Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Սիմոնյանն ընտրել է, իր բառապաշարով ասած, կեղտոտ մի այլ ճանապարհ, որով հանձնաժողովին մեղադրում է թիրախային իրեն հետապնդելու մեջ»․ Սերգեյ Մարաբյան

Հուլիս 18,2022 20:25

«Տիգրան Սիմոնյանն ընտրել է, իր բառապաշարով ասած, կեղտոտ մի այլ ճանապարհ, որով հանձնաժողովին մեղադրում է թիրախային իրեն հետապնդելու մեջ»,-ԲԴԽ-ում հայտարարեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը։

Հուլիսի 18-ին ԲԴԽ-ում կայացավ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Ըստ Հանձնաժողովի ներկայացրած միջնորդության՝  դատավոր Տիգրան Սիմոնյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝  2022 թվականի հունվարի 13-ին կայացված դատական ակտի պահանջը նախ ի կատար է ածվել քաղվածքով, իսկ բուն որոշումը հանձնվել է դատավարության մասնակիցներին միայն 2022 թվականի փետրվարի 10-ին:

ԲԴԽ-ում տեղի ունեցող քննությանը չէր մասնակցում Տիգրան Սիմոնյանը։ Նա հեռախոսազրույցում պատճառաբանել էր, որ ծանրաբեռնվածության պատճառով ներկայանալ չի կարող։ ԲԴԽ անդամները որոշեցին նիստը շարունակել առանց դատավորի ներկայության։

Նշենք, որ Տիգրան Սիմոնյանն էլ միջնորդություն էր ներկայացրել Դատական դեպարտամենտից վիճակագրական տվյալներ ստանալու մասին։ Այս առիթով Սերգեյ Մարաբյանը ԲԴԽ-ում հայտարարություն արեց․ «Պարոն Սիմոնյանը լրացուցիչ նյութեր պահանջելու անհրաժեշտության միջնորդությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ հանձնաժողովը թիրախավորել է իրեն՝ քաղաքական նպատակներից, շահերից ելնելով։ Միևնույն ժամանակ նշում է վեթինգի անհրաժեշտության մասին՝ հանձնաժողովի դատավոր անդամներից սկսելով։ Կոնկրետ նշում է հանձնաժողովի մեկ անդամին։ Չեմ կարող ասել՝ ում․ ինձ վրա կարող եմ վերցնել։ Ինքը ոչ թե հերքում է  իրեն ներկայացված խախտման փաստը, այլ պարզապես ընտրել է իր տերմինաբանությամբ ասած՝ կեղտոտ մարտավարություն՝ զրպարտելով հանձնաժողովին կոնկրետ քաղաքական, նպատակային թիրախավորված հետապնդում իրականացնելու համար։ Ցավում եմ իր համար, որ իջել է  այդ աստիճան և նման մոտեցմամբ է հանդես գալիս։ Առավել ևս պարոն Սիմոնյանը, հնարավորություն ունենալով հանձնաժողովին նյութեր ներկայացնել, բացատրություն տալ, հրաժարվել է դրանից։ Իրականում որպես Վերաքննիչ դատարանի դատավոր՝ տեղյակ եմ դատավորների ծանրաբեռնվածությանը, որին Տիգրան Սիմոնյանը հղում է կատարում։ Երևի նա տեղյակ չէ, որ հանձնաժողովը նույնատիպ հարցեր էր քննարկել, հարուցել վարույթներ»։

Պարոն Մարաբյանն ընդունում է, որ դատական ակտերն ընդհանրապես ուշ են տրվում․ սա համակարգային խնդիր է, բայց միևնույն ժամանակ նշում․«Խնդիրն այն է, թե որ դատական ակտերն են ուշ տրվում։ Երբեք որևէ դատավոր անձին արգելանքի վերցնելուց հետո մի ամիս չի որոշում ուշացնել դատական ակտը, ինչը հիմա դիտարկում ենք։ Այն փաստերը, որով փորձում է Տիգրան Սիմոնյանը հիմնավորել, այո, բոլորը ուշացնում են, դա համակարգային խնդիր է, հիմնավոր չեն։ Ստացվում է՝ ինքը չի ժխտում, որ խախտումը թույլ է տվել, ասում է՝ քանի որ բոլորը խախտում են թույլ տալիս, ես խախտում թույլ պիտի տամ ու պատասխանատվություն չկրեմ։ Միգուցե հանձնաժողովը, հաշվի առնելով իր ծանրաբեռնվածությունը, որոշում կայացներ ԲԴԽ չդիմել։ Ամբողջ խնդիրն այն է, որ նաև մեզ է զրկել այս վարույթի շրջանակներում հստակ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից»։

ԲԴԽ անդամ Արմեն Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեց Դատական դեպարտամենտի միջոցով ստանալ՝ Վերաքննիչ դատարանի՝ հունվար-հուլիս ժամանակահատվածի համար քանի քրեական գործով քաղվածքի հիման վրա են անձին կալանավորել, տեղափոխել ՔԿՀ, երբ են այդ գործերով ուղարկել դատական ակտեր՝ ըստ դատավորների թվի։ Այս միջնորդությունը բավարարվեց։ Ապացույցների ներկայացման համար կողմերին որոշվեց տրամադրել երկշաբաթյա  ժամկետ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031