Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մյուս քաղբանտարկյալների կյանքին եւս վտանգ է սպառնում»․ ցուցարարները՝ դատարանի առաջ (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 18,2022 22:00

«Հայրենիք» կուսակցության անդամներն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի առաջ էին՝ բարձրաձայնելու, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ եւ նրանք անազատության մեջ են Նիկոլ Փաշինյանի իշխանության որոշման պատճառով։ Քաղաքացիները դատարանի դարպասներին ամրացրին կալանավորված Նարեկ Մանթաշյանի, Հայկ Սարգսյանի, Միկա Բադալյանի, Արսեն Մարտոյանի, Ավետիք Չալաբյանի, Գոռ Սարգսյանի, Գերասիմ Վարդանյանի, Մամիկոն Ասլանյանի, Տարոն Մանուկյանի, Տիգրան Խաչատրյանի լուսանկարները։

«Իշխանությունն այլեւս մնացել է ռեպրեսիաների հույսին, այլ տարբերակ չունի։ Երբ գալիս էին իշխանության, սիրո եւ հանդուրժողականության դրոշն էին ծածանում, հպարտանում, թե աշխարհին սիրո ու հանդուրժողականության հեղափոխություններ են մատակարարելու․․․տարիներ անց ականատես ենք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մուրճը ձեռքին շրջում էր․ սերն ու հանդուրժողականությունը վերափոխվեցին մուրճի, թշնամանքի, ատելության։ Սրանք քաղաքական դատեր են։ Ցավալիորեն ականատես եղանք Արմեն Գրիգորյանի մահին։

Իշխանությունը նրան զրկեց ազատությունից եւ հասցրեց մահվան»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ մյուս քաղբանտարկյալների կյանքին եւս վտանգ է սպառնում․ «Նրանք ազատությունից զրկված են այն բանի համար, որ համարձակվել են քննադատել իշխանությանը։ Նման ռեպրեսիաների  է դիմում մի խմբակ, որը ժամանակին ընդդիմություն էր ու բողոքում էր իշխանություններից։

Այս բանտարկվածները նախկին պաշտոնյաներ չեն, չեն լափել ու թալանել, այլ անհամաձայնություն են հայտնել։ Ինչի՞ մեջ են նրանց մեղադրում, թող մեղադրանքը փաստարկեն եւ ազատությունից զրկեն, մարդն իրավունք չունի՞ իշխանությանը քննադատել»։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի այս նստավայրում այսօր քննվեց բլոգեր, «Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանի կալանքի ժամկետի երկարեցման վերաբերյալ քննիչի միջնորդությունը․ այն բավարարվեց։ Ըստ ԱԱԾ-ի՝Միկա Բադալյանը,  չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022թ․-ին իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։

Խաղաղ ցույցի ժամանակ կազմակերպիչներից մեկը նաեւ հայտարարեց՝ դատարանից ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, որ ցուցարարները խանգարում են իրենց աշխատանքը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031