Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի աշխատասենյակում նստած մարդը քինախնդիր է, քաղաքական պատվերով մարդկանց է ձերբակալում, մինչեւ վերջ տանում է մահվան». Գեղամ Մանուկյան

Հուլիս 19,2022 16:26

Այսօր «Դիմադրության» շարժման անդամները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույցից հետո շարժվեցին դեպի կառավարություն: Հիշեցնենք, որ օրեր առաջ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում նիստի ժամանակ մահացավ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ Արմեն Գրիգորյանի սիրտը չդիմացավ այն բոլոր ավերներին, որ կան մեր երկրում. «Նրա առողջությունը չներեց ու անազատության մեջ հրաժեշտ տվեց կյանքին ոչ թե իրավական գործընթացի հետեւանքով, այլ պարզապես մեկ պատճառով՝ այս շենքում վարչապետի աշխատասենյակում նստած մարդը քինախնդիր է, քաղաքական պատվերով մարդկանց է ձերբակալում, մինչեւ վերջ տանում է մահվան: Շաբաթներ առաջ Հայաստանը ցնցվեց մի դեպքով՝ երբ այս շենքում նստած մարդու ավտոշարասյունը, որը ժամանակին հպարտանում էր, թե հեծանվով է շրջում, սպանեց հղի աղջկա ու մինչեւ հիմա ոչ մեկը պատասխան չի տվել, որովհետեւ վարչապետի աթոռին նստած մարդը կարծում է՝ իրենից այն կողմ Հայաստանում մարդ չկա: Իր վարքով թունավորել է նաեւ իրեն ուղեկցողներին, որոնք կարող էին երիտասարդ աղջկա մեքենայի տակ գցել՝ առանց կանգնելու, առանց աչք թարթելու, առանց ներողության, առանց նույնիսկ ժամանակավոր անազատության, այս մարդը երիտասարդ հղի աղջկան սպանեց իր վարքով:

Արմեն Գրիգորյանը հայտնի հասարակական գործիչ էր, շատերը ցնցվեցին նրա մահով, բայց շատերը մտաբերեք՝ պատերազմի հետեւանքով, հայրենազրկման հետեւանքով, հազարավոր գյուղեր թուրքին հանձնելու հետեւանքով քանի զավակ կորցրած ծնող մահացավ, որի մասին որեւէ բառ չասեցին: Այդ բոլորի մեղավորը այս շենքում վարչապետի աշխատասենյակում նստած մարդն է, որն առաջին օրը ժպիտ ու սեր խոստացավ, բայց 4 տարի մեր երկրին բերեց մահ, բերեց համաճարակ, հետո բերեց պատերազմ; Մինչեւ հիմա այս շենքից պաշտոնապես չի հնչել, թե քանի հայորդու կորուստ ենք ունեցել, քանի զոհ ենք ունեցել՝ անուն առ անուն: Նրանք մարդիկ էին՝ ամեն մեկն իր կենսագրությամբ, իր ընտանիքով, իր զավակներով: Մինչեւ հիմա 3000 քանի, 4000 քանի թվի շուրջ են վիճում, նրանցից ամեն մեկը մարդիկ են, իսկ նրա համար լոկ թիվ է: Այս մահաբեր մարդու կազմակերպած անկազմակերպվածության հետեւանքով քանի ծառայակից զոհվեցին նույն պատերազմում՝ սպա, ոստիկան էր զոհվողը, այդ մարդու համար թիվ էր»:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, թե Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ ինչ է ասել. «Ասում էր՝ եթե մեկին սպանում են, ասում են՝ մարդասպան, բայց հազարավորներին սպանողը զորավար է: Նիկոլը իրեն զորավար է համարում, բայց նա երբեք չի լինի զորավար, նա մահաբեր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031