Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես Հայ դատի իրագործման առաջին հանգրվան՝ Դաշնակցության համար ընդունելի չէ Արցախի իրավունքներից որևէ նահանջ. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Հուլիս 18,2022 16:02

Ապառաժ. Հուլիսի 12-14-ը Արցախում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Արցախ այցելության առաքելությունը հիմնականում երկու ուղղությամբ էր. Նախ՝ քաղաքական հանդիպումներ Արցախի պետական տարբեր օղակների հետ Արցախի կացության, հիմնահարցի եւ օժանդակության կապակցությամբ, և ապա՝ ներքին կազմակերպական հարցեր, որը ներառում էր ԿԿ-ի հետ որոշ աշխատանքների ծրագրում, հանդիպումներ ՀՅԴ շարքերի հետ:Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, արտաքին գործերի նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև ԱՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական գործընկեր ուժերի առաջնորդների հետ: Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկվել են Արցախի հարցով ՀՀ-ի կողմից վարվող բանակցությունների վերաբերյալ Արցախի տեսակետը, Հայաստան-Թուրքիա հարարբերությունները և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման խնդիրները, որոնք սերտորեն առնչվում են Արցախի կարգավիճակի հետ:

Այցի ընթացքի, արդյունքների, Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ «Ապառաժ»-ը հարցազրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ:

Դուք պարբերաբար այցելում եք Արցախ: Ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին Ձեր վերջին այցի ընթացքում:

Արցախում իշխանության օղակների հետ քննարկեցինք Արցախի ներկա իրավիճակը, անվտանգության խնդիրները, պետական առաջնահերթությունները, բանակցությունների գործընթացը, օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների կծիկը, ինչպես նաև փոխադարձ գործակցության հնարավորությունները, որպեսզի Արցախի ձայնը հասանելի դարձնենք աշխարհով մեկ: Այդ ուղղությամբ ՀՅԴ-ի շարունակական ծրագիր ունի. ԱՀ նախագահը, պետնախարարը և արտաքին գործերի նախարարն այցելել էին Սփյուռքի տարբեր համայնքներ մեր հովանավորությամբ եւ օժանդակությամբ: Այդ այցելությունները միայն ներազգային բնույթ չունեն, միայն գաղութների հետ խոսելու նպատակ չեն հետապնդում, այլ ներառում են նաև օտար հասարակության եւ տարբեր երկրների ղեկավարության հետ հարաբերությունների ոլորտը: Պետական պաշտոնյաների հետ հանդիպումներ ապահովելը խիստ կարեւոր է, հակառակ նրան, որ որպես չճանաչված հանրապետություն՝ շատ երկրներ խուսափում են Արցախի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելուց:

Իշխանությունների ներկայացուցիչների հետ խոսել ենք նաև ՀՅԴ մարմինների եւ Հայ դատի կորիզների հետ աշխատանքները համադրելու անհրաժեշտության մասին, որպեսզի շարունակենք տարիներ ի վեր տարվող աշխատանքը Արցախի ինքնորոշման իրավունքի հաստատման և անկախության ճանաչման համար: Այդ աշխատանքները տարվում էին պատերազմից առաջ, շարունակվել են նույնիսկ պատերազմի ընթացքում և դրանից հետո: Մեր շարունակական խորհրդակցությունների ընթացքում տեղեկություններ ենք փոխանակում Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ և որոշ աշխատանքներում ակնկալում ենք գործնական օժանդակություն և ջանքերի համադրում:

Ներկուսակցական իմաստով՝ ինձ համար ողջունելի է մեր շարքերի հետ հաղորդակցվելը եւ նրանց բազկերակը շոշափելը: Արցախի բոլոր շրջաններից մեր ընկերները հավաքվել են Ստեփանակերտում և ընկերական հավաք ենք ունեցել: Այդ հավաքի ընթացքում ներկայացրել էի թե Բյուրոյի նախաձեռնությունները, թե ՀՅԴ-ի կեցվածքը ազգային եւ հայրենի հարցերի նկատմամբ եւ թե տարբեր ոլորտներում ճշտված առաջնահերթությունները: 2022թ. մարտին է ավարտվել ՀՅԴ Ընդհանուր ժողովը և ձևավորվել է նոր Բյուրո: Ծրագրման աշխատանքն ավարտվել է, և մենք հիմա մարտավարական և գործնական ուղեցույցի ենք վերածում այն, որպեսզի քայլ առ քայլ իրագործենք մեր առաքելությունը: Այդ առաքելությունը համահայկական է, բայց նրա մեջ խիստ կարևոր տեղ ունի Արցախը: Որպես Հայ դատի իրագործման առաջին հանգրվան՝ Դաշնակցության համար ընդունելի չէ Արցախի իրավունքներից որևէ նահանջ: Ուրախ եմ արձանագրելու, որ Արցախի ընկերները, հակառակ ամեն տեսակ զրկանքների, պատերազմի  հետևանքների, պատրաստ են նոր թափով լծվել աշխատանքի: Մենք այդ աշխատանքի բեռը դյուրացնելու ենք, փորձելու ենք տալ նաև ֆիզիկական հնարավորություններ, որպեսզի Արցախում գործունեության դաշտն ընդլայնվի ու Արցախը ոչ միայն մնա որպես գաղափար, այլ շարունակական ներկայություն ապահովվի այստեղ, որպեսզի բոլոր շրջանակների կողմից ընկալվի՝ որպես իրենց տուն: Շուտով հատուկ ծրագրերի մասին Արցախի ժողովուրդը կիմանա: Այդ ծրագրերի մի մասն ունի համաժողորվրդական բնույթ, մի մասն էլ՝ ներքին կազմակերպական:

Հանդիպումներից մեկի ժամանակ խոսեցիք ազգայինազատագրական պայքարի մասին. ի՞նչ է այն ենթադրում:

-Մանրամասնությունների մեջ չեմ ուզում մտնել, բայց հստակ է, որ մեր ռազմավարությունը, ճշտված Ընդհանուր ժողովի կողմից, հստակորեն նպատակադրել է Արցախի ամբողջական վերականգնումը: Մենք որևէ ձևով այս պարտությունը չենք նկատում վերջնական. սա ճակատամարտի պարտություն է, եւ պայքարը շարունակվում է: Սա նշանակում է, որ մենք քննարկում ենք տարբեր միջոցներ, որպեսզի կարողանանք վերականգնել Արցախի Հանրապետությունը և ապահովել ժողովրդի բարեկեցությունը: Այդ երկու նպատակներին հասնելու համար կան տարբեր միջոցներ՝ բարեգործական, բանակի հզորացում, Արցախի անվտանգության մակարդակի բարձրացում և թշնամիներին դիմագրավելու վճռականության վերահաստատում. այս բոլորը ազգային-ազատագրական պայքարի բաղկացուցիչ տարրեր են: Բոլորով աշխատելու ենք, որ Արցախն իրեն զգա հզոր, պինդ ու լավատես:

-ՀՀ իշխանությունների մոտ ընդգծված հակադաշնակցական մոլուցք է նկատվում, բոլոր ընդդիմադիրներից հատկապես ՀՅԴ-ի  դեմ են թիրախավորված պայքար մղում: Ինչո՞վ եք բացատրում այս հանգամանքը և ինչպե՞ս խուսափել անտեղի թիրախավորումներից ու պիտակավորումներից:

-Նախ՝ այն իրողությունը, որ հատուկ թիրախավորում է տեղի ունենում ՀՅ Դաշնակցության նկատմամբ, ցույց է տալիս, որ ընդդիմությունը և նրա գլխավոր մղիչ ուժը՝ ՀՅԴ-ն, հասել են հաջողությունների, և դա անհանգստացրել է այս իշխանություններին: Եթե այս պայքարն այդքան անիմաստ էր և ապարդյուն, ինչպես փորձում են ներկայացնել ՀՀ իշխանավորները, ապա ինչո՞ւ է իշխանությունն այսքան մտահոգված Դաշնակցության ունեցած դերի և ազդեցության առումով: Կասկած չկա նաեւ, որ Դիմադրության շարժման հաջողություններից մեկը Սփյուռքը զորաշարժի ենթարկելն էր, եւ մեր պահանջներն այսօր ստացել են համահայկական տարողություն: Սփյուռքը տարբեր երկրներում հավաքներով, ցույցերով, բողոքի երթերով հանդես եկավ, և դա մեկ անգամ ևս փաստեց, որ համատարած դժգոհություն կա իշխանության վարած քաղաքականության նկատմամբ: Մոլուցքի հիմնական պատճառն այստեղ պետք է փնտրել, որ մեր հաջողություններն իրենց անհանգստացնում են, եւ փորձում են օգտագործել պետական ամբողջ ուժը Դաշնակցության աշխատանքը խանգարելու համար:

Դրանով է պայմանավորված ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ ՀՀ այցելելու արգելքը, մեր երիտասարդների ձերբակալման հանգամանքը, ՀՅԴ տեղական ղեկավարների նկատմամբ հալածանքը և աշխարհով մեկ ապատեղեկատվական արշավի ձեռնարկումը: Այդ աշխատանքի աղետալի դրսևորումը Սփյուռքը պառակտելու փորձն է, որի համար Սփյուռքի հարցերով հանձնակատարն ու այլ պաշտոնակատարներ առաքվում են տարբեր համայնքներ, որպեսզի այնտեղ հենարաններ ստեղծեն և բաժանումներ կատարեն: Սա ազգային առումով քանդիչ քաղաքականություն է, և եթե իշխանությունները չհասկանան, թե ուր է տանում մեզ բոլորիս այս մոլուցքը, մեր թշնամիներն առավել արմատական ու պահանջկոտ կդառնան եւ նոր զիջումներ կպահանջեն ՀՀ-ից: Այս հանգրվանում էական է համահայկական միասնությունը և համազգային օրակարգի ճշտումը, բայց ներկա մթնոլորտում դժվար է երևակայել, որ այդպիսի բան կլինի մոտ ապագայում, որովհետև վստահությունը լրիվ խախտված է:

 Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031