2022 թ․ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ[1] հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։ Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։
«Փոքր քայլերի» մարտավարություն
Չորրորդ հանդիպումը նույնպես վկայեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում կիրառվում է «փոքր քայլերի» մարտավարությունը։ Թեև չորրորդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները ներկա դրությամբ իրագործված չեն, սակայն վերջին շրջանում թուրքական կողմը մեկ անգամ ցույց է տվել, որ կատարում է պայմանավորվածությունը։ Խոսքը Մոսկվայում անցկացված առաջին հանդիպման մասին է, որի արդյունքներով պայմանավորվածություն ձեռք բերվեց Ստամբուլի ու Երևանի միջև ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին, ինչն էլ ի կատար ածվեց փետրվարի 2-ին (մոտ 20 օր անց)։ Ի դեպ, առաջին հանդիպման օրը թուրքական կողմը, թերևս, պատահական չէր ընտրել․ Թուրքիան ու Ադրբեջանը նշում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Մեր կարծիքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում ուղենշային են Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները․ թեև այս երկրների միջև նույնպես չկան դիվանագիտական հարաբերություններ (նախկինում եղել են), սակայն դա չխանգարեց, որ նրանք մոտ մեկ տասնամյակ առաջ ստեղծեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների («Աբաշիձե-Կարասին») ձևաչափ, որի շրջանակներում կիրառվում է «փոքր քայլերի» մարտավարությունը՝ համեմատաբար ոչ բարդ խնդիրների լուծմանը հասնելու համար (սահմանի բացում, առևտրի իրականացում)։ Ընդ որում, ժամանակի ընթացքում այդ ձևաչափը սկսեցին ընդլայնել` դրանում ներգրավելով էկոնոմիկայի ու արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին։ Բացի այդ, Շվեյցարիայում Վրաստանի ու Ռուսաստանի դեսպանատներին կից բացվել են հյուպատոսական սեկցիաներ, որոնք զբաղվում են երկու երկրների քաղաքացիների խնդիրների լուծմամբ։
Կարդացեք նաև
Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացները նույնպես հետագայում կարող են քննարկել երկու երկրների հետ սերտ կապերի մեջ գտնվող որևէ երկրում (ՌԴ, ԱՄՆ, Իրան, Վրաստան, Շվեյցարիա) գտնվող Հայաստանի ու Թուրքիայի դեսպանատներին կից հյուպատոսական սեկցիաներ բացելու հարցը։ Դա կարող է հանդիսանալ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ կատարված առաջին քայլ։
Միտումներ
Շատերին մտահոգում է, թե մինչև ուր կտանի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, թե որքան կողմերը կարող են առաջ շարժվել ներկա պայմաններում։ Կարգավորման գործընթացում առկա է որոշակի դրական դինամիկա՝ կապված նաև նրա հետ, որ թուրքական կողմը, թերևս, գիտակցում է, որ եթե վերստին հանդես գա իր հայտնի նախապայմաններով, ապա գործընթացը հնարավոր չի լինի առաջ շարժել մեռյալ կետից։ Ավելին, նման նախապայմաններով հանդես գալն առաջին հերթին կնշանակի, որ Թուրքիան ինքը չի ցանկանում գործընթացն առաջ տանել մեռյալ կետից։ Հարկ է տեսնել, թե որոնք կարող են լինել կարգավորման գործընթացում Թուրքիայի դրդապատճառները՝ բացի Հայաստանում տարածում գտած հայտնի դրդապատճառներից[2]։ Դրանք դասակարգել ենք 3+1 ձևաչափով։
Քաղաքական. Թուրքիայում քաջ գիտակցում են, որ եթե ցանկանում են մեծացնել սեփական ազդեցությունը Կովկասում, ընդլայնել Կովկասում իրենց մանևրային հնարավորությունները, ապա պետք է մեղմել սեփական դիրքորոշումը և երկխոսել Հայաստանի հետ՝ նաև այն հաշվարկով, որ դրական արդյունքի դեպքում կարգավորման գործընթացը կընդլայնի նաև Հայաստանի մանևրային հնարավորությունները։ Թուրքիան ունի Հայաստանի կարիքը նաև Կովկասում 3+3 ձևաչափի գործարկման/զարգացման համար, որն առանց Վրաստանի մասնակցության վերածվել է 3+2 ձևաչափի։ Եթե Հայաստանն էլ հրաժարվի այդ ձևաչափից, ապա տվյալ նախաձեռնությունը կփլուզվի։ Թուրքիան նաև կարող է փորձել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «թանկ վաճառել» ԱՄՆ-ի ու ԵՄ-ի վրա։
Անվտանգային. 2020 թ. հրապարակված Թուրքիայի Մեծ ռազմավարությունը նախատեսում է ազգային մակարդակում (երկրի ներսում) բացարձակ կայունության, իսկ տարածաշրջանային (և նաև գլոբալ) մակարդակում հարաբերական կայունության հաստատում։ Ընդգծվում է, որ Թուրքիան միայնակ ի զորու չէ լուծել հարակից տարածքների բոլոր խնդիրները, որ նրա գլխավոր անելիքները պետք է լինեն մերձակա հակամարտությունների ավարտին, դրանց աղբյուր ծառայող պատճառների նվազեցմանը, տարածաշրջանային կառավարման մեխանիզմների վերանորոգմանը մասնակցելը, տարածաշրջանում որևէ ուժի կողմից գերիշխող դառնալը և իր դեմ տարածաշրջանային երկրների կողմից բաց կամ գաղտնի դաշինք ձևավորելը կանխարգելելը։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կմեծացնի Թուրքիայի ռազմավարական ինքնավարությունը (գործելու ազատությունը), որը միջազգային համակարգում պետության միայնակ գործելու հնարավորությունների ու կարողությունների ցուցիչ է և շոշափում է ազգային, տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում Թուրքիայի առաջնահերթությունները՝ ռազմաքաղաքական թիրախները։ Բացի այդ, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով՝ Թուրքիան կմեծացնի իր ռազմավարական ճկունությունը, որը Թուրքիայի արտաքին քաղաքականության թիրախներից է. ժամանակակից պայմաններում, երբ կտրուկ փոխվում է միջազգային լանդշաֆտը, չափազանց կարևոր է այդ փոփոխություներին հարմարվելու ունակությունը։ Ռազմավարական ճկունությունը շրջակա տիրույթի փոփոխություններին հարմարվելու և նաև դրանց ադեկվատ պատասխան տալու երկրի ունակությունն է։ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան սկսել է որոշակի ճկունություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։
Թուրքիայի անվտանգային ռազմավարությունն աշխարհը բաժանում է 5 ռազմավարական գոտու, որոնցից առաջինը հենց Թուրքիայի տարածքն է (ազգային մակարդակ)։ Երկրորդ ռազմավարական գոտու մեջ ընդգրկվել է Հայաստանը՝ Թուրքիայի հետ ընդհանուր ցամաքային ու ծովային սահմաններով այլ երկրների հետ մեկտեղ։ Մինչդեռ Ադրբեջանն ընդգրկվել է 3-րդ ռազմավարական գոտում, ուր Թուրքիայի մերձակա այն երկրներն են, որոնց հետ նա չունի ընդհանուր սահման։ Սա կարող է կապված լինել թե՛ Նախիջևանի հանդեպ Թուրքիայի հնարավոր հավակնությունների, թե՛ կայունության տեսանկյունից Նախիջևանն առանձին դիտարկելու աննպատակահարմարության հետ։ Ընդ որում, Երկրորդ ռազմավարական գոտին Թուրքիայի համար դիտարկվում է որպես «վերջին պաշտպանիչ պատյան»։
Տնտեսական. Հայկական շուկան բավական փոքր է Թուրքիայի համար, որը գրեթե բացառապես շահագրգռված է միայն Հայաստանի տարանցիկ դերից օգտվելով։ Խոսքն առաջին հերթին էներգետիկ (Հարավային գազային միջանցք) ու տրանսպորտային (Միջին միջանցք) միջանցքները Հայաստանի տարածքով Թուրքիա հասցնելու մասին է։ Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան պետք է ընդգրկվի տնտեսապես ամենազարգացած երկրների տասնյակում, և մեր կարծիքով՝ դրան պետք է նպաստի Թուրքիայի կողմից էներգետիկ ու տրանսպորտային հանգույց դառնալը։ Այստեղ Հայաստանն ունի բավական կարևոր դեր։ Թուրքիան կարիք ունի Հայաստանի տարածքով դուրս գալու դեպի Ադրբեջան ու Թյուրքական աշխարհի մյուս երկրներ, դեպի Չինաստան։ Թուրքիայում համարում են, որ Չինաստանի ու Եվրոպայի միջև կատարվող տարեկան առևտրի (700 միլիարդ դոլար) մի զգալի մասը կարող է իրականացվել Միջին միջանցքով (բեռնափոխադրման ժամկետը՝ 10-12 օր), որն իր պարամետրերով գերազանցում է թե՛ Ռուսաստանով անցնող Հյուսիսային միջանցքին[3], թե՛ Հարավային միջանցքին՝ ծովային ճանապարհին[4]։ 2022 թ. մարտին Anadolu-ն գրեց, որ «Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ավելի է մեծացրել Միջին միջանցքի կարևորությունը, քանի որ Արևմուտքը չի ցանկանա գործ ունենալ Ռուսաստանի հետ»: Իսկ հունիսին Թուրքիայի Արտաքին տնտեսական կապերի խորհուրդը (DEİK) հայտնեց, թե Թուրքիան կարող է հավակնել Հյուսիսային միջանցքով կատարվող առևտրի 15%-ին, եթե արագացվեն Կասպից ծովով բեռնափոխադրումները և ընդլայնվեն երկաթուղային վագոնների ու լաստանավերի հնարավորությունները։
Ներկայումս Միջին միջանցքն անցնում է Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա երթուղով։ Մեր կարծիքով՝ Թուրքիայում մշտապես մտավախություններ ունեն, որ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները կարող են մի օր զգալի սրվել, գրանցվի ռազմական բախում, և փակվի Միջին միջանցքի «վրացական երթուղին» (նման մտավախությունները, թերևս, ավելի են աճել Ուկրաինայի դեպքերի ֆոնին)։ Եվ Թուրքիայում, ըստ ամենայնի, ցանկանում են տեսնել Միջին միջանցքի «հայկական երթուղի»։ Բացի այդ, 2021 թ․ գարնանը Սուեզի ջրանցքի նավային խցանումից հետո թուրքական կողմը մշտապես կարևորում է այլընտրանքային/պահեստային երթուղիների առկայությունը։
Հայաստանը Թուրքիայից դեպի Ադրբեջան ամենակարճ ցամաքային երթուղին է, և Թուրքիան, մեր կարծիքով, հենց այդ պատճառով է միմյանց հետ շաղկապում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները․ Թուրքիային ձեռնտու չէ տեսնել «Հայաստան-Թուրքիա բաց սահման» և, միաժամանակ, «Հայաստան-Ադրբեջան փակ սահման» իրավիճակ։ Թուրքիային պետք չէ, որ, ասենք, իր բեռնատար մեքենան (կամ գնացքը) բաց սահմանով մտնի Հայաստան, սակայն չկարողանա Հայաստանից շարժվել դեպի Ադրբեջան, դեպի Թյուրքական աշխարհ ու Չինաստան։ Գլխավորապես հենց այս պատճառով է, որ Թուրքիան հայտարարում է, թե աջակցում է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը (այստեղ «մեկ ազգ, երկու պետություն» թեզն ունի երկրորդական կամ երրորդական նշանակություն), Կովկասում կայունության ու խաղաղության հաստատմանը։
Ռուսաստանին նույնպես կարող է ձեռնտու լինել Հայաստանով Միջին միջանցքի (լոգիստիկ ու էներգետիկ) անցումը՝ կապված Վրաստանը տարածաշրջանային գործընթացներից մեկուսացնելու նրա ձգտման հետ։ Բացի այդ, Ռուսաստանը, տեսնելով, որ անկարող է կասեցնել Միջին միջանցքով բեռնափոխադրումները[5] (կապված Չինաստանի[6] գործոնի հետ), թերևս կցանկանա, որ դրանք իրականացվեն Հայաստանով, որում նրա դիրքերը շատ ավելի ուժեղ են՝ Վրաստանի հետ համեմատ։ Բացի այդ, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքի փակման պայմաններում Ռուսաստանի համար մեծացել է դեպի հարավ տանող երթուղիների կարևորությունը, այդ թվում՝ նաև Հայաստանով։ Այսինքն, Հայաստանով Միջին միջանցքի անցումը կարող է համապատասխանել նաև թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի շահերին։
