Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը չափազանց օպերատիվ արձագանքեց Ալիևի պահանջին. Ստեփան Հասան-Ջալալյան

Հուլիս 19,2022 16:16

2022թ. հուլիսի 15-ին օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը հայտարարել է. «ՌԴ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը մի քանի ամիս առաջ Ադրբեջանում գտնվելու ժամանակ մեր ՊՆ-ին խոստացել էր, որ մինչև հունիս հայկական զինված կազմավորումները դուրս կբերվեն Ղարաբաղից։ Այսօր հուլիսի կեսն է, և հարցը չի լուծվել։»:

2022թ. հուլիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ Թբիլիսիում ունեցած հանդիպման արդյունքում հրապարակած մամուլի հաղորդագրությամբ օկուպանտ Ադրբեջանի արտգործնախարարը հայտնեց, որ «շեշտելով երկու պետությունների միջև զինված հակամարտության կարգավորումից հետո ի հայտ եկած հետհակամարտային իրողությունները, կարևորել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր դրույթների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը»:

2022թ. հուլիսի 19-ին ՀՀ անվտանգության խորհրդի պաշտոնը զբաղեցնող Գրիգորյան Արմենը տեղական ԶԼՄ-ներից մեկի տված հարցազրույցի ժամանակ մասնավորապես հայտարարել է հետևյալը. «Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի:»:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»:

Թե ինչպե՞ս է Հայաստանը հանդիսանալու արցախահայության անվտանգության երաշխավորը արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու պատրաստ օկուպանտ Ադրբեջանի պարագայում, Արցախի Հանրապետությունից դուրս բերելով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, հայտնի չէ:

Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն անշեղորեն շարունակում է կատարել օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի հերթական պահանջը: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց օպերատիվ արձագանքեց Իլհամ Ալիևի այս պահանջին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ վերահաստատում եմ բազմիցս հրապարակային արտահայտած դիրքորոշումս. իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ սպառնալիք է Արցախի և Հայաստանի հանրապետություններում ապրող հայության համար: Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այսօր ունի ազգային կարևորության մեկ կենսական խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ, քաղաքական բոլոր մեթոդներով իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031