Aravot.am-ին է դիմել Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը: Պրոֆեսորն ասում է, որ Սայաթ Նովա 15 հասցեի Հայաստանի երաժշտական ընկերության վարչական տարածքը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, եւ երկու շաբաթ է, ինչ 9 հարկերի` մեկ խողովակաշարով գնացող կեղտաջրերը թափվում են իրենց տարածք:
Պրոֆեսորն ասում է, որ տեւական ժամանակ է՝ անմխիթար վիճակ է, տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանին`թեժ գծով, դիմել է Կենտրոն վարչական շրջան, ԲՇՏ, համատիրություն, բայց խնդիրը չի լուծվել, բոլոր կառույցները լսում են, թե ինչի մասին է խոսքը, սակայն, այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում»:
Սրան գումարվում է նաեւ այն, որ իրենց վերեւի հարկի բնակիչը, պրոֆեսորի պնդմամբ, թույլ չի տալիս իր տարածք մտնել, ասում է` համոզված եմ, որ խնդիրը իմ բնակարանից չէ: «Շատ անդուր վիճակ է ստեղծվել, ո՞վ պետք է միջամտի, ինչպե՞ս կարող է քաղաքի կենտրոնում նման վիճակ լինել: Երեւանի քաղաքապետարանը ինձ եւ «Ոսկե մեդալ» է տվել, եւ «Արգիշտի» մեդալ, ի վերջո, հարգած մարդ ենք, եթե քաղաքապետարանը չօգնի, էլ ո՞վ պետք է օգնի»,-նեղսրտեց պարոն Ղազարյանը, որը երկու տարի առաջ էլ ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Երեւանի քաղաքապետարանից Aravot.am-ին թեմայի վերաբերյալ հետեւյալը հայտնեցին. «Շենքերի ներքին խողովակները ընդհանուր սեփականություն են, դրանց սպասարկմամբ ոչ Երեւանի քաղաքապետարանն է զբաղվում, ոչ էլ Կենտրոն վարչական շրջանը։ Այս դեպքում կամ պետք է սեփական միջոցներով խնդիրը լուծեն, կամ էլ դիմեն վերադաս գերատեսչությանը, տվյալ դեպքում` ենթադրում եմ, որ դա ԿԳՄՍ նախարարությունն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Գլխավոր լուսանկարը` Վիքիպեդիայից