Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որքան շատ  արտատարածաշրջանային առանցքային դերակատար Հայաստանի գործընկերները սերտացնեն հարաբերությունները Բաքվի հետ, այդքան կավելանան Բաքվի նկատմամբ ԵՄ զսպման մեխանիզմներն ու լծակները. Արման Բաբաջանյան

Հուլիս 18,2022 20:40

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տասը և ավելի տարիներ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ՀԱՊԿ դաշնակից Բելառուսը մահաբեր սպառազինություն են վաճառել Ադրբեջանին՝ գրեթե անխուսափելի դարձնելով նոր պատերազմի հավանականությունը:

Չնայած Հայաստանի մերթընդմերթ դժգոհություններին, Մոսկվան  վկայաբերելով իր տնտեսական և քաղաքական շահը, իսկ Մինսկն առհասարակ ոչ մի բացատրություն չտալով՝ վաճառել են Բաքվի բռնապետի պահանջած ցանկացած սպառազինություն:

Ինչ-որ պահի մեզ թվում էր, որ որպես ռեգիոնալ կարևոր դերակատար Ռուսաստանը հավելյալ զսպման միջոց է իր [մեզ] համար ստեղծում ընդդեմ Բաքվի՝ հնարավոր էսկալացիա թույլ չտալու համար:

44-օրյա պատերազմը բոլորովին այլ պատկեր ի հայտ բերեց: Եվ այդ իրականությունը մեզ ոչ թե պետք է հուսահատեցներ, այլ հակառակը՝ մենք այլ՝ բոլորովին նոր կերպով պետք է սկսեինք հասկանալ և գնահատել մեր ռեգիոնալ համեստ դերն ու կարևորությունը:

Այժմ, մեր տարածաշրջանում նոր աշխարհակարգ է հաստատվում՝ մի կողմից ռուս-թուրքական, ռուս-թուրք-ադրբեջանական, ավելի թույլ դերակատարմամբ ռուս-թուրք-իրանական, մյուս կողմից ԵՄ և ԱՄՆ:

Տարածաշրջանում ակտիվ ներկայություն են արտարածաշրջանային Հնդկաստանը, Չինաստանը, Ծոցի առանձին երկրներ: Հայաստանի գլխավոր նպատակը պետք է լինի առավելագույնս գնահատել բոլորի առանձին և հավաքական շահերը, հավասարակշռել դրանք,  մանևրել և առաջ մղել հայկական շահը:

Ադրբեջանը և ԵՄ-ը այսօր Բաքվում «Ռազմավարական էներգետիկ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Հաշվի առնելով Հայաստան-ԵՄ համագործակցության մասշտաբն ու ծավալը՝ Հայաստանի անվտանգության, տնտեսության, գիտության զարգացման, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ճանապարհների ապաշրջափակման,  սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի մեր հայրենակիցների սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի իրացման խնդրում Եվրամիության անփոխարինելի, կարևոր և վստահելի դերակատարությունը,  Երևանի համար պետք է նախընտրելի լինի Բաքվի և Բրյուսելի հարաբերությունների սերտացումը:

Որքան շատ  արտատարածաշրջանային առանցքային դերակատար Հայաստանի գործընկերները սերտացնեն հարաբերությունները Բաքվի հետ, այդքան կավելանա Երևանի և Բաքվի միջև դժվարագույն հարցերում և արցախյան հակամարտության վերջնական, տևական խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ կնճռոտ խնդիրների հաղթահարման Բաքվի նկատմամբ ԵՄ զսպման մեխանիզմներն ու լծակները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031