Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արգենտինական ու ուրուգվայական կինոն կվերադառնա, Բորխեսը կխոսի Բորխեսի հետ. Ջեք Պողոսյան

Հուլիս 19,2022 15:55

Արգենտինահայ կինոգործիչ, Արգենտինայում հայկական ֆիլմերի ցուցադրման Cinemateca Armenia նախագծի հիմնադիր Ջեք Պողոսյանն այս օրերին Երեւանում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առիթով: Տարիներ առաջ հենց նա նախաձեռնեց Հայաստանի եւ Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջեւ մշակութային փոխանակում՝ Երեւանում կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն: Ուրուգվայական ընտրյալ կինոն նույնպես նրա միջոցով հասու դարձավ հայաստանցի հանդիսատեսին:

Aravot.am-ի հետ զրույցում Ջեքն ասաց, որ դեկտեմբերին կրկին պատրաստվում է Երեւանում իրականացնել արգենտինական եւ ուրուգվայական ֆիլմերի փառատոն:

Երեք տարվա ընդմիջումից հետո, որը պայմանավորված էր համավարակով եւ այլ հանգամանքներով, Ջեք Պողոսյանը կրկին կներկայացնի արգենտինական եւ ուրուգվայական ֆիլմեր: Նա ասաց, որ համավարակի շրջանում եւս շատ է աշխատել, բայց հիմնականում առցանց: Մտահղացումներ ունի` Բորխեսի եւ Կորտասարի հետ կապված, Հայաստան կբերի ֆիլմեր` հիմնված այդ երկու գրողների գործերի վրա:

Ջեք Պողոսյանը նշում է, որ Արգենտինայում հրաշալի ֆիլմեր կան տանգոյի մասին, ու հիմա ուզում է նոր ձեւաչափերով անել նույն ծրագիրը, գումարած`պարեր, երգեր, հույզեր:

«Ուրուգվայական ֆիլմերի փառատոնը Հայաստանում կանցկացվի արդեն 11-րդ անգամ, ինչի համար շատ հպարտ եմ: Աշխարհի ոչ մի անկյունում չկա նման ֆիլմերի փառատոն: Շատ կարեւոր ծրագիր ունեմ, հիմա աշխատում եմ լավագույն ֆիլմերը Հայաստան բերելու ուղղությամբ»,-ասաց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք` ի վերջո նկարե՞ց Բորխեսի մասին իր ֆիլմը, որ ցանկանում էր իրագործել մինչեւ համավարակը: Ջեք Պողոսյանն ասաց, որ նույն սցենարը վերածել է պիեսի, եւ հնարավոր է թատերական ներկայացում ստեղծի` միկրոթատրոնի ձեւաչափով, որը կներառի մինչեւ 15 րոպե տեւողությամբ փոքրիկ պիեսների բեմադրություններ: Ջեքն ասում է, այդպիսով մարդը կարող է գնալ թատրոն եւ նայել միանգամից մի քանի պիեսի բեմադրություն: Ներկայացումը երիտասարդ, միջին տարիքի եւ ծեր Բորխեսների հանդիպման մասին է: «Դա լինելու է զրույց Բորխեսի հետ, Բորխեսը ինքն իրեն կնայի ինչպես հայելու մեջ, Բորխեսը կզրուցի Բորխեսի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա ասաց, այս պահին փնտրտուքի մեջ է, թե ով է մարմնավորելու Բորխեսին, պետք է դերասանը նման լինի գրողին, եթե ոչ ֆիզիկապես,ապա գոնե հոգով: «Ուզում եմ կարծրատիպերից զերծ մի բան ստանալ, որտեղ դերասանը համոզիչ կխաղա Բորխեսին, բայց պարզունակ նմանակում չպետք է չլինի: Բորխեսի պարագայում շատ կարեւորվում են բառն ու խոսքը»,-հավելեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031