգոհություն հայտնել խորհրդարանի հակաադրբեջանական դիրքորոշման հանդեպ:
«Մեր վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2018թ.: Անկեղծ ասած, ես նույնիսկ մի փոքր զարմացա, երբ իմացա, որ դուք ծրագրում եք այցելել Ադրբեջան։ Թերևս գիտեք պատճառը։ Հիշում եմ մի հանդիպում, որի ժամանակ մենք շատ խոսեցինք համագործակցության զարգացման մասին։ Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։ Պատճառը ոչ թե մեր, այլ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների դիրքորոշման մեջ էր։ Նման դիրքորոշումը մենք համարում ենք բացարձակապես անհիմն»,- հանդիպման ժամանակ ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչել, վիրավորանքներ են հնչել, կեղծ տեղեկություն է տարածվել։ «Ես նույնիսկ մոռացել եմ Եվրախորհրդարանի կողմից տարբեր ժամանակներում ընդունված հակաադրբեջանական բանաձևերի ընդհանուր թիվը։ Խոսքը, թերևս, 10-ից ավելի բանաձևերի մասին է։ Հատկապես Հայրենական պատերազմից (Ղարաբաղյան 2020թ. պատերազմից) հետո ընդունվեց մի բանաձև, որը հատկապես մտահոգիչ է, քանի որ այնտեղ խոսվում էր Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Դա ճիշտ չէ։ Այդ բանաձևն ընդունվել է այս տարվա մարտին։ Այսինքն՝ դա տեղի է ունենում պատերազմի ավարտից մեկուկես տարի անց»,- ասել է Ալիևը։
Ալիևն ընդգծել է, որ պատերազմի ավարտից հետո բազմիցս իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ են այցելել դեսպանատների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, եվրոպական որոշ երկրների խորհրդարանների խոսնակներ, լրագրողներ։
Կարդացեք նաև
«Նրանք բոլորն ականատես են եղել Ադրբեջանի մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացմանը։ Նրանք չեն տեսել հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ընդհակառակը, հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանված է թե՛ Բաքվում, թե՛ Ղարաբաղում։ Սակայն օկուպացիայի ժամանակ Հայաստանն ավերել է 67 մզկիթներից 65-ը: Այդ մասին ոչ մեկն անգամ բառ չի ասել: Նրանք (հայերը- խմբ.) մեր մզկիթներում խոզեր ու կովեր են պահել, ավերել մեր քաղաքներն ու գյուղերը»,- բողոքել է Ալիևը:
Նրա խոսքով՝ այժմ կազմակերպվում են ուղևորություններ, և Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է այցելել Շուշի, Ֆիզուլի և Աղդամ և «տեսնել հայկական վանդալիզմի ու բարբարոսության մասշտաբները»։ «Նման պայմաններում բացարձակապես անընդունելի է միակողմանի բանաձևի ընդունումը, որը մեղադրում է Ադրբեջանին այնպիսի արարքների մեջ, որոնք մենք երբեք չենք կատարել, և անտեսում է Հայաստանի և հայերի գործողությունները մեր տարածքներում։ Ցավոք, նման բան տեղի է ունեցել: Գիտեմ, որ ձեր պատվիրակության անդամներից շատերը կողմ են քվեարկել այս բանաձևին։ Դա միանգամայն հակաարդյունավետ քայլ է: Նախ, դա կեղծ փաստերի և զրպարտության վրա հիմնված սուտ է։ Երկրորդ, դա այնքան էլ կարևոր չէ: Քանի որ դուք գիտեք, որ Եվրամիության և Ադրբեջանը հարաբերությունների լավ պատմություն ունեն, և հատկապես հիմա այդ հարաբերությունները շատ հաջող են զարգանում»,- ասել է Ալիևը։
Ալիևը նաև նշել է, որ ԵՄ-ի հետ լավ հարաբերությունների զարգացման ֆոնին անհասկանալի է Եվրախորհրդարանի նման վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, եւ ըստ Ալիեւի՝ Եվրախորհրդարանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Հայաստանի խորհրդարանինը.
«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ բանաձևերն ընդունվում են Հայաստանի խորհրդարանի կողմից, և կա հայկական լոբբիստական խմբի որոշակի ազդեցություն։ Հակառակ դեպքում դա անհնար է հասկանալ,- ասել է Ալիևը: – Մենք ցանկանում ենք սերտ հարաբերություններ կառուցել Եվրոպայի հետ, և մեր բոլոր գործողությունները դա են վկայում։ Բայց եթե Եվրախորհրդարանը մտածում է ընտրել նման ճանապարհ, ապա դա իրենց ընտրությունն է։ Բայց նրանք պետք է իմանան, որ հնարավոր չէ մեկուսացնել Եվրոպան Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայից, չնայած որոշ պատգամավորների ջանքերին»,- եզրափակել է Ալիևը։
Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը