Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մշակվող «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի վերաբերյալ քաղհասարակության առաջարկությունները հաշվի չեն առնվել։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։
Նա նշեց, որ ռազմավարության առաջին նախագծում քաղհասարակության համար մի շարք խնդրահարույց դրույթներ կային, ծավալուն փաստաթուղթն ուսումնասիրել, են, առաջարկություններ են ներկայացրել մշակողին, ապա ներկայացվել է 2-րդ նախագիծը, եւ պարզվել՝ քաղհասարակության առաջարկները հաշվի չեն առնվել։ Հետո, ըստ Բուռնազյանի, այս 2-րդ փաստաթուղթն էլ են ուսումնասիրել, առաջարկություններ ներկայացվել, ու կրկին հաշվի չեն առնվել դրանք։ Նույնը կատարվել է ներկայացված 3-րդ նախագծի դեպքում։ 4-րդը դեռ չեն ստացել։
«Խնդրահարույց կետերից մեկն այն է, որ մշակողներն առաջարկում են համայնքների նկատմամբ իրավական հետեւանք սահմանել՝ եթե տապալում են հանրային լսումները։ Խնդիրն այն է, որ փաստաթղթում նշած այն փաստարկը, որ պետությունը պետք է աջակցի ե՛ւ համայնքին, ե՛ւ ընդերք օգտագործողին հասարակական լսումների իրականացման փուլում, իրար հասկանան եւ այլն, նման բաներ է գրված, բայց եթե համայնքը դեմ է ծրագրին եւ ուզում է իր կարծիքն արտահայտել, որեւէ դրույթ չկա, թե ինչ պետք է արվի, եթե համայնքը դեմ է, որովհետեւ լսումների տապալումը համայնքի դիրքորոշման իրացում է։ Ռազմավարության մեջ նշվում է, որ պետությունը պետք է դիրքորոշում հայտնի տվյալ ծրագրի մասին, սա նշանակում է, որ եթե պետությունը դիրքորոշում է տալիս, համայնքի կարծիքը հաշվի չի առնելու, ոտնահարվելու են համայնքի բնակիչների իրավունքները եւ ճնշում է գործադրվելու համայնքի նկատմամբ՝ իրավական հետեւանքների տեսքով»,-ասաց Բուռնազյանը։
Նրա խոսքով՝ հանրային լսումների ընթացակարգը պետք է բարեփոխվի, որպեսզի համայնքն իրապես մասնակցի, եւ դեմ կամ կողմ արտահայտվի, բայց խնդիր է, թե համայնքի դեմ ձայնն ինչպես է օգտագործվելու, սա հստակ կարգավորված չէ փաստաթղթում։
Կարդացեք նաև
«Մենք առաջարկել ենք հանել հողօգտագործման իրավունքի հետ կապված դրույթը։ Այս առաջարկը ՏԿԵՆ-ից է եղել, տեխնիկական առաջադրանքում նշվել է՝ որպեսզի խորհրդատու ընկերությունը դիտարկի՝ արդյոք հնարավո՞ր է որպեսզի հողը պարզեցված ընթացակարգով տրվի ընդերքօգտագործողին, խորհրդատուն էլ նշել է մի շարք տարբերակներ, թե ինչպես կարող է տրվել; Քանի որ Հայաստանում ընդերքը պետությանն է, հողը համայնքինը կամ մասնավորինն է, այս դեպքում համայնքն ու մասնավորը պետք է որոշի հողի ճակատագիրը։ Այստեղ փորձ է արվում, որ ընդերքօգտագործման թույլտվությունից հետո պարզեցված ընթացակարգով հողը տալի ընկերությանը, սրանով խախտվելու է մարդու սեփականության իրավունքը, ինչը Սահմանադրությամբ է պաշտպանված»,-նկատեց Բուռնազյանը։
Նա ասաց, որ ռազմավարությամբ սահմանվում է, որ ՇՄԱԳ գործընթացից հետո պարզեցված եղանակով տրվեն նաեւ ջրօգտագործման, ջրահեռացման, օդի աղտոտման թույլտվությունները․ «Բայց այստեղ կոնկրետ ջրօգտագործման հետ կապված էլի խնդիր ենք ունենալու, որովհետեւ ջուրը ոչ միայն հանքաարդյունաբերությանն է, այլ տարբեր առաջնահերթություններ կան։ Եթե ավտոմատ պետք է թույլտվություն տան, ապա ստորադասվելու են մյուս օբյեկտների իրավունքները հանքարդյունաբերությանը։ Սա խնդրահարույց է։ Ընդ որում` մեզ մոտ ՇՄԱԳ գործընթացը բարձր պրոֆեսիոնալիզմով չի իրականացվում։ Վառ օրինակ է Ամուլսարի ծրագիրը, երբ պետությունը 450 հազար դոլար տվեց միջազգային փորձաքննության համար, մեր պետական մարմիներն էլ փաստեցին, որ չունենք այդքան փորձագետներ»։
Բուռնազյանի ներկայացմամբ՝ քաղհասարակությունն առաջարկել է համայնքի փոխհատուցման ապահովման մեխանիզմ ներդնել, քանի որ կան վնասի դեպքեր․ ներկայացվի տնտեսական օգուտի եւ վնասի հաշվարկ՝ արդյոք այդ տարածաշրջանի համար հանքի շահագործումը եւ դրա տնտեսական օգուտը կամ վնասը համարժեք են, ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ կտա․«Հանքի շահագործման հետեւանքով տնտեսական վնասներ են լինում, գնահատվում է այն, բայց չի փոխհատուցվում։ Այդ վնասն արտահայտվում է հողի, ջրի, օդի աղտոտմամբ, անտառահատումներով, գետերը խողովակների մեջ են վերցնում։ Սա եւս տնտեսական վնաս է։ Համայնքներ կան, որ չեն կարողանում հողը մշակել, բերքը չեն կարողանում իրացնել, որովհետեւ այդ համայնքի բնակիչ են, մարդիկ կան, իրենց տունը չեն կարողանում վաճառել, որովհետեւ իրենց տունը գտնվում է պոչամբարի հարեւանությամբ։ Սրանք խնդիրներ են, որոնք պետք է համալիր դիտարկել, ոչ թե ասել՝ ընկերությունը լավ պայմաններ է ստեղծում համայնքում, այգի է տնկում, ճանապարհ նորոգում։ Ընդերքօգտագործողները գալիս են խոստումներ են տալիս, համայնքը ոգեւորված սպասում է աշխատատեղերի, բայց մեկ տարի հետո հեռանում է։ Չկա պատասխանատվություն այդ ընկերության նկատմամբ։ Սրա մասին ռազմավարության նախագծում խոսք չկա»։
Վիկտորյա Բուռնազյանն ասաց, որ նախագծում կան նաեւ դրական կետեր, օրինակ՝ լքված պոչամբարների խնդրի մասին, լցակույտերի մաքրման աշխատանքներ պետք է կատարվեն, նշվում է, թե ինչպես պետք է իրականացվի հանքի փակումը, նշված է, որ շրջակա միջավայրի վնասը նվազագույնի պետք է հասցվի եւ այլն։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի