Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական կայքը համեմատել է հայկական, հունական, հրեական ու թուրքական սփյուռքները

Հուլիս 18,2022 23:30

Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» լրատվական կայքը «Ինչու՞ թուրքերը սփյուռք չունեն» վերնագրով հոդվածում համեմատել է ԱՄՆ-ում ու Եվրոպայում հայկական, հունական հրեական սփյուռքների և թուրքականի գործունեությունները:

Հեղինակը նախ իր տեսանկյունից ներկայացրել է 3 սփյուռքների ձևավորման պատմությունը, ապա անդրադարձել դրանց կողմից հաջողությամբ իրականացվող «անթիվ հակաթուրքական արշավներ» մասին:

Դրանից հետո անդրադարձ է կատարվել 60-ականներից ի վեր Եվրոպա գաղթած ավելի քան 6մլն թուրքերի առկայությանը, որոնց մեծամասնությունն ապրում է Գերմանիայում: Նշվում է, որ միայն 2021-ին Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել 18 թուրքական ծագմամբ պատգամավոր, թուրք պատգամավորներ կան նաև Եվրախորհրդարանում, թուրք պաշտոնյաներ կան նաև դաշնության նահանգներում:

Այնուհետև հեղինակը հիշեցրել է, որ չնայած այս պատկերին՝ 2016-ին Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Օրինագծին աջակցել է թուրքական ծագում ունեցող 11 պատգամավոր, իսկ օրինագծի հեղինակը եղել է Թուրքիայից արտագաղթած Ջեմ Օզդեմիրը:

Ըստ հոդվածագրի՝ նմանատիպ պատկեր է նաև Շվեյցարիայում, որտեղ 2020-ի ընտրություններով խորհրդարան անցած թուրքական ծագմամբ 4 պատգամավոր աջակցեցին նույն թվականին խորհրդարան բերված «Քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը» անվանումով օրինագծին։

Նշվում է, որ գրեթե նույն վիճակն է եվրոպական այլ երկրներում՝ Հոլանդիայում, Բելգիայում, Դանիայում, Ավստրիայում ու Շվեյցարիայում, որտեղ թուրք պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ կան:

«Եթե Թուրքիային վերաբերող հարցերում թուրք պատգամավորները ցանկանում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ու Թուրքիային դեմ օրինագծերին աջակցություն են ցույց տալիս, նշանակում է, որ այս գործում ինչ-որ բան այն չէ»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ այս հարցի լուծումը հնարավոր է թուրքական պետությանն ու ժողովրդի, Եվրոպայի թուրքական կազմակերպությունների ղեկավարների, թուրք գործարարների ու սփյուռքի թուրքերի՝ Թուրքիայում բնակվող ազգականների համագործակցությամբ միայն:

Աղբյուր`   Ermenihaber.am/Yeni Şafak

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031