Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է եզրակացնել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան կարգավորման գործընթացը համակարգում են Ռուսաստանի հետ. «Անալիտիկոն»

Հուլիս 19,2022 10:20

Մոտ կես տարի տևող բանակցություններում Հայաստանն ու Թուրքիան առաջին պայմանավորվածություններին են հասել՝ ամենասեղմ ժամկետներում բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել, իսկ Հայաստանի և Թուրքիայի պետական մարմինները պետք է աշխատանքներ տանեն պայմանավորվածությունների տեխնիկական դետալները համաձայնեցնելու և դրանք իրականացնելու ուղղությամբ։

Որոշ միջանկյալ համաձայնությունների հասնելը երկու կողմերին էլ պետք էր՝ ցույց տալու համար, որ մի քանի ամիս ընթացող բանակցությունները փակուղում չեն, և որ կա իրական առաջընթաց, իսկ դա անհրաժեշտ է բանակցություններին իմաստ հաղորդելու համար։ Այլ հարց է՝ կիրականացվե՞ն դրանք, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ, օրինակ, մի քանի ամիս էլ կողմերը կքննարկեն տեխնիկական դետալները, բայց բուն իրականացումը հատկապես թուրքական կողմից ձգձգվի, քանի որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելը և օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսելը Թուրքիայի ակնկալած հիմնական արդյունքները չեն։ Այլ կերպ ասած, դրանք փոքր քայլեր են՝ հայկական կողմին ավելի առարկայական քայլերի մղելու, ավելի լուրջ պայմանավորվածությունների նախադրյալներ ստեղծելու համար։

Ուշագրավ էր այն, որ հատուկ բանագնացների հանդիպումից 5 օր անց՝ հուլիսի 6-ին, հեռախոսազրույց ունեցան Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը։ Հայկական կողմի տարածած հաղորդագրությունում, իհարկե, հիշատակում չկար, բայց Կրեմլի հաղորդագրության մեջ ասված է, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը հայկական կողմն է եղել, և Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին[1]։ Հայ-թուրքական բանակցություններն այս տարվա հունվարին մեկնարկեցին Մոսկվայում, դրանից առաջ էլ հայկական կողմն էր պաշտոնապես դիմել Ռուսաստանին միջնորդելու հարցով։ Թեև հաջորդ հանդիպումները Վիեննայում են ընթացել՝ առանց միջնորդների, իսկ թուրքական կողմը պարբերաբար խոսում է առանց երրորդ կողմի բանակցելու մասին, բայց այս հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանն անուղղակիորեն ներգրավված է գործընթացում, և Հայաստանը Ռուսաստանին տեղյակ է պահում Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների մանրամասներից ու գործընթացը համակարգում ռուսական կողմի հետ։ Դա առավել ակնհայտ դարձավ, երբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից օրեր անց՝ հուլիսի 11-ին, մոտ 10 տարվա դադարից հետո առաջին անգամ ուղիղ շփում ունեցան Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները։

Թուրքական լրատվամիջոցներում Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին հայտնելուց րոպեներ անց հաղորդվեց, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թեև ո՛չ թուրքական, ո՛չ ռուսական կողմերի տարածած հաղորդագրություններում նշված չէ, որ նախագահները հայ-թուրքական գործընթացին են անդրադարձել, բայց հավանական է, որ այդ հարցը քննարկվել է։ Այդ պատճառով կարելի է եզրակացնել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան կարգավորման գործընթացը համակարգում են Ռուսաստանի հետ։ Հավանական է նաև, որ առաջիկայում Փաշինյանն ու Էրդողանը նաև հանդիպեն՝ հավանաբար, հենց Վիեննայում, բայց նաև ռուսական կողմի աջակցությամբ։

Մյուս կողմից, սակայն, Թուրքիան չի կարող Հայաստանի հետ բանակցությունների հարցը չքննարկել Ռուսաստանի հետ, և այս պահին լուրջ հիմքեր էլ չկան մտածելու, որ Թուրքիան հակված չէ դրան, ինչը մի քանի պատճառ ունի:

Ի վերջո, եթե շատ հեռու չգնանք, Հայաստանի և Թուրքիայի բանագնացների ձեռք բերած պայմանավորվածություններից մեկը՝ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը, կարող է հետաքրքրություն ներկայացնել հատկապես Ռուսաստանի համար։ Կողմերը, իհարկե, դեռ պետք է որոշեն՝ անցագրային, մաքսային հսկողության ի՞նչ ռեժիմներ են գործելու, և բազմաթիվ այլ դետալներ պետք է ճշտվեն։ Եթե, օրինակ, որոշվի, որ երրորդ երկրների քաղաքացիները հայ-թուրքական սահմանը կարող են հատել ոչ միայն զբոսաշրջային նպատակով, այլ նաև հատելիս կարող են բեռնափոխադրումներ իրականացնել, ապա դա կարող է հետաքրքրել հատկապես ռուսական բիզնեսին՝ զուտ աշխարհագրական իմաստով։ Ռուսաստանն ու Թուրքիան բեռնափոխադրումներ իրականացնում են օդային և ծովային ճանապարհով, իսկ ցամաքային բեռնափոխադրումների համար հայ-թուրքական երթուղին, վրացականից բացի, ևս կարող է հարմար լինել։

Չմոռանանք, որ Թուրքիան առ այս պահը հրաժարվում է լիարժեք բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը և վերացնել Հայաստանի դեմ միակողմանի կիրառվող շրջափակումը։ Ակնհայտ է, որ Թուրքիան սահմանը լիարժեք բացելու, դիվանագիտական հարաբերություներ հաստատելու դիմաց գին է պահանջում Հայաստանից, հակառակ դեպքում բանակցություններին թափ հաղորդելու, հայկական կողմի մտավախությունները մեղմելու համար կգնար, այսպես ասած, բարեկամական ժեստի, կբացեր սահմանը, կհաստատեր դիվանագիտական հարաբերություններ, և նոր հավասար պայմաններում կողմերը կքննարկեին անհրաժեշտ բոլոր հարցերը։ Հետևաբար, անիմաստ է սպասել, որ Թուրքիան հենց այնպես՝ առանց էական զիջումներ ստանալու, կբացի սահմանը, կհաստատի դիվանագիտական հարաբերություններ և այլն։

Հայկ ՍԱՀԱԿՅԱՆ
Փորձագետ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031