ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՐՇԱՎԱՆՔԻՆ» ՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ
2022թ. մայիսի 23-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց երկրի հարավում «հակաահաբեկչական» ռազմական նոր գործողություն սկսելու մտադրության մասին՝ նշելով, որ դրանք կմեկնարկեն զինված ուժերի համապատասխան պատրաստությունից հետո։ Ռ. Թ. Էրդողանը ներկայացրեց նաև 2016թ.-ից ի վեր արդեն թվով 4-րդ սիրիական «արշավանքի» ձեռնարկման թուրքական պատճառները՝ դրանք համեմելով մարդասիրական ու խաղաղասիրական՝ առաջին հայացքից ականջահաճո արդարացումներով և ահաբեկչության դեմ պայքարում աջակցություն չստանալու մեղադրանքներով: Դրանց առանձնահատկությունն այն է, որ ունեն կամ թուրքական վերնախավի կողմից ստանում են որոշակի իրավական հիմնավորումներ, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի և Թուրքիայի սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման ու փախստականների վերադարձի անհրաժեշտության վերաբերյալ միջազգային ու միջպետական փաստաթղթերի շրջանակներում: Պարունակելով, անշուշտ, նշված հանգամանքները՝ Անկարայի սպասվող գործողություններն ավելի լայն նպատակներ են հետապնդում, որոնց մասին տեղյակ է ինչպես Սիրիան, այնպես էլ «երրորդ երկրները»:
Նախագահի հայտարարությանը հաջորդեց այդ երկրի պաշտպանության նախարարի՝ փոքր-ինչ տարբերվող ելույթը՝ առավել մարտական, բայց և անորոշ: Այսպես, Հուլուսի Աքարը, հունիսի 7-ին պատասխանելով հնարավոր ռազմագործողության ժամկետների և ուղղության վերաբերյալ հարցին, նշել էր. «… անհրաժեշտ պահի, անհրաժեշտ ուղղությամբ»:
Հայտնի է, որ թուրքական հրամանատարությունը Սիրիայում նոր ռազմագործողության համար այդ ուղղությամբ կենտրոնացրել է մոտ 25 հազարանոց զորախումբ, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ ռազմագործողությանն ընդհանուր առմամբ մասնակցելու են 50 հազար թուրք զինվորներ և ևս 5 հազար զինյալներ թուրքամետ խմբավորումներից, մասնավորապես «Սիրիայի ժողովրդական բանակ»-ից (նախկին «Սիրիայի ազատ բանակ», խոշորագույն զինված միավորում, որը 2011թ.-ից պայքարում է Բաշար Ասադի վարչակազմի դեմ): Վերջինները, ինչպես հաղորդվում է, արդեն իսկ դիրքեր են զբաղեցրել Թել-Ռիֆաթի ու Մանբիջի ուղղությամբ և սպասում են թուրքական հրամանատարության հրամաններին:
Կարդացեք նաև
Թուրքական զինված ուժերը պատրաստվում են շարժվել այդ երկու խոշոր քաղաքների ուղղությամբ, որոնց հատվածում էլ նախատեսվում է նոր անվտանգության գոտու ստեղծումը՝ միացնելով մինչ այդ ստեղծված երկու անվտանգության գոտիներին: Դրանով վերահսկվող գոտու ընդհանուր երկարությունը կկազմի շուրջ 600 կմ: Նշված քաղաքների շրջանում 2016թ.-ից գերիշխող դիրքեր են զբաղեցրել «Սիրիայի ազգային ինքնապաշտպանական ուժերը», որոնց Անկարան համարում է Քրդական աշխատավորական կուսակցության ճյուղավորում՝ նույնականացնելով ահաբեկչական խմբավորման հետ։
