Լրահոս
Օրվա լրահոսը

Արփի լճի ափին հանգստացողների թիվը զգալիորեն աճել է․ շատ են օտարերկրյա զբոսաշրջիկները

Հուլիս 18,2022 15:51

«Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի Շիրակի հյուսիսային գեղեցկուհու ափին հանգստացող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն ավելացել է։ Ընդ որում` մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, որոնք ոտք դնելով ազգային պարկի տարածք՝ հիանում են մեր հայրենիքի գեղեցկությամբ՝ Կարմիր գրքում տեղ գտած հազվագյուտ բույսերով ու կենդանական աշխարհով։

Մուշեղ Մուրադյան

Հիշեցնենք, որ «Արփի լիճ» ազգային պարկը ունի նաև հյուրատներ, որոնք կառուցվել են ալպիական գոտում գտնվող Ամասիայի ու Աշոցքի տարածքում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։

«Պարկը իր ստեղծման օրվանից ամենաշատ այցելուներ ունեցել է 2019 թվականին՝ շուրջ 4200, բայց ուրախալի լուր ունեմ ասելու․ 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ շուրջ 4000 այցելուներ ունենք, որից 500-ն արտերկրից են։ Գալիս են գիշերակացով, մնում են մեր ունեցած հնարավորությունների սահմաններում ստեղծած հյուրատներում, գիշերում են անտառներում, մնում վրաններում, օգտվում են տարածքի տաղավարներից, պարկի ծառայություններից։ Ինչպես հային է վայել, հյուրընկալում ու ճանապարհում ենք»,-ասաց Մուշեղ Մուրադյանը։

Հյուրերը նաև տպավորությունների գրքում թողնում են իրենց կարծիքները, գրում նկատառումներ։

Ըստ մեր զրուցակցի, զբոսաշրջության զարգացման համար կարևոր է ինչպես պարկի տարածքի, այնպես էլ դեպի պարկ բերող ճանապարհների մաքրությունը։ Այդ պատճառով անձնակազմն անընդմեջ աղբահանություն է իրականացվում ոչ միայն պարկի տարածքում, այլ հարակից տարածքներում․ ճանապարհների եզրերն են մաքրում։

«Պարկը մեր երկրի գլխավոր զարդերից է, պիտի մաքուր պահել, մենք շեշտը դրել ենք հենց մաքրության վրա»,-ասում է Մուշեղ Մուրադյանը։

Նրա տեղեկացմամբ, պարկի սակավաթիվ աշխատակիցների ուժերով 2,5 տարվա ընթացքում կարողացել են ավելացնել անտառաշերտը՝ շուրջ 6 հեկտարով։

«10 միլիոն ծառ» ծրագրի շրջանակներում 3100-ից ավել տնկիներ են աճեցրել, որից 1300 սոճիներ, 1700-ը՝ բարդիներ։

«Շուրջ 2 հեկտար, մի փոքր ավել ծառատունկ ենք իրականացրել։ Իհարկե, այս ամենը կատարել ենք մեր ուժերով՝ երբեմն ներգրավել ենք դպրոցների աշակերտների, աշխատակիցների, նաև համայնքի բնակիչների»։

Ավելի վաղ Մուշեղ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ այս տարի ավելացել է լճի ջրի պաշարը, ի հայտ են եկել նոր ձկնատեսակներ, տարածքում հայտնվել են նաև անգղեր, քաջահավեր, որոնք գրանցված են Գինեսի գրքում, ավելացել է նաև սև արագիլների թիվը՝ 1 հատից դառնալով 14։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031