Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ ոչ ոք չի ասել՝ դու գազ տուր՝ ես քո մեջքին եմ». «Պատմության ուսուցչի գործով» հետաքրքիր զարգացումներ

Հուլիս 18,2022 21:00

«Ես չեմ հիշում, որտեղից են ձեռք բերել: Ես ոչ մի բան չեմ պնդում, ես ասում եմ՝ հնարավոր է, որ ինձ ուղարկել են, կամ՝ դրել են՝ լսել եմ, ես եմ վերցրել, կամ՝ համացանցից եմ գտել: Ես չեմ պնդում ոչ մի բան, հարյուր տոկոսանոց բան չեմ ասում»,- այսօր դատարանում հայտարարեց «պատմության ուսուցչի գործով» վկա Մոնթե Մախսուդյանը: Այս վկայի ցուցմունքը կարեւոր է, քանի որ, ենթադրվում է, որ հենց նա էր ներբեռնել աղմկահարույց տեսանյութը, որը գործի հիմնական ապացույցն է:

Մոնթե Մախսուդյանն այն երիտասարդն է, որը 2021թ.-ի մայիսի 9-ի գիշերը ձու էր նետել ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի պաստառի վրա ու այդ մասին պատմող տեսանյութ տարածել համացանցում: Մոնթեի մայրը կիսվել էր որդու տարածած տեսանյութով ու բառացի գրել. «Վայ Մոնթե Մոնթե` սա էն պահն ա որ ասում ա կամ պետք ա խբեմ կամ պետք ա քրֆեմ, կամ էլ ձվով հարվածեմ, առավոտ Ռոբը ձվաձեղ կուտի…»։

Հիշեցնենք, որ Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին, Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար: Մասնավորապես, նա հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուք»-ում: Հայտնի չէ, թե ուսուցչին ո՞վ է ձայնագրել: Հիշեցնենք նաեւ,որ Երեւան քաղաքի վարչության անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Տիգրան Խաչատուրյանի ներբեռնած տեսանյութը դատարանն իբրեւ ապացույց չճանաչեց: Մեղադրող կողմը դատակոչել է Մոնթե Մախսուդյանին, իբրեւ ձայնագրության տարածման սկզբնաղբյուր:

Հակոբ Գրիգորյանի շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանը վկայից հետաքրքրվեց՝ ի՞նչ կապերի մեջ է իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ: Վկան պատասխանեց՝ բոլոր ոլորտներում էլ ունի տարբեր կապեր՝ ընկերական, բարեկամական, բայց իրավունք ունի չկոնկրետացնելու, թե ո՞ւմ հետ եւ ի՞նչ կապեր ունի: Պաշտպանը պնդեց, որ իր հարցը գործին կոնկրետ վերաբերվող է, քանի որ հայտնի չէ, թե ինչպե՞ս է ձայնագրվել կամ ենթադրաբար ձայնագրվել տվյալ նյութը եւ հայտնվել համացանցում. վարկածներից մեկն էլ այն է, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն են իրենց մերձավորների եւ մտերիմների միջոցով դա իրականացրել, ինչի դիմաց տվյալ անձին աշխատանք է առաջարկվել՝ «չգիտեմ որտեղ, օրինակ, Արարատի մշակույթի տանը»: Հիշեցնենք, որ Մոնթե Մախսուդյանը 3-4 ամիս է ինչ աշխատանքի է անցել Արարատի մշակույթի տանը:

Ռուբեն Մելիքյանը մեջբերեց Մոնթե Մախսուդյանի ֆեյսբուքյան տեսաուղերձից, որտեղ նա աշակերտներին, ուսանողներին դիմելով՝ ասում է, որ եթե նրանց ուսուցիչները կամ դասախոսները «քաղաքականությունից նման բաներ կխոսեն»՝ տեսագրեն, ձայնագրեն եւ ուղարկեն իրեն՝ թե «Ֆեյսբուքով», թե «Ինստագրամով»՝ հավելելով, որ «սրանք բոլորը պիտի պատասխան տան՝ իրենց արածների եւ չարածների համար»: Պաշտպանը խնդրեց պարզաբանել՝ ի՞նչ է նկատի ունեցել վկան սա ասելով:

