Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեղադրական դատավճիռ՝ Գուգարքի համայնքապատկան հողամասը ապօրինի վարձակալության հանձնելու գործով

Հուլիս 19,2022 14:36

Լոռու մարզի Գուգարքի համայնքապատկան հողամասերն օրենքի խախտմամբ և պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:

Քննությամբ հիմնավորվել էր, որ 2005թ.-ից մինչև 2020թ. Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա. Աշուղյանը, 2007թ. ի պաշտոնե տեղեկացված է եղել համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատոր ընկերության կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին:

Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով՝ համայնքի ղեկավարը համապատասխան մրցույթային հանձնաժողով ստեղծելու և մրցույթ անցկացնելու հիմքեր ստեղծելու նպատակով պահանջել է կնոջը՝ Ն. Քոչարյանին, նշված հողատարածքը վարձակալելու մտադրության մասին համապատասխան դիմում ներկայացնել համայնքապետարան: Ապա նա անձամբ նախաձեռնել է հողատարածքի հատակագծման աշխատանքները և ստեղծել մրցույթային հանձնաժողով:

Գլխավորելով մրցույթային հանձնաժողովը՝ համայնքի ղեկավարը կազմակերպել և անցկացրել է նշված հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակից հանդիսացող Ն. Քոչարյանը: Վերջինիս հետ 2007թ. հունիսի 1-ին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականության 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 50 տարի ժամկետով և տարեկան ընդամենը 2.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրվել նրան:

Այնուհետև վարձակալության պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007թ.ի հուլիսի 20-ին, Ա Աշուղյանը կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1.020.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցության ընկերությանը: Արդյունքում մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպությունից, փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց, նրա ընտանիքը ստացել է ընդհանուր 12.489.500 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Գուգարք համայնքի իրավունքներին և օրինական շահերին:  Համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի եկամուտ ստանալու և հողամասն իր նպատակային ու գործառնական նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից:

Վերոնշյալ արարքի համար Ա. Աշուղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քրեական գործը 2020թ. դեկտեմբերին համայնքի ղեկավարի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դեռևս նախաքննության ընթացքում Ա. Աշուղյանը համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնել է:

2022թ. հուլիսի 14-ին կայացված դատավճռով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքների կատարման համար և դատապարտվել 3 տարի ժամկետով ազատազրկման՝ տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա ստորաբաժանումներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով:

Սակայն նկատի ունենալով ամբաստանյալի տարիքը, առողջական խնդիրները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերականգնել է համայնքին պատճառված վնասը, անձը զղջացել է արարքի համար և աջակցել հանցագործության բացահայտմանը՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան:

Մարզի դատախազության կողմից մարզպետին ներկայացված միջնորդագրի արդյունքում նաև լուծվել է կքված վարձակալության պայմանագիրը և համայնքի ու հեռահաղորդակցության օպերատոր ընկերության միջև կնքվել է վարձակալության նոր պայմանագիր, ինչով վերականգնվել են համայնքի խախտված իրավունքները:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031