Ներկայումս թուրքական և նրա հետ գործակցող տեղական կազմավորումների համատեղ վերահսկողության տակ են Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմտյան և հյուսիսային շրջանները: Հյուսիս-արևմուտքում թուրքական անվտանգության գոտին Իդլիբ-Աֆրին-Ազազ-Ալ Բաբ-Ջարաբլուս-Եփրատի ափ գծով օղակում է Հալեպ, Թել-Ռիֆաթ և Մանբիջ քաղաքները: Ընդ որում, Իդլիբի շրջանում թուրքական ուժերը համատեղ վերահսկողություն են իրականացնում դաշնակից «Սիրիայի փրկության կառավարության» հետ, (SSG, նույն ինքը՝ Հայաթ Թահրիր աշ-Շամ խմբավորումը (HTS), որի շուրջ միավորված են ավելի քան 2 տասնյակ ահաբեկչական այլ կազմավորումներ): Եփրատ գետից դեպի արևելք՝ մինչև Թել Աբյադ քաղաքի մատույցները, հիմնականում քրդական և մասամբ սիրիական կառավարական ուժերն են վերահսկում Թուրքիայի հետ սահմանը: Հենց այս հատվածն էլ Էրդողանը մտադիր է միացնել անվտանգության գոտիներին, որոնց մյուս մասը ձգվում է Թել Աբյադից մինչև Ռաս էլ Ային: Դրանից դեպի արևելք՝ մինչև թուրք-սիրիա-իրաքյան սահման, վերահսկում են սիրիական կառավարական և քրդական ուժերը:
Այս ամենին Էրդողանը հասել է 2016-2021թթ. երեք՝ «Եփրատի վահան» («Fırat Kalkanı», 2016թ. օգոստոս-2017թ. մարտի վերջ, ուղղությունը՝ Ազազ-Ջարաբլուս), «Ձիթենու ճյուղ» («Zeytin Dalı», 2018թ. հունվարի 20-մարտի 24, ուղղությունը՝ Աֆրին) և «Խաղաղության ակունք» («Barış Pınarı», 2019թ. հոկտեմբերի 9-22, ուղղությունը՝ Թել Աբյադ-Ռաս էլ Ային) ռազմագործողությունների արդյունքում:
Թեև Թուրքիայի նախագահի ու պաշտպանության նախարարի հայտարարություններից տպավորություն էր, թե ռազմագործողությունը ժամերի ընթացքում մեկնարկելու է, սակայն այն պաշտոնապես և հողի վրա դեռ չի սկսվել: Հայտարարություններից հետո որոշակի ահաբեկչական դրսևորումներ, իհարկե, նշված ուղղություններում արձանագրվեցին (ըստ երևույթին՝ թուրքամետ ուժերն ակտիվացան), սակայն մինչ այս պահը թուրքական կողմը ժամկետներ չի նշել:
Կարծիքներ կային, որ այս գործողությունը կարող էր մեկնարկել հուլիսի կեսերին՝ մուսուլմանական «Զոհաբերության տոնից» («Kurban Bayramı», հուլիսի 9-13) անմիջապես հետո: Հիշեցնենք, որ թուրքական զինուժը ս.թ. ապրիլի 18-ից առ այսօր ռազմական ակտիվ գործողություններ («Մագիլ-կողպեք», «Pençe-Kilit») է վարում իրեն և Սիրիային հարևան Իրաքի հյուսիսային հատվածում, որտեղ հաջողություններն առանձնապես մեծ չեն, իսկ ավելի ճիշտ՝ կորուստներն են շատ: Ենթադրվում է, որ սիրիական նոր հարձակումը թուրքերը չեն սկսի երկրորդ ճակատ չբացելու համար, ուստի այն կմեկնարկի Իրաքի տարածքում իրականացվողը որոշակիորեն ցանկալի արդյունքներով ավարտելուց կամ ընդհատելուց հետո միայն:
Հնարավոր է, որ ժամկետների կամ ավելի ճիշտ դեռևս չսկսելու պատճառը «երրորդ երկրների» արձագանքներն են, որոնք թուրքական իշխանություններին կոչ են անում զերծ մնալ տարածաշրջանը հերթական ցնցման ենթարկելու մտադրությունից, սակայն մի կողմից՝ Թուրքիան, կարծես, այլընտրանք չունի, մյուս կողմից՝ «երրորդ երկրները» թուրքական նոր «արշավանքի» հարցում իրենց շահերն ունեն:
ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Ահաբեկչության դեմ պայքարն իր ագրեսիաները քողարկելու համար դրոշակ դարձրած թուրքական իշխանությունն այս անգամ ևս չի հապաղում սպասվող ռազմագործողության համար այդօրինակ հիմնավորումներ ներկայացնել՝ տպավորություն ստեղծելով, թե սիրիական հյուսիսային շրջաններում (այդ թվում՝ հայաբնակ) մեծամասամբ ահաբեկիչներ են բնակվում:
Մի կողմ է դրվում այն, որ բազմաթիվ այդպիսի կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչներն իրենց դաժանությամբ աչքի են ընկել ոչ միայն Սիրիայում, այլև Լիբիայում, Արցախի դեմ պատերազմում և այլ տարածաշրջաններում, հենց թուրքամետ ուժեր են և գործում են թուրքական զինուժի հետ համաձայնեցմամբ, որոշ դեպքերում նաև՝ նրանց համակարգմամբ: Ինչպես արդեն նշել ենք՝ նրանք իրենց մասնակցությունն են ունենալու նոր ռազմագործողությանը՝ կռվելով թուրքական կողմից:
Ահաբեկիչներ ասելով Անկարայում, բնականաբար, նկատի ունեն քրդերին, որոնք իբրև զինված են և հարձակումներ են գործում Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերի վրա: Սակայն ակնհայտ է, որ խոսքն իրականում ոչ թե ահաբեկիչների, այլ իրենց իսկ ինքնապաշտպանության նպատակով զենքը ձեռքը վերցրած քրդական տարբեր միավորների մասին է, որոնց աճող կազմակերպվածությունն ու ռազմական առումով զորացումն իսկապես ազգային անվտանգության հարց է Թուրքիայի Հանրապետության համար: Թիրախը տվյալ դեպքում ինքնահռչակ և փաստացի ինքնակառավարվող Ռոժավան է (քրդ. թրգմ.՝ «արևմուտք», պաշտոնապես՝ Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավարություն, հայտնի է նաև «Սիրիական Քուրդիստան», «Արևմտյան Քուրդիստան»), որի մի զգալի մասն արդեն իսկ զբաղեցված է թուրքական ուժերով։
Անկարան նախատեսում է Ռոժավայի տարածքում հերթական անվտանգության գոտին ստեղծել, որը կձգվի սիրիական Թել-Ռիֆաթ և Մանբիջ քաղաքների միջև, թուրքական սահմանից 30 կմ խորության վրա: Սա, ըստ թուրքական մեկնաբանության, թույլ կտա այդ տարածքում փախստականների վերադարձ ապահովել, որոնց խնդրի վերաբերյալ Էրդողանը բազմիցս մեղադրել է եվրոպական երկրներին՝ «մատ թափ տալով» փախստականների հարցում Թուրքիային անհրաժեշտ աջակցությունը չցուցաբերելու համար:
Սակայն 30 կմ խորությունը Թուրքիային կարող է ծառայեցնել Սիրիայում ավելի մեծ ազդեցություն ձեռքբերելու և ոչ մարդասիրական նպատակներով: Այսպես, մի կողմից՝ այդ տարածքում թուրքական իշխանություններն ամենայն հավանականությամբ ժողովրդագրական պատկերի վերափոխում կիրականացնեն, ինչպես արդեն վարվել են մյուս «անվտանգության գոտիներում»՝ բնակեցնելով թրքալեզու ժողովուրդների, վարչարարությունն իրականացնելով բացառապես թուրքերենով, ուսումնական, մշակութային և այլ հաստատությունները լիովին թրքացնելով, կիրառության մեջ դնելով թուրքական լիրան: Մյուս կողմից, նրանք քաղաքական ու տնտեսական արդյունքների կհասնեն՝ վերահսկողություն հաստատելով այդ շրջաններով և/կամ նրանց հարևանությամբ անցնող ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ՝ մոտենալով ընդհուպ սիրիական պետության կարևոր կենտրոնի՝ Հալեպի մատույցներին:
