«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացել է «Կողբ Վարդավառ» տոնակատարությունը։ Տավուշի մարզի Կողբ բնակավայրում միջոցառման 2 օրվա ընթացքում ելույթներով հանդես եկան բազմաթիվ արտիստներ ու խմբեր՝ Արամ MP3-ն, Nemra-ն, Ethno Colors-ն ու Hayat Projects-ը, իսկ Color Festival- ի շրջանակում՝ DJ Drred-ն ու DJ Mill-ը։
Տոնակատարությունը մեկնարկեց երեք խորհրդանշական կետերից` Բերդավանի Ղալինջաքար ամրոցից , Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցուց և Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց։ Վարդավառի տոնական երթը ավարտվեց Կողբի ֆուտբոլի մարզադաշտում, որն ուղեկցվեց ազգային երգուպարով, ավանդական խաղերով և յուրահատուկ շոու-ներկայացումներով։
«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ և´ Կողբում, և´ ողջ մարզի տարածքում Վարդավառը նշում են այնպիսի շուքով, ինչպես Ամանորը։
Կարդացեք նաև
«Մենք փորձեցինք կազմակերպել այնպիսի տոնակատարություն, որին կգան ոչ միայն տարածաշրջանից, այլև Երևանից։ Հիմնական նպատակը տարածաշրջանի և երևանաբնակների միջև կապի ամրապնդումն է, որպեսզի գան ծանոթանան տեղի մշակույթին, առանձնահատկություններին, ինչպես նաև օգտվեն հյուրանոցային ծառայություններից՝ նպաստելով նաև տնտեսական ակտիվությանը»,- հավելեց Մարիա Պետրոսյանը։
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը Aravot.am –ի հետ զրույցում նշեց, որ կարևորում է նման փառատոնների կազմակերպումը։ «Հայրենիքը սկսվում է սահմաններից, ինչու չէ հենց փառատոնների կազմակերպմամբ ևս պետք է ամրացնենք մեր սահմանները։ Այդ նպատակով՝ միջոցառման մասնակիցների շարքում մենք ընդգրկել ենք նաև զինվորների։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ սեպտեմբերի 17-ն տոնելու ենք նաև «September Fest»-ը ։ Միջոցառման խորհուրդը տնական օղու փառատոնն է», – հավելեց Աղաբաբյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Կողբ» հիմնադրամի