Լրահոս
Օրվա լրահոսը

«Լճի մակարդակը չենք բարձրացնում, մաքրման կայանները չկան, կեղտաջրերն ու աղբը լիճն ենք լցնում, բա ի՞նչ էինք ուզում, որ չծաղկե՞ր». Բարդուխ Գաբրիելյան. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 19,2022 10:36

Սևանի այսօրվա վիճակի հակիրճ նկարագիրն է՝ իբրեւ չլուծված խնդիրների հետեւանք «ծաղկումը»։
Ի՞նչ են արձանագրում մասնագետները, ի՞նչ վիճակ է՝ շա՞տ կծաղկի։ ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը երեկ «ՀՀ»-ի հետ զրույցում փաստեց. «Ծաղկումը միանշանակ սկսվել է։ Ես մի քանի ամիս առաջ եմ ասել, որ այս տարի էլ լիճը հաստատ ծաղկելու է եւ, հնարավոր է, ավելի թափով ու շատ, քան նախորդ տարի։ Լճի մակարդակը չենք բարձրացնում, մաքրման կայանները չկան, կեղտաջրերն ու աղբը լիճն ենք լցնում, բա ի՞նչ էինք ուզում, որ չծաղկե՞ր։ Իսկ թե ինչքան բուռն կծաղկի, ընթացքում կերեւա»։ Ցավալի է, որ երբ մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանը վերածում ենք ոռոգման ջրի շտեմարանի ու ձկնաբուծարանի, հետեւանքը սա պետք է լիներ։

Որովհետեւ՝ 1. երբ ջրիմուռները չեն երեւում, կարծում ենք՝ մահանում են։ Չենք լսում մասնագետներին, որ պնդում են, թե մահանում են, բայց չեն վերանում, իջնում են լճի հատակը՝ ստեղծելով լրացուցիչ օրգանական նյութ: Եվ, ըստ Բ. Գաբրիելյանի, որքան տվյալ տարում այս նյութը շատ լինի, այնքան հաջորդ տարում ծաղկման համար ավելի շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվում։ Այդ բարենպաստ պայմաններից են նաեւ կլիմայական տաքացումը, նախորդ տարիներին լճի մակարդակի նվազումը, լիճ կենսածին տարրերի մուտքը, ձկնաշխարհի չավելացող պաշարը։ Եվ այդ օրգանական նյութի ավելցուկը հաջորդ տարի, երբ գալիս են նորերը, այդ նորերի բազմացման համար է՛լ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում: Այսինքն՝ ինչքան ծաղկում ենք ունենում, հաջորդ տարի այդ ծաղկումն ավելի ծաղկուն է լինում։

2.Չենք լսում մասնագետներին՝ չլուծելով Սեւանի ձկնաշխարհի՝ ռազմավարական պաշարի ապահովման խնդիրը։ Չենք հասկանում, որ, մեր զրուցակցի խոսքով, «Սեւանի կենսառեսուրսը միայն սնունդ չէ, այն վերին օղակն է լճի բնապահպանական համակարգի»: Այսինքն՝ եթե այդ համակարգը ճիշտ կառավարենք, որոշակիորեն կկարողանանք բարելավել ջրի որակը:

Իսկ ի՞նչ ենք անում: Չնայած պաշարների ծավալի նվազմանը, արդյունագործական որսի ծրագիր ենք սկսում, որ հսկողության խիստ ռեժիմ սահմանենք՝ ձվադրման գործընթացն ապահովելու համար, բայց դեկտեմբեր-հունվարին այդ խիստ ռեժիմի ու արգելքի ականատեսն ենք լինում ինչպե՜ս՝ ազատ վաճառքում՝ փողոցում, բոլորի աչքի առաջ ձկնառատությամբ։ Մինչդեռ պետությունը պետք է ամեն ինչ անի Սեւանի ձկան ռազմավարական պաշարը վերականգնելու համար, որովհետեւ Սեւանը մեզ ձուկ տվող ավտոնոմ համակարգ է եւ դարձյալ կարող է մեզ փրկել վերահաս վտանգներից՝ ինչպես դա արեց 90-ականներին: Սեւանը համազգային նշանակության խնդիր է, բայց այդ խնդրի լուծումը պետությունը պետք է տա իրապես ուժեղ վերահսկողությամբ ու ճշգրիտ քայլերով:

3.Չենք լսում մասնագետներին ու չենք բարձրացնում լճի մակարդակը։ Չենք հասկանում, որ Սեւանա լճի շատ խնդիրներ, թեկուզ հենց «ծաղկումը», կարող ենք լուծել լճի մակարդակի բարձրացմամբ։

Էկոհամակարգի կայունացման համար մասնագիտական պլան պետք է մշակվի, որ կառնչվի ոչ միայն Սեւանա լճի ջրին, այլեւ՝ լիճ ներհոսող գետերին։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031