ՀՆԱՐԱՎՈՐ ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Որոշակիորեն հիմնավոր ենթադրություններ կան պնդելու, թե թուրքական նոր ռազմագործողությունը չի կրկնելու նախորդների հաջողությունը, իսկ ավելի հստակ՝ ձախողվելու է: Տվյալ դեպքում ձախողում ասելով պետք է նկատի ունենանք ոչ թե պարտությունը, այլ ի վերջո հայտարարվող ու չհայտարարվող նպատակների մեծ մասի իրագործումը, սակայն թուրքական պետության ու ղեկավարության համար նշանակալի կորուստների ու դժվարությունների գնով:
Այստեղ կարող ենք զուգահեռներ տանել Ուկրաինայի դեմ ռուսական «հատուկ գործողության» հետ, որն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել ընդամենը մի քանի օրում՝ Կիևի գրավմամբ, սակայն, ինչպես տեսանք, փետրվարի 24-ից շուրջ 5 ամիս է անցել, իսկ ռուսական բանակը դեռևս սահմանամերձ շրջաններում է մարտեր վարում՝ առանձին հատվածներում կրելով մարդկային ու նյութական էական կորուստներ: Նույն կերպ թուրքական զինուժը կարող է լուրջ անհաջողություններ ունենալ Սիրիայում՝ մի շարք պատճառներով:
Նախ, նախորդ 3 ռազմագործողությունների ժամանակ թուրքերը և նրանց աջակցող ահաբեկչական խմբավորումները գործում էին «ազատ գոտում»՝ չհանդիպելով դիմադրություն ցույց տալու ի վիճակի, կազմակերպված ու զինված քրդական զորախմբերի և առաջ էին շարժվում հիմնականում խաղաղ բնակավայրերը ոտնատակ տալով ու նրանց բնակչությանը ոչնչացնելով: Մինչդեռ այսօր Սիրիայի քրդական համայնքն առավել քան երբևէ կազմակերպված է, նախկին փոքրաքանակ խմբերն ինքնապաշտպանական մարտերում կոփվել են, հմտացել, ռազմական փորձառություն ձեռք բերել և, որ ամենակարևորն է, միավորվել ավելի մեծ խմբերում: Բացի այդ իրենց համայնքներն ահաբեկիչներից պաշտպանելու համար ոտքի ելած քրդերը ներկայումս անհամեմատ ավելի զինված են, տիրապետում են ոչ միայն խորհրդային ինքնաձիգերի մեծ քանակության, այլև ամերիկյան խողովակներով ձեռքբերված արևմտյան մի շարք զինատեսակների ու տեխնիկական միջոցների: Եվ չի բացառվում, որ թուրքական ռազմագործողության ընթացքում քրդերն Ուկրաինայի օրինակով պարբերաբար զենքի նոր խմբաքանակ կստանան կամ կդաշնակցեն սիրիական կանոնավոր բանակի և/կամ այլ ուժերի հետ:
Երկրորդ․ Թուրքական ուժերը ներկայումս ռազմական գործողություններ են իրականացնում Իրաքի հյուսիսային՝ քրդաբնակ և եզդիաբնակ շրջաններում («Իրաքյան Քուրդիստան»): Եվ երկու ճակատով կռվելը նրանց համար առավել բարդ կլինի: Ընդ որում, Իրաքյան Քուրդիստանի տարածքում թուրքերն արդեն իսկ դժվարությամբ են գործում՝ բարդ տեղանքի և քրդական զինված խմբերի պատճառով կրելով մեծ կորուստներ, որոնց ապացույցները տեսանյութերով բազմիցս տարածվել են համացանցում: Ամենայն հավանականությամբ, ինչպես արդեն նշվել է, թուրքերը Սիրիայում նոր ռազմագործողությունը չեն սկսի, քանի դեռ չեն ավարտել կամ որոշակի պայմաններում ընդհատել «իրաքյան» գործողությունը:
