Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որ մարզում է գրանցվել ամենատաք եղանակը, երբ կնահանջեն սաստիկ շոգերը. Գագիկ Սուրենյան

Հուլիս 18,2022 15:28

Մեր երկիրը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը Հայաստան է թափանցել արաբական երկրների անապատներից: Հուլիսի 10-ից 16-ը ամենատաք եղանակը եղել է Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում և Երևանում: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյան

Ըստ Սուրենյանի, այդ օրերին ջերմաստիճանը տատանվել է 38-40 աստիճանի: Հուլիսի 17-ին էլ, Գագիկ Սուրենյանի խոսքով, ջերմաստիճանը 3 աստիճանով էլ բարձրացել է, ինչի հետևանքով երեկ ցերեկը Արարատյան դաշտում գրանցվել է 41 աստիճան տաքություն: Ասաց, որ ջերմային ֆոնը բարձր է նաև տեղումների բացակայության պատճառով. «Հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում առկա է հրդեհային իրավիճակ: Նորմայից բարձր է նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունը, ինչից ելնելով ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում չգտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ»:

Գագիկ Սուրենյանի խոսքով, վերջին տասնամյակում այսպիսի շոգերը հանրապետության համար դարձել են սովորական երևույթ, հատկապես շատ ուժեղ շոգեր` 42 աստիճան, գրանցվել են 2017-2018 թվականներին: Ըստ նրա, մինչև 2000 թվականը այդպիսի շոգեր եղել են հինգ տարին մեկ, հետո, մինչև 2010 թվականը դա սկսել է կրկնվել ամեն տարի, իսկ 2010-ից հետո այդ ջերմային ալիքների օրերի քանակությունն ավելացել է` տևելով 5-7 օր: Այդուհանդերձ, պատմական ջերմաստիճանը գրանցվել է 2011 թվականին` Մեղրիում, որը եղել է 43,7 աստիճան, իսկ Երևանում 42 աստիճան:

Գագիկ Սուրենյանն ասաց, որ մինչև հուլիսի 21-ը, ներառյալ` այս ջերմային ֆոնը կպահպանվի: Ըստ Սուրենյանի, սաստիկ շոգերը կնահանջեն հուլիսի 22 -ից և հանրապետությունում կդիտվի 38 աստիճան տաքություն: Ասաց, որ տեղումների հավանականությունը քիչ է, բայց հյուսիսային շրջաններում կլինեն:

Ռուբեն Գրիգորյան

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի խոսքով, ուլտրամանուշակագույն ֆոնի համար թիրախային խմբերը մեծահասակները, երեխաները և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են: Ասաց, որ օրվա շոգ ժամերին այդ մարդիկ ցանկալի է պառկած անցկացնեն: Օրվա ընթացքում պետք է օգտագործել 2-3 լիտր ջուր, իսկ քրոնիկ հիվանդություններով մարդիկ ջրի քանակի վերաբերյալ պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

Նա խորհուրդ տվեց խուսափել յուղոտ սննդից և օգտագործել բուսական ծագման սննդամթերք:

Բագրատ Վարդազարյան

ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանն ասաց, որ գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ: Ըստ նրա, նախորդ տարվա համեմատությամբ դեպքերը 34 տոկոսով ավելի են: Հիմնականում հրդեհվել են խոտածածկ ու բուսածածկ տարածքները: Դեպքերի մեծ քանակը գրանցվել են Երևանում, Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերում:

Արսեն Մկրտչյան

ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանի խոսքով, անտառամերձ բնակավայրերում իրականացվում են մարտական հերթապահություններ: Բագրատ Վարդազարյանն էլ հավելեց, որ հրդեհաշիջման աշխատանքների համար կօգտագործվի ջրամբարների ջուրը:

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031