«Հիմա պետք է գլուխ գովամ եւ եւս մեկ անգամ հպարտանամ, որ այդ ժամանակ փորձել եմ օգնել ուսանողներին եւ աշակերտներին, որը որ ես շարունակելու եմ անել: Հիմա, որ էստեղից դուրս գամ, էլի շարունակելու եմ անել ինչ-որ արել եմ, բացարձակ ոչ մի բան չի փոխվել իմ մոտ: Իսկ ինչ վերաբերվում է՝ դասախոսները երեխաներին ինչ են քարոզում, չի կարելի փոքր երեխաներին, փոքր ժամանակվանից քարոզել, որ քո պետության դեմ դուրս արի, քո պետության ղեկավարների: Պետք չի փոքր ժամանակվանից ագրեսիվացնել երեխաներին: Պետության ղեկավարների դեմ ագրեսիվացնելով՝ ագրեսիվացնում ենք դատարանների դեմ, ոստիկանի դեմ, բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր կապ ունեն պետության, երկրի հետ, ովքեր պաշտպանում են պետության շահերը»: Վկան հստակ չասաց, թե ի՞նչ է նկատի ունեցել՝ «պատասխան եք տալու արածների եւ չարածների համար», ասաց, որ նման խոսք կա ուղղակի եւ կան արած բաներ, որոնք չեն բացահայտվել, բայց անպայման բացահայտվելու են: Ռուբեն Մելիքյանը հավելեց՝ իր հետագա խոսքում վկան ասում է, որ ինքը «կարող է այդ խնդիրը լուծել» եւ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս, արդյոք իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ իր կապերի միջոցով: «Ձեր ասած կապը ես չունեմ քաղաքական բարձր գործիչների հետ, ինձ ոչ ոք չի ասել՝ դու գազ տուր՝ ես քո մեջքին եմ»,- ասաց վկան՝ հավելելով, որ հարցերին լուծում տալն ինքը պատկերացնում է դրանք բարձրաձայնելով եւ հետագա իրավական գործընթացով: Ռուբեն Մելիքյանը շարունակեց մեջբերել վկայի խոսքը, որտեղ նա ուսանողներին եւ աշակերտներին ասում է՝ եթե կվախեցնեն իրենց, որ լռեն, ապա թող գրեն իրեն եւ «ես, մի հիսուն հոգանոց բանակով, կգամ էդտեղ եւ կտեսնենք՝ ովքե՞ր են իրենք ու ի՞նչ են ուզում»: Վկան պարզաբանեց՝ իր 50 հոգանոց բանակը ՀՀ ոստիկանությունն է, նրանց օգնությանը պետք է դիմեր:

Մեղադրյալ Հակոբ Գրիգորյանն էլ վկայից հետաքրքրվեց՝ նախկին բարձրաստիճան ոստիկան Լյովա Մախսուդյանն իր բարեկա՞մն է: Վկան ասաց՝ այդ անուն-ազգանունով բարեկամ ունի, բայց չգիտի նրա ով լինելը: Հակոբ Գրիգորյանը նաեւ հարցրեց՝ օգտատեր Ալինա Մախսուդյանն ինչո՞ւ է համացանցում կոչ անում իրեն դատել, կախել, որ իբրեւ նա կոռումպացված է, գնահատականներ է վաճառել եւ այլն: Պարզվեց այդ օգտատերը վկայի մայրն է: Դատարանն առարկեց, վկայի հարցաքննության թեմային չվերաբերվող հարցեր են: Հակոբ Գրիգորյանը նաեւ հետաքրքրվեց՝ համամի՞տ է տեսանյութի տակ թողնված մեկնաբանությունների հետ, մասնավորաբար, որ «Նիկոլը Հայաստանը պիտի տա թուրքին, սրա նմաններին էլ հետը»: Վկան ասաց՝ կրկին պետք է «գլուխ գովի», մեկնաբանությունների 50 տոկոսն իր հասցեին գովեստի խոսքեր են, բայց հավելեց, որ ոչ բոլոր մեկնաբանությունների հետ է ինքը համամիտ: Դատավորը հանեց մեղադրյալի մյուս հարցն էլ՝ վկան համաձա՞յն է, որ «Նիկոլը Հայաստանը պետք է տա թուրքին, Ղարաբաղն էլ հետը»:

Ռուբեն Մելիքյանը միջնորդեց՝ ապացույց-ձայնագրությունն անթույլատրելի ճանաչեց, քանի որ վկայի հարցաքննությամբ, աղբյուրը չբացահայտվեց: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ պնդելով, որ այս փուլում որեւէ հիմք չկա ձայնագրությունն ապացույցների շարքից հանելու համար: Պաշտպանն ուշադրություն հրավիրեց, որ միեւնույն գործով, միեւնույն հարցի վերաբերյալ դատարանը երկու տարբեր մոտեցում է հայտնել՝ ավելի վաղ ապացույց չճանաչելով ոստիկանի կողմից ներբեռնված ձայնագրությունը: Պաշտպանը պնդեց, որ գործ ունենք վտանգավոր երեւույթի հետ՝ քողարկված քննչական գործողության, քանի որ մեղադրողի կողմից, հանկարծ ինչ-որ ձայնագրություն է հայտնվում ու անհասկանալի է, թե ՀՀ-ում գրանցված 2-3 միլիոն օգտատերերի պարագայում ինչպե՞ս հայտնաբերվեց տվյալ տեսանյութը: Նրա գնահատմամբ, մենք չտեսանք, թե ինչպե՞ս է մեղադրողի կողմից ձեռք բերվում տվյալ ապացույցը, ուստի սա նաեւ ՀՀ քրեադատավարական օրենսգրքի խախտում է:

Դատարանն անցավ վիճաբանությունների փուլին:

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին, ժամը 11.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031