Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի շրջանակում տեղի ունեցավ լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու արվեստին նվիրված համերգային երեկո, որի ընթացքում հնչեցին Պենդերեցկու Ջութակի թիվ 2 կոնցերտը՝ «Մետամորֆոզներ» և Թիվ 4 սիմֆոնիան՝ «Ադաջիո»։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Լետիցիա Մորենոն։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Պենդերեցկուն նվիրված համերգային երեկոյին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը։ Դեսպանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է խոսել մի բեմից, որտեղ 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ոչ վաղ անցյալում ղեկավարել է իր գլուխգործոցների կատարումները։ «Քշիշտոֆ Պենդերեցկին հաճախ էր այցելում Հայաստան և մեծ ճանաչում էր վայելում իր նախնիների երկրում։ 2009 թվականին նրան շնորհվել է ՀՀ պատվո շքանշան, իսկ 2013 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալ։ Վերջին անգամ նա Հայաստան այցելեց 2018 թվականին՝ նախ փետրվարին, իր ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում, ապա հունիսին՝ որպես Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթի պատվավոր ժյուրիի նախագահ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Պենդերեցկին գրեց իր թիվ 3 սաղմոսը։
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ժամանակակից դասականների փառատոնը Քշիշտոֆ Պենդերեցկու անունով կոչելու նախաձեռնությունը։ Այս փառատոնը լեհ-հայկական խոր և բարեկամական հարաբերությունների ևս մեկ փայլուն վկայություն է»,- իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում անցկացվում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Վաղը տեղի կունենա փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհնչեն երկու համաշխարհային պրեմիերաներ՝ Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիան, որը նվիրված է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործությունը բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար։
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Մամուլի հաղորդագրություն