Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի նախագահը խոսել է խաղաղության դարաշրջանի մասին, բայց դրա տակ այնպիսի բովանդակություն կա, որը ենթադրում է հայկական պետականության ավարտ». Տաթեւիկ Հայրապետյան

Հուլիս 18,2022 19:15

Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո երկու երկրների պաշտոնական հաղորդագրությունները մի շարք հարցերի տեղի են տվել: Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ընդգծվել է «Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ»: Բացի այդ, Ադրբեջանի արտգործնախարարը, անդրադառնալով հումանիտար խնդիրներին, ընդգծել է «մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարեւորությունը»։

Իսկ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ խոսք չկա այն մասին, որ հայկական կողմն ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի դուրս բերման կարեւորության մասին: Արարատ Միրզոյանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռեւս պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ եւ անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաեւ հայատյաց եւ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն ասաց. «Եթե խոսենք հայկական կողմի տարածած հաղորդագրության մասին, ապա, կարծում եմ, փորձ է արվել շեշտել, որ հայկական կողմը խոսել է Լեռնային  Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին, այսինքն, պնդել է, որ այդ հարցը գտնվում է օրակարգում՝ ի հակառակ ադրբեջանական պնդումների եւ երկրորդ դրույթը վերաբերվում է հումանիտար հարցերին, որտեղ ընդհանրական խոսվում է ե՛ւ ռազմագերիների ազատ արձակման, ե՛ւ ընդհանուր ձեւով հայրենադարձման մասին: Ադրբեջանական կողմում փոքր-ինչ այլ ձեւակերպումներ են, մասնավորապես դրանք բխում են այդ հանդիպման նախորդ օրը Ալիեւի հնչեցրած ելույթից, որտեղ Ադրբեջանի նախագահը շեշտել էր, որ  հայկական կողմը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ նոյեմբերի 9-ով պայմանավորված հայկական ԶՈՒ-ի դուրսբերման հետ կապված: Ընդ որում, սա ամբողջությամբ սուտ է, որովհետեւ նույն ճգնաժամային խմբի զեկույցներից մեկում հստակ նշված է, որ հայկական կողմի վերջին զինծառայողներն արդեն դուրս են եկել ԼՂ-ից՝ Արցախից:

Միջազգային զեկույցները եւս դրա օգտին են  խոսում: Ու դրա հետ մեկտեղ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ էր այն, որ երբ հայկական կողմը հումանիտար խնդիրներից է խոսում՝ փորձելով շեշտել ռազմագերիների հարցը, իրենք նոր թեզ սկսեցին դնել շրջանառության մեջ: Նախորդիվ խոսում էին ականազերծման քարտեզների խնդրից, սակայն այդ թեման այժմ համարում են փակված: Հայկական կողմը հայտարարեց, որ բոլոր քարտեզները տվել է ու Ադրբեջանը, թեեւ դժգոհ էր արդյունքներից, բայց այժմ առաջին արցախյան պատերազմի հետեւանքով կորածների մասին են խոսում: Ընդ որում թիվ են նշում՝ 4000 հոգի: Սա նոր քարոզչաթեզ է ու ադրբեջանական կողմը դա ինտենսիվ դնում է շրջանառության մեջ: Քաղաքական որդեգրած գծի առումով մեր ցանկացած հարցին իրենք փորձում են  նոր թեզ առաջ բերել, որ հայկական կողմը այդ թեզի հետ կապված փորձի ինչ-որ բան  ասել կամ չասել: Դա ինտենսիվ մտնում է նաեւ միջազգային հանրության օրակարգ, սա է ցավալին»:

Ըստ Տաթեւիկ Հայրապետյանի, խոսել առաջին պատերազմի 4000 անհետ կորածների մասին, անհեթեթ երեւույթ է. «Ես իրականում զարմանում եմ ու եթե ուշադրություն դարձնեք, նաեւ վերջին շրջանում Շառլ Միշել-Փաշինյան հանդիպումների ժամանակ էլի խոսվեց նաեւ նախկին պատերազմի պատճառով անհետ կորածների ճակատագրի հետ կապված, բայց կոնկրետ թիվ չէր ասվել: Ես չգիտեմ՝ հայկական կողմը կամ նույն արտգործնախարարությունը որքանով է ուսումնասիրում այդ թեզը կամ ինչպես է պատրաստվում կանխել դրա հետագա տարածումը, բայց սա նորովի ադրբեջանական կողմը փորձում է թելադրել միջազգային հանրությանը: Իսկ մեր տարածքում ադրբեջանական կողմի առկայության հետ կապված հետքայլը, ցավոք, նոր չի կատարվել: Երբ հայկական կողմը, նույն վարչապետ Փաշինյանը առաջ համառորեն հայտարարում էին, որ չեն գնա սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի, մինչեւ զորքերը հետ չբերվեն ելման դիրքեր, իրենք այդ հարցից հանգիստ հետ են կանգնել: Մենք ենք մեր դիրքերից անընդհատ նահանջում, Ադրբեջանը շարունակաբար նոր թեզեր է դնում շրջանառության մեջ»:

Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով՝ այն օրակարգը, որը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որդեգրել են, անբովանդակ օրակարգ է. «Եթե խոսվում է խաղաղության մասին՝ չգիտեմ դարաշրջան կբացեն, թե տասնամյակ, թե երկու շաբաթով խաղաղություն կխոստանան մարդկանց, բայց դա պետք է ունենա բովանդակություն: Ադրբեջանն էլ է ասում՝խաղաղության ենք պատրաստվում, նույնիսկ Ադրբեջանի նախագահը խոսել է խաղաղության դարաշրջանի մասին իր վերջին ելույթներից մեկում, բայց դրա տակ այնպիսի բովանդակություն կա, որը ենթադրում է ուղղակի հայկական պետականության ավարտ: Այսինքն, եթե ինքը պահանջում է հրաժարվել Արցախից, տարածքային հավակնություններ ունի Սյունիքի շրջանի նկատմամբ, վերջին շրջանում շատ ագրեսիվ ձեւով «ակադեմիական» շրջանակները սկսել են հիմնավորել Երեւանի նկատմամբ իրեն հավակնությունները: Ընդ որում, եթե մեզ մոտ ակադեմիական շրջանակները զբաղվել են այս կեղծարարությունների բացահայտմամբ, բայց դրանք երբեք քաղաքականության մաս չեն դարձել: Իրենց մոտ ուղղորդվում է դա առաջին հերթին քաղաքական պատվերից: Դրան զուգահեռ շատ ավելի վտանգավոր երեւույթ կա, որն արտացոլվեց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում՝ ակնհայտ ռազմական սպառնալիքը ու ագրեսիայի գնալու հնարավորությունը, երբ ասաց, որ իրենք քանի որ հաղթող կողմ են, իրենց անելիքը գիտեն, եթե հայկական կողմը իրենց ուզած կերպ չվարվի: Իսկ հայկական կողմը ամեն  անգամ եւս մի քայլ է զիջում իր դիրքերից, հետո եւս մեկ քայլ: ՔՊ ծրագրում նշել էին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հիմա հրաժարվում են  դա ասել, հետո խոսել են կարգավիճակից եւ ազգերի ինքնորոշման իրավունքից, հիմա ընդհանրապես ինքնորոշման իրավունքից չեն խոսում: Սա դադար չունեցող գործընթաց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031