Լրահոս
Օրվա լրահոսը

2004-2006 թթ․ և 2018-2020 թթ․ երկիր մուտքերի քանակն ավելի շատ էր, քան ելքերինը. դա պայմանավորված էր տնտեսական իրավիճակով. Արմեն Ղազարյան. «Հրապարակ»

Հուլիս 19,2022 10:57

Հարցազրույց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։

 – Խնդրում եմ ներկայացնեք, թե այս պահին ինչ պատկեր ունենք միգրացիոն հոսքերի առումով, որքան է կազմում բացասական սալդոն՝ վերջին տվյալներով։

– Այս տարվա առաջին եռամսյակում մուտքերի եւ ելքերի տարբերությունը, ընդհանուր առմամբ, 8000-ի կարգի է, որն էական բարելավում է անցած տարվա առաջին եռամսյակի նկատմամբ, որը կազմում էր 50 հազար։ Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող զարգացումներով, որովհետեւ մեր հիմնական հոսքն աշխատանքային սեզոնային միգրանտներն են, որոնք մեկնում են տարվա սկզբին եւ վերադառնում են տարվա վերջին։

– Բայց դա մի տեսակ արհեստական ցուցանիշ չէ՞, քանզի մի բան է՝ սեզոնով պայմանավորված հոսքի ավելացումը կամ նվազումը, այլ բան է, որ դուք դիտարկեք՝ մարդիկ ավելի շատ նախընտրում են մնալ հայրենիքո՞ւմ, թե՞ մեկնել երկրից: Այսինքն՝ ավելի շատ ներգա՞ղթ է, թե՞ արտագաղթ։

– Իրականում, եկեք այս հանգամանքը հաշվի առնենք, որ միգրացիան մեծապես ազդվում է մնացած բոլոր գործոններից՝ լինի տնտեսական, լինի սեզոնային, այսինքն՝ մենք միգրացիան չենք կարող դիտել այս կոնտեքստից դուրս։ Դա արհեստական կլինի, եթե մենք ուղղակի միգրացիան վերցնենք կոնտեքստից դուրս։ Ընդհանուր միտումները, կարող եմ ասել, հետեւյալն են․ մենք անկախության ժամանակահատվածը եթե ամբողջությամբ դիտենք, պետք է դիտենք երկու ցուցանիշ, առաջինը սահմանահատումների տարբերությունն է, այսինքն՝ մուտքեր եւ ելքեր, երկրորդ ցուցանիշը միգրացիայի սալդոն է, որն իմիգրանտների եւ էմիգրանտների տարբերությունն է։ Իմիգրանտը նա է, որը մուտք է գործել երկիր եւ մեկ տարի պլյուսով բնակվել է երկրում, էմիգրանտը նա է, որը երկրից դուրս է եկել ու մեկ տարի պլյուսով չի վերադարձել։ Այս երկրորդ ցուցանիշը Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում եղել է բացասական՝ բացառությամբ 2020 թվականի, երբ որ մենք արձանագրել ենք մոտ 4000-ի կարգի դրական ցուցանիշ, երբ իմիգրանտների քանակն ավելի շատ էր, քան էմիգրանտներինը։ Դա, վստահաբար, պայմանավորված էր քովիդով, քանի որ հնարավորություն չկար մեկնելու այլ երկրներ։ Բայց միայն քովիդով բացատրելն արդարացի չէ, որովհետեւ անդրադառնանք առաջին ցուցանիշին՝ սահմանահատումների սալդոյին, որն ավելի առաձգական է։ Այս ցուցանիշն էլ ունեցել է դրական դրսեւորում 2004-2006 թթ․ եւ 2018-2020 թթ․, երբ մուտքերի քանակն ավելի շատ էր, քան ելքերի քանակը։ Դա պայմանավորված էր տնտեսական իրավիճակով։ 2020 թ․ մուտքերի եւ ելքերի տարբերությունը եկել է 10 հազարից մի փոքր ավելի։

– Այսինքն՝ Քոչարյանի կառավարման շրջանում, երբ տնտեսական բում է եղել, մարդիկ վերադարձել են, մեկ էլ 18-ից հետո` հետհեղափոխական շրջանի առաջին տարիներին, երբ մարդկանց մոտ դրական սպասումներ կային, էլի վերադարձան։ Իսկ այն իրավիճակում, երբ քաղաքական անկայունություն է, հիասթափություն կա կամ դժգոհություններ, մարդիկ հեռանում են։ Ճի՞շտ եմ նկարագրում իրավիճակը։

– Ոչ, ճիշտ չեք նկարագրում, որովհետեւ կան սոցիոլոգիական հետազոտություններ, ես միշտ հիմնվում եմ սոցիոլոգիական, գիտական եւ վիճակագրական հետազոտությունների վրա։ Առկա են համապատասխանաբար սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանից մեկնելու պատճառների շուրջ 70 տոկոսը տնտեսական են, պատճառների շուրջ 20-25 տոկոսը հիմնականում պայմանավորված են, այսպես կոչված, սոցիալ-հոգեբանական գործոններով, օրինակ՝ քաղաքացին կարող է ձեւակերպում տալ․ «Ես արդարություն այստեղ չտեսա», «Ես ավելի լավ ռազմավարական հեռանկար եմ փնտրում իմ ընտանիքի համար»։ Սրանք սոցիալ-հոգեբանական գործոններ են։ Եվ մնացած 5-7 տոկոսը պայմանավորված է ընդունող երկրում միգրացիոն կարգավորումներով։ Այսինքն՝ եթե ՌԴ-ում կամ այլ երկրում, որտեղ միգրացիոն կարգավորումներն ավելի խստացվեն, անձը կկայացնի հակառակ որոշում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031