Թուրքիայի համար Հայաստանի տարանցիկ հնարավորությունները կարևորվում են ոչ միայն լոգիստիկ[7], այլև՝ էներգետիկ առումներով։ 44-օրյա պատերազմի ավարտից 1 ամիս անց Թուրքիան ու Ադրբեջանը հուշագիր ստորագրեցին 85 կմ-անոց «Իգդիր-Նախիջևան» գազատարը կառուցելու մասին, որի մասին խոսվում էր ավելի քան 10 տարի։ Սա մեզ համար ցուցիչ է[8], որ Թուրքիան ցանկանում է Հայաստանը վերածել էներգետիկ հանգույցի՝ նրա տարածքով ստանալով ադրբեջանական և միգուցե թուրքմենական գազ[9]։
Այս երեք գործոններից բացի, կա ևս մեկ գործոն՝ Էրդողանի անձնական գործոնը։ Խոսքը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Էրդողանի անձնական ու Թուրքիայի պետական շահերի համընկնումն է, ինչը կարող է լինել վճռորոշ (Թուրքիայի տեսանկյունից)։ Անձամբ Էրդողանին, թերևս, անհրաժեշտ է 2023 թ. խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ հասնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, քանի որ այլևս նախկին իրավիճակը չէ. դա չի նվազեցնի Էրդողանի վարկանիշը թուրք ազգայնամոլների շրջանում, և նա ոչ միայն չի կորցնի քվեներ, այլև՝ հավելյալ քվեներ կստանա Հայաստանին սահմանակից կամ մոտ ընկած նահանգներից։ Այդ նահանգների տնտեսվարողներն արդեն սկսել են «շփել ձեռքերը»՝ սպասելով Հայաստանի հետ սահմանի վերաբացմանը։ Իսկ գալիք ընտրությունները կենաց ու մահու հարց են լինելու Էրդողանի համար, և, թերևս, առանց չափազանցության՝ կարևոր է լինելու յուրաքանչյուր քվեն։ Ուշագրավ է, որ 2022 թ. փետրվարին Anadolu-ի կայքում եղել են մի շարք հրապարակումներ, որոնք, թերևս, միտված էին Թուրքիայի ներսում Հայաստանի վերաբերյալ որոշակի դրական պատկեր ստեղծելուն. դրանցում անգամ գովազդվում է Հայաստանի զբոսաշրջային ոլորտը, ներկայացվում, թե «Արևելյան ճեպընթացի» ճանապարհորդներին (ձմռան ամիսներին սկսում է իր ուղին Անկարայից դեպի Կարս և կարող է այն շարունակել դեպի Գյումրի ու Երևան), ինչ տեսարժան վայրեր են սպասվում Հայաստանում։ Այդպիսով, մեր կարծիքով՝ թուրքական կողմն այս անգամ ունի ծանրակշիռ պատճառներ (Միջին միջանցք) ու «հիմնավորումներ» (44-օրյա պատերազմ)՝ գնալու համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ էներգետիկ ու տրանսպորտային հանգույց դառնալը բավական կմեծացնի Թուրքիայի տնտեսական ներուժն ու հնարավորությունները, շեշտակի կաճի նրա աշխարհաքաղաքական կարևորությունը, եվրոպական ու ասիական (աֆրիկյան) երկրներին տարանցիկ մեծ կախվածության մեջ կգցի Թուրքիայից, կազդի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վրա և այլն։ Մյուս կողմից, եթե Թուրքիայի կողմից աջակցություն ստացող էներգետիկ ու տրանսպորտային միջանցքներն անցնեն Հայաստանով և նաև Ադրբեջանով, ապա դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական ներուժի վրա, կմեծացնի Հայաստանի աշխարհաքաղաքական կարևորությունը, Հայաստանի հանդեպ գերտերությունների ուշադրությունը, փոխադարձ կախվածություն կառաջացնի Հայաստանի ու Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչը կնվազեցնի նոր պատերազմի հավանականությունը և այլն։
Ռիսկեր
Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացի ռիսկերին, ակնհայտ է, որ դրա վրա ազդում և ազդելու են երրորդ երկրների դիրքորոշումները (Ռուսաստան, Ադրբեջան, ԱՄՆ, Չինաստան), տարածաշրջանային ու միջազգային գործընթացները։ Ցանկանում ենք կենտրոնանալ Ադրբեջանի գործոնի վրա, քանի որ Հայաստան-Թուրքիա և Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն ինքնին զուգահեռ և փոխկապակցված գործընթացներ են։ Հայկական կողմը քանիցս մտահոգություն է հայտնել Թուրքիայից հնչող հայտարարությունների կապակցությամբ, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, դրա շրջանակներում իր քայլերը համակարգում է Ադրբեջանի հետ։ Թուրքիայի այս պահվածքը Հայաստանում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել՝ ընդհուպ մինչև նախապայմանների լեզվով Հայաստանի հետ խոսելու շարունակում։
Համակարծիք ենք, որ Թուրքիան տվյալ թեմայով իսկապես մշտական շփումների և խորհրդակցությունների մեջ է Ադրբեջանի հետ, ինչի վառ ապացույցը Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպման ժամկետի ընտրությունն է (պատճառի մասին արդեն նշվեց)։ Չնայած նրան, որ վերջին ամիսներին Ադրբեջանը պաշտոնապես աջակցություն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, նրա գերխնդիրներից մեկը շարունակում է մնալ Հայաստանի համար տարածաշրջանի կոմունիկացիաների չբացվելը և այդպիսով շրջափակումից դուրս չգալը։ Ադրբեջանը փորձում է հնարավորինս ձգձգել այդ գործընթացը՝ այդ կերպ փորձելով թուլացած վիճակում պահել Հայաստանը և կորզել առավելագույն զիջումներ։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, թեկուզև առաջին փուլում երրորդ երկրների քաղաքացիների համար, չի տեղավորվում Ադրբեջանի այս տրամաբանության շրջանակներում։
Ադրբեջանում քաջ գիտակցում են, որ հայ-թուրքական սահմանի բացվելը երրորդ երկրների քաղաքացիների համար լինելու է միայն առաջին փուլը, իսկ երկրորդ փուլում այդ սահմանը բաց կլինի արդեն Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների համար։ Քանի դեռ Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար, Ադրբեջանը փորձում է «ատամ ցույց տալ»՝ հուլիսի 1-ին գնալով 2-3 ամսով Նախիջևան-Թուրքիա սահմանի փակմանը։ Ըստ ամենայնի, տվյալ քայլի հակաթուրքական[10] ուղղվածությունը քողարկելու համար՝ Ադրբեջանը նույն օրը փակել է նաև Նախիջևան-Իրան սահմանը։
Չենք բացառում, որ Ադրբեջանը կշարունակի սահմանային սադրանքները, որոշակի թեժացումները և հատկապես Նախիջևանի շրջանից, ինչպես որ հուլիսին Խաչիկ ու Ելփին գյուղերի ուղղությամբ կրակելն է։ Ադրբեջանում քաջ գիտակցում են Նախիջևանի հանդեպ Թուրքիայի զգայունությունը և հենց այս հատվածում սրացում հրահրելով՝ նրանք փորձելու են գժտեցնել Հայաստանն ու Թուրքիան, դանդաղեցնել կամ կասեցնել կարգավորման գործընթացը։ Ադրբեջանում գիտակցում են, որ Հայաստան-Ադրբեջան և/կամ Արցախ-Ադրբեջան սահմաններին ցանկացած թեժացման, բախման դեպքում Թուրքիան «դատապարտված» է առնվազն բանավոր աջակցություն հայտնել Ադրբեջանին և դատապարտել Հայաստանի գործողությունները։ Ադրբեջանն առաջիկայում, թերևս, գնալու է դրան՝ փորձելով Հայաստանին կպցնել խաղաղություն չցանկացողի, բանակցություններ տապալողի, խաղաղության գործընթացը ձգձգողի պիտակ և դրանով բացասական ֆոն ստեղծել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։
Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ունի բավական սահմանափակ ժամանակ․ և երբ բացվեն տարածաշրջանային կոմունիկացիաները և կառուցվեն նոր կոմունիկացիաներ («Հորադիզ-Աղբենդ» երկաթգիծը պետք է պատրաստ լինի 2023 թ․), Ալիևի նման քայլերը վտանգի տակ կդնեն Էրդողանի այն թեզը, որ Չինաստանի ու Եվրոպայի համար անվտանգային տեսանկյունից ամենանախընտրելի տարբերակը Միջին միջանցքից օգտվելն է, որ Հարավային Կովկասն այսուհետ խաղաղ և կայուն տարածաշրջան է (որ Ռուսաստանի ու Իրանի տարածքներից օգտվելը խնդրահարույց է)։ Ալիևը, թերևս, կշտապի սահմանային սադրանքների հարցում[11]։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը շարունակում է դեռ զգալի լծակ հանդիսանալ Թուրքիայի ձեռքում՝ ընդդեմ Ադրբեջանի, չնայած նրան, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով այն զգալի կորցրել է իր նշանակությունը (Թուրքիան «կրակեց իր ոտքին»՝ այդ պատերազմում մեծապես աջակցելով Ադրբեջանին, նպաստելով նրա հաղթանակին և նաև Հայկական լծակի միջոցով նրա վրա իր ներազդելու սահմանափակմանը)։ Մինչդեռ Հայկական լծակը նախկինում այնքան ազդեցիկ էր, որ «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքներով Թուրքիային բերեց ավելի քան 13 միլիարդ դոլար՝ ի դեմս Մերձավոր Արևելքի ամենաերկար TANAP գազատարի (նախագիծը գնահատվում է 6․5 միլիարդ դոլար)՝ չհաշված հետագա գազամատակարարումները, և Թուրքիայում մասնավոր սեկտորի կատարած խոշորագույն ներդրման՝ Star նավթավերամշակման գործարանի կառուցման (նախագիծը գնահատվում է 7 միլիարդ դոլար)։ Արդյունքում, ադրբեջանական SOCAR-ը շատ արագ դարձավ Թուրքիայի խոշորագույն մասնավոր ներդրողը, ով պատրաստվում է իր ներդրումների ծավալը հասցնել 20 միլիարդ դոլարի։
Ակնառու է նաև, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով ներկայացուցիչ (Սերդար Քըլըչ) նշանակելով, և այդ ձևաչափի շրջանակներում «փոքր քայլերի» մարտավարությամբ առաջ գնալով, բավական բարձրացնում է այն հրաժարագինը, որն Ադրբեջանը կարող է վճարել նրան՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եթե ոչ ամբողջապես տապալելու, ապա գոնե ձգձգելու համար։ Մեր կարծիքով՝ Ադրբեջանին այս անգամ չեն փրկելու անգամ հնարավոր բազմամիլիարդ ներդրումները[12]՝ հաշվի առնելով լոգիստիկ և էներգետիկ ոլորտներում Թուրքիայի համար Հայաստանի հնարավոր դերը։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում փոքր քայլերով առաջ գնալով՝ Թուրքիան այդպիսով նաև Ադրբեջանի համար էականորեն մեծացնում է խաղադրույքները, որոնք է՛լ ավելի աճելու միտում ունեն։ Թուրքիան այս անգամ կարող է Ադրբեջանի համար սահմանել շատ ավելի խոշոր գին, որը կարող է առնչվել Ադրբեջանի կողմից ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) անկախության ճանաչմանը, Ադրբեջանում թուրքական ռազմակայաններ դե-յուրե տեղակայելուն և անգամ Նախիջևանը հանրաքվեի միջոցով Թուրքիային հանձնելուն։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Թուրքագետ
[1] Նախորդ երեք հանդիպումներն անցկացվել են 2022 թ․ հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին։ Մարտի 12-ին էլ Անթալիայի Դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։
[2] Հայաստանի տնտեսական ու ժողովրդագրական ձեռքբերում, սահմանը ճանաչել տալ, Ցեղասպանության ճանաչումից հրաժարվել տալ, Հայաստանի կամ միայն Սյունիքի վերջնական կլանում և այլն։
[3] Անդրսիբիրյան երկաթուղին անցնում է կլիմայական բարդ պայմաններով, բեռնափոխադրման ժամկետը կազմում է 14 օր, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև բավական բարդ հարաբերություններ են։
[4] Ծովային ճանապարհով բեռնափոխադրումները տևում են 36-42 օր, վտանգ կա, որ Սուեզի ջրանցքը վերստին կարող է օրերով արգելափակվել նավային խցանումից։
[5] 2022 թ․ մայիսին Ա․ Քարաիսմայիլօղլուն հայտարարեց, որ Ռուս-ուկրաինական պատերազմը ռիսկեր է առաջացրել Հյուսիսային տրանսպորտային միջանցքի համար՝ մեծացնելով նրա այլընտրանք Միջին միջանցքի կարևորությունը, որով՝ ընթացիկ տարում (հունվար-ապրիլին) փոխադրվել է 1․070․000 տ բեռ։
[6] Թուրքիայի միակ հույսը լինելու է այս հարցում Չինաստանի հետ համատեղ աշխատելը, որպեսզի նա ապահովի Ռուսաստանի տարածքը շրջանցող Միջին միջանցքի զարգացումը։ Բացի այդ, Թուրքիան փորձելու է չինական կողմին համոզել՝ հրաժարվելու արդեն իսկ փորձարկված «Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա» երթուղուց։
[7] 2022 թ․ ապրիլին Թուրքիայի տրանսպորտի նախարար Ա․ Քարաիսմայիլօղլուն նշել է, որ 2053 թ․ Տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտի գլխավոր պլանով նախատեսվում է առաջիկա 30 տարում ներդնել 198 միլիարդ դոլար և 2053 թ․ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը ներկայիս 38 միլիոնից հասցնել մինչև 440 միլիոն տոննայի։
[8] Մշտապես հաղորդվել է, որ Թուրքիան պետք է «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարով ստացած ադրբեջանական գազի մի մասը «Իգդիր-Նախիջևան» գազատարով ուղղի դեպի Նախիջևան։ Սակայն դրա անհրաժեշտությունը վերանում է 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը ստանում է Հայաստանի տարածքով Նախիջևանին գազ մատակարարելու հնարավորություն։ Մեր կարծիքով, «Իգդիր-Նախիջևան» գազատարը ծառայելու է ոչ թե արևմուտքից արևելք (Թուրքիայից Նախիջևան), այլ՝ արևելքից արևմուտք (Նախիջևանից Թուրքիա) գազամատակարումների համար։ Այս հարցում չափազանց կարևոր ցուցիչ է ծառայելու «Իգդիր-Նախիջևան» գազատարի տրամաչափը․ արևմուտքից արևելք մատակարարումների տարբերակի դեպքում նրա թողունակությունը կազմելու է տարեկան 500 միլիոն (օրական 1․5 միլիոն) մ3, իսկ ահա արևելքից արևմուտք տարբերակի դեպքում՝ շատ ավելի մեծ։
[9] 2022 թ․ հուլիսին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարեց Թուրքմենստանից Թուրքիա գազ ներկրելու նախապատրաստական աշխատանքների մոտալուտ ավարտի մասին։ Մեր կարծիքով, դա Թուրքիայի համար կլինի բավական կարևոր քայլ՝ աշխարհի խոշորագույն գազային հանգույց դառնալու ճանապարհին։
[10] Ադրբեջանի կառավարության այդ որոշումից խստապես տուժել են ոչ միայն Նախիջևանի, այլև՝ Իգդիրի բնակիչները, քանի որ կողմերի միջև առկա է տարեկան 50 միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն, խախտվել է հազարավոր մարդկանց ամենօրյա ելումուտն ու առևտուրը և այլն։ Իգդիրում անգամ քննարկում են Հայաստանի տարածքով Նախիջևան հասնելու հնարավորությունը։
[11] Բացի այդ, Ալիևը, թերևս, չի բացառում, որ արդեն մեկ տարի անց Էրդողանը կարող է չլինել Թուրքիայի ղեկին, իսկ ներկայիս ընդդիմության հետ կարող է ունենալ զգալի խնդիրներ։ Ալիևը կարող է նաև մտավախություններ ունենալ, որ մեկ տարի անց Ռուսաստանի ղեկին չի լինի նաև Վլադիմիր Պուտինը՝ կապված Ուկրաինական պատերազմի հետագա զարգացումների ու դրանց հետևանքների հետ։ Ստացվում է, որ 2021 թ․ և 2022 թ․ Շուշիում ու Մոսկվայում դաշնակցային հարաբերությունների մասին Էրդողանի ու Պուտինի հետ հուշագրեր ստորագրած Ալիևը չափազանց շատ շտապելու բան ունի, քանի որ ընդամենը մեկ տարի անց իրավիճակը նրա համար կարող է գլխիվայր շուռ գալ։
[12] 2022 թ․ հունվարի 29-ին (Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից կես ամիս անց) Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) 1․1 միլիարդ դոլար տեղակայեց Թուրքիայի ԿԲ-ում։ Ապրիլի 8-ին էլ ադրբեջանական Azerbaijani Armed Forces (AAF) թելեգրամյան ալիքը հայտնեց, թե Ադրբեջանը պատրաստվում է 1 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք գնել Թուրքիայից։