Երրորդ․ 2016-2021թթ. ընթացքում թուրքական զինուժը Սիրիայի տարածքում չի հանդիպել սիրիական կանոնավոր բանակի դիմադրությանը, քանի որ մասնատված ու ջլատված երկրի պայմաններում չէր գործում կենտրոնական հրամանատարությունը, իսկ առկա քիչ թե շատ մարտունակ ստորաբաժանումները պայքարում էին «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ: Մինչդեռ այսօր սիրիական բանակն անհամեմատ զորացած է, ծանր մարտերում մկրտված, համալրված, և նախկին տարիների համեմատ նրա առաջ դրված խնդիրներն ավելի քիչ են՝ հաշվի առնելով թե´ որոշակի կայունությունը երկրում, թե՛ ահաբեկչության ծավալների զգալի նվազումը:
Չորրորդ․ Նախորդ տարիների ընթացքում թուրքական ուժերը գործում էին սիրիական այն տարածքներում, որտեղ Դամասկոսի «ձեռքն» ի զորու չէր հասնել նախորդ հանգամանքի պատճառով, սակայն այժմ արդեն Անկարան մտադիր է հատել սիրիական պետության կարմիր գիծը՝ անցնելով նրա համար կենսական նշանակություն ունեցող սահմանը: Տվյալ դեպքում խոսքը Մանբիջ քաղաքով անցնող գլխավոր մայրուղու, այդ նույն հատվածում գտնվող էներգետիկ և այլ ենթակառուցվածքների մասին է: Բացի այդ Մանբիջի գրավմամբ թուրքական զինուժը փաստացի անմիջական վերահսկողություն կհաստատի Եփրատ գետի և նրա Սաջուր վտակի հատվածում՝ տիրանալով ջրային զգալի ռեսուրսների, իսկ Թել-Ռիֆաթի գրավմամբ՝ կհայտնվի արդեն Հալեպ քաղաքից ընդամենը 40-50 կմ հեռավորության վրա: Այս ամենը հաշվի առնելով՝ պաշտոնական Դամասկոսն արդեն իսկ հանդես է եկել կոշտ նախազգուշացմամբ՝ լրացուցիչ ուժեր ուղարկելով Մանբիջ և հայտարարելով թուրքական բանակին ռազմական դիմադրություն ցուցաբերելու վճռականության մասին:
Հինգերորդ. Սիրիական և քրդական ուժերի համագործակցությունը, տվյալ դեպքում դաշնակցությունն ընդդեմ Թուրքիայի, որը մինչ օրս կյանքի չի կոչվել որոշակի տարաձայնությունների պատճառով, թուրքական ռազմագործողության պարագայում կարող է իրատեսական դառնալ՝ Անկարային պարտադրելով մի քանի ճակատով գործել: Ընդ որում, այդ դաշնակցության կարևոր պայման կարող է դառնալ ինքնորոշման թույլտվությունը քրդական դաշնային կազմավորում ստեղծելու համար, ինչը, անշուշտ, մեծ խթան կհանդիսանա քրդական այլ կազմակերպությունների ու առաջնորդների (այդ թվում՝ Սիրիայից դուրս գործողների) ոգևորության ու քրդական պետության ստեղծման նոր հնարավորության շուրջ միավորման համար:
Վեցերորդ. Կարևոր է արտաքին դերակատարների դիրքորոշումը թուրքական 4-րդ ռազմագործողության վերաբերյալ: Նրանց շահերին առանձին անդրադառնալու պայմանով՝ նշենք, որ Սիրիայում և հատկապես սպասվող ռազմագործողության գոտում կենսական նշանակության անմիջական հետաքրքրություններ ունեն միաժամանակ ԱՄՆ-ը, ՌԴ-ը և ԻԻՀ-ը, իսկ ոչ անմիջական՝ ավելի հեռավոր տարածաշրջանների երկրներ ևս, որոնցից յուրաքանչյուրը գործնականում կարող է ռազմագործողության որոշակի փուլում, Ուկրաինային ցուցաբերվող աջակցության օրինակով, զենք մատակարարել ինչպես Սիրիային, այնպես էլ քրդերին:
Այսպիսով, նշվեցին վեց տարբեր պատճառներ, որոնք էականորեն մեծացնում են թուրքական ռազմագործողության ձախողման կամ առնվազն էական կորուստներով ուղեկցման հավանականությունը: Ընդ որում, դրանք կարող են կյանքի կոչվել ոչ թե կամ-կամ, այլ և-և սկզբունքով, որոնց կարող են գումարվել նաև չթվարկված նոր պատճառներ:
«ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԸ» ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Միացյալ Նահանգների ազդեցության գոտին Սիրիայում ներառում է հիմնականում հարավ-արևմտյան՝ Հորդանանի և Իրաքի հետ սահմանակից շրջանները: Թուրքական սպասվող գործողությունները հեռու են ամերիկյան ուժերի տիրույթից, սակայն Վաշինգտոնն իր էական շահերն ունի ամբողջ Սիրիայում: Այսպես, չնայած Էրդողանի հայտարարության վերաբերյալ ամերիկյան կողմի բացասական արձագանքին, նոր ռազմագործողություն սկսելու մասին հրապարակային անհամաձայնությանը՝ Միացյալ Նահանգների համար որոշ դրվագներով ձեռնտու կլինի թուրքական ռազմագործողությունը:
Դրանցից մեկը Թուրքիայի «զբաղվածությունն» է՝ քրդական ուժերին աջակցելով թուրքերին պարտադրել մեծ հաջողություններ չունենալ՝ դրանով նաև խոշոր հաշվով զսպելով Անկարայի հավակնություններն ինչպես Հունաստանի նկատմամբ գործողություններում, այնպես էլ աշխարհաքաղաքական դերակատար դառնալու հարցում: Ռազմագործողությունը, ամերիկյան ենթադրյալ հաշվարկով, Թուրքիային կպարտադրի առճակատվել ռուսական ու իրանական շահերի հետ՝ առաջինի պարագայում կասեցնելով վերջին շրջանում արձանագրվող ջերմացումը, երկրորդի դեպքում՝ նվազեցնելով Դամասկոսի նկատմամբ Թեհրանի ազդեցությունը: Թուրքական ռազմագործողության անհաջողության վրա ազդելու հնարավորությունն այս պարագայում դիտարկվում է՝ հաշվի առնելով քրդական ուժերին ցուցաբերվող աջակցությունը, ինչի մասին թուրքական կողմը բազմիցս անհանգստություն է հայտնել:
Ընդ որում, կա պնդում, թե Թուրքիան ամերիկյան ծրագրերին դիմակայելու նպատակով է հարկադրված դիմում այս քայլին: Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին (1979-1989թթ.) դեսպան Մուստաֆա Շյուքրյու Էլեքդաղի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված «Մեծ Քուրդիստան» ծրագրի 2-րդ փուլն է ներկայումս իրականացվում՝ քրդերի զինմամբ, իսկ 3-րդ և 4-րդ փուլերը վերաբերելու են Թուրքիային և Իրանին: Ուստի դիվանագետի համոզմամբ՝ Անկարայի նոր ռազմագործողության նպատակը Սիրիայում այդպիսի «կայազորային պետության» ստեղծումը տապալելն է:
Ռուսաստանի դեպքում թուրքական ռազմագործողությունը ոչ այնքան ձեռնտու է, որքան կարող է սակարկության առիթ դառնալ Ուկրաինայի հարցում: Հաշվի առնելով նախորդ օրերին հնարավոր ռազմագործողության տարածքում ռուս-սիրիական համատեղ զորավարժությունները և արված հայտարարությունները՝ նկատելի է, որ Մոսկվան փորձում է այս ուղղությամբ բարձրացնել «սակագները»: Սակայն որքան էլ մեծ փոխհատուցում ստանա սևծովյան ավազանում՝ ակնհայտ է, որ Մոսկվան չի կարող մեծ զիջումների գնալ Սիրիայում: Պատճառը ռուս-սիրիական դաշնակցությունն ու տվյալ տարածքների կարևորությունն են: Այս դեպքում ռուսների համար նույնպես ցանկալի կլինեն թուրքական ուժերի կորուստները, անհաջողությունները, որոնց Մոսկվան կարող է նպաստել սիրիական բանակին ցուցաբերվող բացահայտ ու քողարկված աջակցությամբ (հետախուզական տվյալներ, սպառազինություն, մասնագետներ և այլն):
