Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրի քաղբանտարկյալները սակա՞վ սպիտակ են, քան Բելառուսի քաղբանտարկյալները… ». Հովհաննես Իշխանյան

Հուլիս 19,2022 14:28

Այսօր «Դիմադրության» շարժման անդամները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված քաղաքացիների:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում նիստի ժամանակ մահացավ:

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, ցույց տալով ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքը, հիշեցրեց, որ ՄԱԿ-ը մարդու իրավունքների պաշտպանության համար է, ժամանակ առ ժամանակ զեկույցներ է պատրաստում, հորդորում ազատել քաղբանտարկյալներին. «Օրինակ, այս տարվա մարտին հորդորել են Բելառուսին ազատել քաղբանտարկյալներին: Հորդորում են Իրանին ազատել քաղբանտարկյալներին: Բայց Հայաստանում արդեն 4 տարի է՝ իշխանությունները շինծու գործեր են սարքում, ապօրինաբար մարդկանց նետում են բանտերը, դրա ապացույցն է նաեւ այն, որ այդ գործերը չեն ապացուցվում, սակայն ՄԱԿ-ի համար այս մարդիկ գոյություն չունեն: Սրանից ինչ ենք ենթադրում, որ մեր երկրի քաղբանտարկյալները, որոնք ապօրինի են նստում, սակա՞վ սպիտակ են, քան Բելառուսի քաղբանտարկյալները»:

Նա նշեց, որ արդեն 3 քաղբանտարկյալ ունենք, որոնք զրկվել են կյանքի իրավունքից այս իշխանությունների օրոք, բայց նրանց չեն դատապարտում ոչ ՄԱԿ-ը, ոչ մարդու իրավունքները պաշտպանող մյուս կազմակերպությունները. «Առաջինը Մհեր Եղիազարյանն էր, հետո Մանվել Գրիգորյանը, որը բանտային պայմաններից մահացավ եւ Արմեն Գրիգորյանը, որին կալանավորել էին այն բանի համար, իբրեւ թե ազգամիջյան թշնամանք է հարուցում: Մենք գիտենք, չէ՞, ոնց են համակարգված ատելություն քարոզում Արցախի հայերի նկատմամբ, բոլորս գիտենք՝ չեն կռվել, փախել են եւ այլն…Այդ ամենը արվում է Արցախը Հայաստանից պոկելու համար, որ Հայաստանի քաղաքացիները հաշտվեն, որ Արցախը պետք է հանձնեն: Այս բոլոր շղթաներից մի բան է հետեւում, որ ՄԱԿ-ը եւս մասն է այն խմբի, որը փորձում է Արցախը Հայաստանից պոկել: Մեր բոլոր քաղբանտարկյալները այն մարդիկ են, որոնք նվիրված են Արցախին, կա՛մ Արցախի պատերազմի մասնակիցներ են, կա՛մ հերոսներ են, կամ քաղաքական գործիչներ են, որոնք նպաստել են Արցախի ազատագրմանը, կա՛մ մտավորականներ են, օրինակ, Արմեն Գրիգորյանը, որը այս լռության պատճառով կյանքից հեռացավ: Ու այստեղ հարց է առաջանում՝ այդ դեպքում, եթե մեր հայրենակիցները, որոնք նվիրված են հայերի պաշտպանությանը, աջակցություն չեն ստանում այն կառույցներից, որոնք նվիրված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարությանը, այդ դեպքում ի՞նչ գործ ունեն այստեղ: Ինչի՞ համար պետք է այս կառույցում մարդիկ աշխատեն, որոնք նպաստեն մեր անվտանգության եւ իրավունքների ոտնահարմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031