Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աշխատանքային օրենսգրքի լրամշակված նախագծով ավելի վատթարացել է անգամ գործող կարգավորումը»․ Գենյա Պետրոսյան

Հուլիս 18,2022 18:15

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ է նախաձեռնել։ Փաթեթն այսօր ներկայացվեց «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության, ԲՀՀ –Հայաստան եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի կազմակերպած «Աշխատողների հզորացումն աշխատանքային բարեփոխումների միջոցով» քննարկման ժամանակ։

Փաթեթը կատարյալ չէ, դրանում առկա խնդրահարույց դրույթների վերաբերյալ քաղհասարակությունը որոշ առաջարկություններ եւ դիտարկումներ է ներկայացրել։

«Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի» ղեկավար Գենյա Պետորսյանն այսօր քննարկման ժամանակ ասաց, որ օրենսդրական փոփոխության փաթեթում խնդիր կա խտրականության վերաբերյալ կարգավորումների առնչությամբ ․«Խարտիայի պահանջների հետ համեմատելով՝ անուղղակի խտրականության սահմանման հետ կապված խնդիր կա, այսինքն՝ ունենք լիարժեք կարգավորման խնդիր՝ աշխատանքի ընդունման փուլում խտրականության արգելքի հետ կապված։ Աշխատանքային հարաբերություններում խտրականության հետ կապված գործերով դատավարական գործընթացում ապացուցման բեռը հօգուտ հայցվորի բաշխելու կանոնի սահմանման մասով քաղաքացիական դատավարությունում կարգավորում կա, սակայն դա անդրադառնում է առանձին վեճերին։ Իսկ խտրականության խնդիրները կարող են դրսեւորվել ամենատարբեր եղանակներով, եւ ամբողջական հարաբերությունների տեսանկյունից մենք ապացուցման բեռի բաշխման կանոն չունենք նախատեսած»։

Պետրոսյանն ասաց, որ չնայած երեխաների աշխատանքային իրավունքի ոլորտում առաջընթաց կա, նախագիծը համապատասխանեցվել է միջազգային խարտիայի պահանջներին, այնուամենայնիվ խնդիր է այն դրույթը, որ որպես տարիքի ելակետ պետք է հիմք ընդունվի պարտադիր կրթության ենթակա երեխաների առավելագույն տարիքը․«Կոմիտեն Հայաստանի հետ կապված հետեւություններում բազմիցս անդրադարձել է այս հարցին՝ առաջադրելով հարց՝ որն է Հայաստանում պարտադիր կրթության ենթակա երեխաների առավելագույն տարիքը, քանի որ թեթեւ աշխատանքին առաջադրվող պահանջը վերաբերում է թե՛ 15-ից ցածր տարիքի երեխաների համար, թե՛ պարտադիր կրթության ենթակա երեխաների համար։ Իսկ թեթեւ աշխատանք չի կարող համարվել այն աշխատանքը, որը չափազանց երկար է»։

Բացի այս, Պետրոսյանն անդրադարձավ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում նախատեսված փոխհատուցման տրամադրմանը․«Անօրինական լուծման դեպքում գործող օրենքով նախատեսված է աշխատողի վերականգնման անհնարինության դեպքում փոխհատուցում։ Լրամշակված նախագծով ավելի վատթարացել է անգամ գործող կարգավորումը։ Մասնավորապես գործող կարգավորմամբ նախատեսված փոխհատուցման նվազագույն չափն այժմ նախատեսվել է առավելագույն չափ՝ միջին աշխատավարձի։ Այս առումով սրվել է հակասությունը մեր միջազգային պարտավորությունների հետ»։

Նախագծով առաջարկվում է փոփոխություն աշխատանքային իրավունքի խախտման դեպքում, եւ նոր նախագծում նշվում է՝ առերեւույթ խախտում եզրույթը։ Պետրոսյանն ասաց, որ առերեւույթ բառը պետք է հանել, բոլոր դեպքերում աշխատողն իրավունք ունի դիմելու դատարան, որն էլ կտա գնահատական։

Նելլի Բաբայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031