Հուլիսի 15-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդեցին, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ տղամարդ կա ընկած: Նրան այդ վիճակում մի կին էր տեսել ու ահազանգել 1-02։ Անցորդներն ահազանգել էին նաև 1-03։ Ժամանած շտապօգնությունը տղամարդուն տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր»։ Հոսպիտալացվելուց կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը մահացել էր։
Ոստիկանության Մաշտոցի բաժնից ու Դավիթաշենի բաժանմունքից դեպքի վայր մեկնեցին օպերատիվ խմբեր, որոնց միացան փորձաքրեագետներ, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներ։ Տարածքը զննվեց։ Հայտնաբերվեցին արնանման հետքեր, օղու բաժակ, փքաբլիթ, ակնոց և այլն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ մահացածը բնակվում էր հենց Դավիթաշենում։ Հայտնի դարձավ նաև, որ նրա և թաղեցիներից մեկի միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր եղել, այդ ընթացքում էլ 61-ամյա տղամարդը դանակով խփել էր 49-ամյա Գագիկ Խաչատրյանին։ 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել տարածքային քննչական մարմնին։
Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն