ԲՀԿ-ին առնչվող «ընտրակաշառքի» գործով, մեկ տասնյակից ավելի անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Քրեական պատասխանատվությունից ազատվածների անունները դեռ չեն հրապարակվում: Միայն հայտնի է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այդ ցանկում չկա:
Նման պարագաներում օրենքով սահմանված է հետեւյալ կարգը՝ եթե մեղադրյալը համաձայնում է վաղեմության ժամկետի կիրառման հետ, քրեական հետապնդումը դադարեցվում է, հակառակ դեպքում գործը քննվում է սովորական ընթացակարգով։
Հիշեցնենք, նախորդ գումարման խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում, երբ սկսեց քննադատել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ պահանջելով նրա հրաժարականը։ 2020-ի մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկեց Ծառուկյանի՝ Կոտայքի մարզում գտնվող առանձնատունը՝ ցուցադրելով դրանց կադրերը։ Ընդդիմադիր գործչին մեղադրեցին 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից, ապա կալանավորեցին։ Նա անազատության մեջ մեկ ամիս անցկացրեց, ապա ազատ արձակվեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց։
Կհամաձայնի՞ Գագիկ Ծառուկյանն իրավապահների առաջարկին՝ դադարեցնել քրեական հետապնդումը, բայց չհամարվել արդարացված, թե՝ ոչ, ԲՀԿ-ում չեն մեկնաբանում։ Այս հարցի պատասխանը չունի նաեւ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