Թուրքիան և Իրանը տարածաշրջանում, ի թիվս այլ հարցերի, կենսական շահեր ունեն ևս մեկ հարցում՝ քրդական պետության ստեղծման: Դա երկուսն էլ համարում են իրենց ազգային անվտանգության համար սպառնալիք, սակայն դրա դեմ պայքարի վերաբերյալ յուրահատուկ մոտեցումներ ունեն: Թեհրանը, ճիշտ է, մինչ այժմ կտրուկ չի արձագանքել թուրքական «արշավանքներին» և´ Սիրիայում, և´ Իրաքում, կարելի է ասել՝ հանդուրժել է «քրդական միջանցքի» տապալումը (այստեղով պետք է անցներ իրանական գազը Եվրոպա հասցնող խողովակը, որն այժմ Թուրքիան մտադիր է փոխարինել քաթարական խողովակով), սակայն Թել-Ռիֆաթն ու Մանբիջն արդեն էական հակասություն են առաջացնում թուրք-իրանական հետաքրքրություններում, քանի որ խոսքն այստեղ վերաբերում է Սիրիա պետության գոյությանը և նրա նկատմամբ իրանական ազդեցությանը: Ասադի վարչակազմին մեծապես աջակցող Թեհրանը չի կարող անմասն մնալ նրա և թուրքական բանակների միջև բախումից, առավել ևս՝ վերջինիս հաջողության դեպքում Հալեպի մատույցների ու ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության հաստատումից: Հիշեցնենք, որ Մանբիջով է անցնում Հալեպը սնուցող և Սիրիայի արևելյան շրջանների հետ կապող ռազմավարական նշանակության Մ4 մայրուղին:
Իրանը թուրքական նոր գործողությունների պարագայում կարող է նաև չառարկել Ասադ-քրդեր դաշինքը՝ փորձելով խուսափել թուրքական զորքերի հետ իր ստորաբաժանումների առճակատումից: Ամեն դեպքում իրանական կողմին ձեռնտու է թուրքական զորքի ծանրաբեռնվածությունը, և դրանք խորացնելու, ռազմագործողության երկարատև, հյուծիչ ընթացքն ապահովելու նպատակով կմեծացնի աջակցությունը սիրիական բանակին: Այստեղ համընկնում են նաև Իրանի և Ռուսաստանի շահերը, որոնք համատեղ հայտարարությամբ հանդես եկան Նուր-Սուլթանում (նախկին՝ Աստանա) ս.թ. հունիսի 15-ին՝ Սիրիայի հարցի կարգավորման 18-րդ փուլի հանդիպման շրջանակներում՝ Աստանայի ձևաչափի երրորդ մասնակից Թուրքիային կոչ անելով զերծ մնալ ռազմական գործողություններից և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Սիրիական հակամարտության հարցում չենք կարող հաշվի չառնել մեկ այլ կարևոր դերակատարի՝ Իսրայելի հետաքրքրությունները: Վերջին շրջանում ակտիվացած թուրք-իսրայելական մերձեցումը վկայում է, որ Երուսաղեմը, ի դեմս Անկարայի և նրա ձեռամբ, մտադիր է թեժացնել սիրիական օջախը՝ վերջնականապես չեզոքացնելու իր հյուսիսային սպառնալիքին և նոր խնդիրներ ստեղծելու Իրանի համար: Բայց այստեղ, ըստ երևույթին, Իսրայելը պետք է ունենա իր հաշվարկները: Այսպես, հայտնի է, որ Քուրդիստանի ստեղծման հարցում հրեական պետությունը ևս շահագրգիռ է, իսկ Թուրքիան՝ խոչընդոտ: Ուստի վերջինիս ներքաշելով առավել ծանր ռազմական գործողության մեջ, նրա թուլացումն ու քրդերի միավորումը համադրելով՝ հնարավոր կլինի տեղաշարժել այդ գործընթացը, օրինակ, սիրիական տարածքում քրդական պետության մասնաբաժնի ընդարձակմամբ:
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵԼ
Ամփոփելով նախորդ կետերում նշված տեղեկությունները, կարծիքներն ու այդ ամենի հիման վրա արված որոշակի ենթադրությունները՝ կարելի է կանխատեսել հետևյալը.
1.Թուրքական զինուժն ամեն դեպքում հարկադրված է նոր ռազմագործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Թուրքիան պարտադրված է գնալ դրան՝ հաշվի առնելով իր ազգային անվտանգության սպառնալիքը՝ ի դեմս քրդական գործոնի ակտիվացման, այլ տարածաշրջաններում սակարկության անհրաժեշտությունը, էներգետիկ միջանցք դառնալու հավակնությունները և այլն:
2.Թուրքական նոր ռազմագործողության մեկնարկը ձեռնտու է Սիրիայում առաջնային հետաքրքրություններ ունեցող կողմերի համար, որոնց մեծ մասը, չնայած զսպման բովանդակությամբ կոշտ հայտարարություններին, այլ խողովակներով ոգևորելու են Անկարային, իսկ որոշները գուցե կխոստանան աջակցել կամ առնվազն չխոչընդոտել:
3.Թուրքական զինուժը, սակայն, ավելի լավ զինված քրդական միավորների և առավել կազմակերպված ու վճռական տրամադրված սիրիական բանակի ուժեղ դիմադրության, նրանց ցուցաբերվելիք արտաքին օժանդակության (որն ընթացքում կարող է մեծանալ) արդյունքում լրջագույն ու մինչ օրս աննախադեպ կորուստներ կարող է կրել, իսկ նախատեսվածից ավելի երկար կռվելու պարագայում՝ հյուծվել: Նմանօրինակ ընթացք ունի ներկայում ռուսական «հատուկ գործողությունն» Ուկրաինայի տարածքում, որտեղ ռուսական զինուժը մեծ դժվարությամբ է գործում՝ կրելով հսկայական կորուստներ: Ընդ որում, սիրիական հատվածում նման դիպաշարի իրագործման դեպքում չպետք է բացառենք Թուրքիայում հեղաշրջման (այդ թվում՝ ռազմական) նոր փորձերի հավանականությունը:
4.Ամեն դեպքում անկանխատեսելի վերջնարդյունք ունեցող նկարագրված հնարավոր դիպաշարը բացասաբար է անդրադառնալու ամբողջ տարածաշրջանի վրա՝ լարվածության նոր օջախ ստեղծելով, ահաբեկչական նոր շարժումներ առաջացնելով, մարդասիրական նոր ճգնաժամերի հանգեցնելով (ինչը մեր դեպքում անհանգստացնող է նաև տվյալ տարածքում հայկական համայնքի առկայությամբ պայմանավորված), սակայն դրական կողմեր նույնպես կարող է ունենալ, եթե հաշվի առնենք թուրքական ուժերի հնարավոր անհաջողությունները, կորուստները և ներքաշումը քայքայիչ գործընթացներում՝ առկայության դեպքում տապալելով կամ հետաձգելով դեպի արևելք թուրքական հավակնությունները:
Վահրամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ժողովրդավարության XVII դպրոցի շրջանավարտ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)