«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 2022թ․ հուլիսի 16-ին կայացած առաջին երկկողմ հանդիպումից հետո պաշտոնական Ստեփանակերտը պետք է հանդես գա վճռական հայտարարությամբ առ այն, որ այսուհետ Երևանը Ադրբեջանի հետ բանակցություններում չի ներկայացնում Ստեփանակերտին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման զամբյուղից ղարաբաղյան հակամարտության փաթեթը պետք է բանակցել բացառապես Ստեփանակերտի հետ։
Գործընթացում Արցախի սուբյեկտայնությունը վերադարձնելու այլ՝ առավել հարմար պահ և հնարավորություն դժվար գտնվի։ Չնայած գետնի վրա ռուսական խաղաղապահության ներկայությանը և դրանով պայմանավորված օբյեկտիվ կաշկանդվածությանը, այնուամենայնիվ վերջին օրերին տեղի ունեցած որոշ առանցքային իրադարձություններ շրջահայացություն և կամք են պահանջում Ստեփանակերտից։
Անցյալ շաբաթավերջին Ադրբեջանում Ռուսաստանի՝ ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկրի դեսպան Բոչարնիկովի այցը Շուշի վկայում է, որ այդ երկիրը ճանաչում է ուժի կիրառման հետևանքով Շուշիի օկուպացիան և 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի պարտադրած նոր ստատուս քվոն։
Կարդացեք նաև
Ստեղծված պայմաններում Ստեփանակերտը պետք է ավելի համարձակ գտնվի, գիտակցի ոչ միայն Արցախի ապագայի, արցախցիների անվտանգության առջև իր պատասխանատվությունը, այլև հանուն Արցախի հարատևության պետք է ստանձնի իր բաժին պատասխանատվությունը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և պետականության առջև։