Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի ներդրմամբ ՀՀ-ում նոր ինստիտուտ գործի դրվեց, որը միջազգային իրավական պրակտիկայում կոչվում է բռնագանձում առանց դատավճռի, այսինքն, պարտադիր չէ, որ ենթադրյալ ապօրինի գույքը կապ ունենա քրեական գործի կամ քրեական վարույթի հետ։ Այս մասին այսօր «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» կազմակերպած՝ «Ապօրինի գույքի վերադարձ եւ անցումային արդարադատություն․ դասեր եւ մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գեւորգ Քոչարյանը (լուսանկարում)։
Նշյալ վարչությունում այժմ 9 դատախազներ եւ 9 տնտեսագետներ են աշխատում, որոնց ծանրաբեռնվածությունը մեծ է։ Գործերի քանակը, Գեւորգ Քոչարյանի փոխանցմամբ, ավելանում է, եւ արդեն 574 անձի վերաբերյալ 350 նյութեր են ստացվել, որոնցից ուսումնասիրության փուլն են անցել առայժմ 342-ը, որովհետեւ մյուսների պարագայում ստուգումները ցույց են տվել, որ ապօրինի ծագման գույք չկա։ «12 գործերով հայցեր են հարուցված, իսկ 330-նն ակտիվ՝ ընթացիկ ուսումնասիրության փուլում են։ Ամեն դատախազ 30-40 ուսումնասիրություն է վարում։ Այս ընթացքում 3000-ից ավելի հարցումներ ենք իրականացրել։ Օրենքը թույլ է տալիս նաեւ միջազգային իրավական փոխօգնություն ստանալ։ 24 վարույթով ավելի քան 30 հարցումներ ենք ուղարկել ԱՄՆ, ԵՄ երկրներ, Արաբական միացյալ էմիրություններ։ 80-ից ավելի փորձաքննություններ են կատարվել։ 25 գործերով հայցերի նախնական ապահովում է իրականացվել»,-տեղեկացրեց Գեւորգ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ օրենքը թույլ է տալիս արգելանքի տալ վերցնել ենթադրյալ ապօրինի գույքը, եւ այս ընթացքում 25 դեպքերով 260 անշարժ-շարժական գույքի վրա արգելանք է դրվել՝ 42 միլիարդ դրամի պահանջով․ «25 գործերից 12-ը հիմա դատարաններում են։ Բռնագանձման պահանջը վերաբերում է 200 շարժական-անշարժ գույքի եւ 21 միլիարդ դրամի։ Ընդհանուր 70 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Այդ գումարն աճելու միտում ունի, որովհետեւ 330 գործեր դեռ ուսումնասիրման փուլում են։ Իհարկե, կարող է պարզվել, որ ապօրինի ծագման գույք չկա, որ անձինք կարող են հիմնավորել եկամուտների աղբյուրը, բայց գործերի ճնշող մեծամասնությունը հասնում է դատարան»։
Կարդացեք նաև
Պաշտոնյան շեշտեց, որ ապօրինի ծագման գույքի վերադարձը շատ բարդ գործընթաց է, որում բախվում են խճճված իրավիճակների․ «Տարիների ընթացքում մարդիկ ջանք են գործադրել, որպեսզի ապօրինի ծագման գույքի հետքը կորի։ Որոշ ակտիվներ ներդրվել են օֆշորների միջոցով։ Չեն հայտնաբերվում 3-րդ անձինք։ 10-30 տարվա ֆինանսական վերլուծություններ ենք անում»։
Գեւորգ Քոչարյանը նաեւ ընդգծեց՝ իրականության հետ կապ չունեն խոսակցությունները, թե թանկարժեք մեքենա կամ առանձնատուն տեսնելիս դատախազությունն ուսումնասիրություն է սկսում․ «Գույքը համարվում է ապօրինի, եթե այն չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Անձանց հնարավորություն է տրվում լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու, որովհետեւ հնարավոր է՝ նվիրատվություն կամ ժառանգություն են ստացել»։
Ինչ վերաբերում է հարցին, թե այս ընթացքում որքա՞ն գումար է արդեն իսկ բռնագանձվել հօգուտ պետության, Գեւորգ Քոչարյանը հայտնեց՝ հայցերը մտնում են դատաքննության փուլ, եւ այս պահին դեռեւս դատական ակտեր՝ բռնագանձման որոշումներ չկան․ դատարանի վճիռները ենթակա են լինելու բողոքարկման՝ եռաստիճան սկզբունքով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