Թբիլիսիում Միրզոյան-Բայրամով հանդիպման նախօրեին Ալիեւը հերթական պատերազմի սպառնալիքը հնչեցրեց:
Բաքվի առաջնորդը Հայաստանին եւ Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները չկատարելու մեջ, մասնավորապես՝ այն բանում, թե իբր նախատեսված էր մինչեւ 2022 թ. հունիսը ՀՀ քաղաքացի համարվող զինծառայողներին դուրս բերել Արցախից: Անժխտելի փաստ է, որ արդեն չորրորդ զորակոչն է, որ Հայաստանից ժամկետային զինծառայողներ չեն մեկնում Արցախի Հանրապետություն, եւ այնտեղից ժամկետայինների վերջին զորացրումն է այժմ իրականացվում: Ինչ նկատի ունի Ալիեւը ՀՀ զինված ուժեր ասելով՝ թերեւս միայն ինքը կարող է մեկնաբանել:
ՀՀ-ից եւ ՌԴ-ից պահանջելով կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետը, Ալիեւը խոսքը հանգեցրեց իր՝ հաղթող կողմ լինելու մասին պնդմամբ՝ կրկին փորձելով քողարկել հանրահայտ ճշմարտությունը, որ պատերազմի ելքը ապահովել է Էրդողանը, ոչ թե ինքը: Հրադադարի եռակողմ հայտարարության մեջ գրված չէ, որ Արցախը չպետք է ունենա զինված ուժեր, որովհետեւ այն ուղղակիորեն կնշանակի ցեղասպանության վտանգի ենթարկել արցախահայությանը: Այստեղ հատկանշականն այն է, որ Ադրբեջանն արդեն ուղղակիորեն ՌԴ-ին է մեղադրում եռակողմ համաձայնությունը չկատարելու հարցում: Կամ Ալիեւն առյուծի «սիրտ է կուլ տվել», կամ նրան թույլ են տվել ու դրդել նման կոշտ մեղադրանքներ հնչեցնելու, ինչը, անկախ ամեն ինչից, նաեւ հիմնազուրկ է ու սուտ, քանի որ ՀՀ-ն Արցախում զինված ուժեր չունի: Մյուս կողմից էլ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հաղթանակի կամ պարտության մասին չէ, այլ հրադադարի փաստագրում է:
Արցախյան 35 տարվա հակամարտությունը արցախցու իրավունքների պաշտպանության համար պայքար է, այն չի լուծվել առաջին եւ երկրորդ պատերազմներում, չի լուծվել նաեւ 44-օրյայի հետեւանքով, եւ հիմա պոստֆակտում հրադադարի հայտարարությանը հաղթաթղթի կարգավիճակ տալու փորձն ընդամենը Բաքվի առաջնորդի մանր խարդախություններից է: Հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի արցախցու՝ իր հայրենիքում ապրելու իրավունքից զրկելուն եւ կպայքարի մինչեւ վերջ: Հետեւաբար, եռակողմ հայտարարությունը միայն հրադադարի մասին է, որի ոչ մի կետ չի կատարել հենց Ադրբեջանը:
Կարդացեք նաև
Պետք է արձանագրել նաեւ, որ Ալիեւի այդ ռազմատենչ ու անսպասելիորեն կտրուկ վերջնագրային հայտարարությունը հնչեց ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի երեւանյան այցի ֆոնին: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ կառույցները բազմիցս շեշտել են, որ 44-օրյա պատերազմով Արցախի խնդիրը չի լուծվել, եւ երկարատեւ լուծումների համար պետք է հստակեցվի Արցախի Հանրապետության կարգավիճակը: Հետեւաբար, Ալիեւի այդ ելույթը հավասարապես ուղղված էր ոչ միայն ՌԴ-ին, այլեւ ԱՄՆ-ին, ինչն ունի մեկ բացատրություն՝ պաշտոնական Բաքուն համառորեն չի ցանկանում ընդունել Արցախի հիմնահարցը լուծված չլինելու փաստը, բայց դրանով նա Անկարայի հետ միասին դուրս է գալիս բոլորի դեմ, ինչի հետեւանքները կանխատեսելի են ու միանշանակ պարզ:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: