Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո երկու երկրների պաշտոնական հաղորդագրությունները մի շարք հարցերի տեղիք են տվել: Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ընդգծվել է «Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրս բերման վերաբերյալ»: Բացի այդ, Ադրբեջանի արտգործնախարարը, անդրադառնալով հումանիտար խնդիրներին, ընդգծել է «մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարեւորությունը»։
Իսկ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ խոսք չկա այն մասին, որ հայկական կողմն ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի դուրս բերման կարեւորության մասին: Արարատ Միրզոյանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռեւս պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ եւ անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաեւ հայատյաց եւ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նշեց, որ իրականում այստեղ խնդիրը Հայաստանի անողնաշար քաղաքականության հետևանքներն են. «Այս իշխանությունները պաշտոնները ստանձնելուց հետո կատարում են գործողություներ, որոնք էապես հակասում են տրամաբանությանը ու մինչ այդ արած հայտարարություններին: Ադրբեջանական կողմն ունի հստակ օրակարգ՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ հայկական կողմն ապակառուցողական է: Իրենք խոսում են հայկական զորքերի դուրսբերման, իբր թե հայկական կողմից կրակոցների մասին, բոլոր հանդիպումների պայմանավորվածությունների մասոն անընդհատ մեղադրում են հայկական կողմին ձգձգելու մեջ: Այս հայտարարությունները պատահական չեն: Ուզում են Հայաստանի ապակառուցողական կողմն ընդգծել միջազգային հանրության աչքերում, որ հետագայում ռազմական ագրեսիան, որը իմ կարծիքով լինելու է, լեգիտիմ հիմքեր պարունակի:
Հայկական կողմից արվող հայտարարությունները ես առաջին հերթին կապում եմ անողնաշար քաղաքականության եւ երկրորդը՝ հնազանդվելու քաղաքականության հետ: Պարտված ղեկավարությունն ու պարտված իշխանությունները ի կատար են ածում բոլոր այն հակահայկական պահանջները, որոնց դեմ շուրջ 28 տարի պայքար է տարվել այլ ղեկավարների կողմից: Հետեւաբար, այլ ղեկավարներ, ունենալով հաղթող կարգավիճակ, միջազգային հանրության մոտ ունեին թելադրող դիրք ու իրենց չէր կարող պարտադրվել այն իրականությունը, ինչը պարտադրվում է պարտված Նիկոլ Փաշինյանին: Ես ավելի շատ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականությունն անվանում եմ Նիկոլի ջարդի քաղաքականություն, այսինքն, ոչ թե ՆԻկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է բերում, այլ հայկական ջարդի դարաշրջան է բերում: Դրա վառ վկայությունը վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններն են, ապատեղեկատվության տարածումը, նոր սպառազինությունների գնումը, բավական մեծ ինտենսիվությամբ Թուրքիայի եւ այլ պետությունների ներգրավմամբ զորավարժությունների անցկացումը: Բոլոր ֆրոնտներում՝ քաղաքական եւ ռազմական, ադրբեջանական կողմը պատրաստվում է պատերազմի, իսկ մենք ուղղակի հնազանդվում ենք հիմնականում Թուրքիայից եկող ազդակներին: Բազմիցս է նշվել, որ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում է Ադրբեջանի հետ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Արարատ Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո Ադրբեջանի հաղորդագրության մեջ ասվում է, որ ընդգծվել է մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարեւորությունը, այս թեզն առաջ տանելով՝ ադրբեջանական կողմն ի՞նչ սպասելիքներ ունի՝ Գառնիկ Դավթյանը պատասխանեց. «Ադրբեջանական կողմը փորձում է Հայաստանի դեմ նոր հայց ներկայացնել միջազգային դատարաններում՝ ի պատասխան այն հայցերի, որոնք մենք ենք ներկայացրել: Եվ այդ հայցերից մեկը կլինի օրինակ ցեղասպանված ադրբեջանցիները՝ առաջին պատերազմի ժամանակ համատեքստում: Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում անհայտ տեղանքում իբր թե հայտնաբերել են անհայտ գյուղում գյուղացիների մասունքներ՝ ոսկորներ մարդկային ու դա ներկայացվեց՝ որպես կոտորածի հետեւանք:
Ադրբեջանական քարոզչամեքենան, պաշտոնական լրատվությունը, սոցցանցերը ռեպորտաժներ էին պատրաստել, թե ինչպես են հարազատները լացում, ողբալու տեսարաններ կային ու դա ներկայացվում էին՝ որպես իրենց ցեղասպանված հարազատների, բարեկամների արտաշիրիմման աշխատանքների համատեքստում: Բայց ուշագրավ է, որ նախ ոսկորները տեսանելի չէին, առանձին նկար կար ոսկորների, բայց որ մարդիկ լացեին ոսկորների վրա, դա չէր երեւում, շատ հավանական է, որ դա բեմադրված լինի: Ադրբեջանական կողմը փորձում է լեգիտիմացնել ցեղասպանված ադրբեջանցիներ թեզը, վերջին 30 տարում ակտիվ քարոզչություն էր տանում «Խոջալուի ցեղասպանության» մասով արտերկրում: Փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ ինքն ունի իրավունք հայերին կոտորելու կամ տարածքներ գրավելու, կամ ինչպես իրենք են ասում՝ ազատագրելու: Ինչ արվեց հայկական կողմից, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կողմից տեղանք հանձնվեց, նշվեց, թե որտեղ են թաղված, այսինքն, պաշտոնական մակարդակով ընդունեցին, որ հայերն են այդ մարդկանց թաղել այդտեղ ու ադրբեջանական կողմը կարող է հայց ներկայացնել ու ներկայացնել նրանց՝ որպես ցեղասպանված: Դրանք հայկական կողմից փոխանցված փաստեր են արդեն ու ադրբեջանական կողմը կարող է իր ուզած ձեւով մեկնաբանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