Հայաստանում թանկացումները շարունակվում են, տարեսկզբից յուրաքանչյուր ամիս գնաճի ցուցանիշներն ավելանում են։ Հունիս ամսին գնաճը կազմել է 10. 3%, մայիսին այն կազմել էր 9%, ապրիլին՝ 8.4%, մարտին՝ 7.4%:
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է գնաճի ցուցանիշները։
Այս տարվա հունիսին սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում գնաճը կազմել է 17.1%, իսկ միայն սննդամթերքը՝ 17.1%:
Բավականին բարձր գնաճ է արձանագրվել արլյուրի, հացի, մակարոնեղենի շուկայում։ Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում, ըստ ՎԿ-ի, թանկացումները 19.9% են կազմել, ալյուրն ու ձավարեղենը՝ 20.5%, հացը՝ 20%, մակարոնեղենը՝ 29.9%:
Միսը, դիտարկվող ժամանակահատվածում՝ հունիսին, թանկացել է 11.6%-ով։
Կաթնամթերքի շուկայում եւս բարձր գնաճ է արձանագրվել։ Կաթն այս տարվա հունիսի թանկացել է 13.3%-ով, պանիրն ու կաթնաշոռը՝ 24.8%-ով:
Կարդացեք նաև
Ձվի շուկայում այս տարվա փետրվար ամսից գնանկում է գրանցվում. հունիսին ձուն էժանացել է 24%-ով, իսկ մայիսին՝ 28.7%-ով, ապրիլին՝ 17.1%-ով, մարտին եւ փետրվարին՝ համապատասխանաբար՝ 12.5% եւ 1%-ով։
Կարագի գնաճն այս տարվա հունիսին կազմել է 4.8%, մարգարինի եւ այլ բուսական յուղերի շուկայում գնաճը կազմել է 26.5%:
Թանկացել է նաեւ սեզոնային սնունդը, օրինակ՝ մրգերն ու բանջարեղենը։ Մրգերի շուկայում գնաճը 16.2% է, բանջարեղենինը՝ 45.8%։ Ամենաբարձր գնաճը գրանցվել է կարտոֆիլի շուկայում, այն կազմել է 45%։
Շաքարը թանկացել է 6.9%-ով, ալկոհոլային խմիչքները՝ 6.9%-ով։
Թանկացումներ են գրանցվել նաեւ ոչ պարենային ապրանքային շուկայում։
Օրինակ՝ հագուստն ու կոշիկը թանկացել են 10.5% -ով:
Ըստ վիճակագրական կոմիտեի, բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ եւ վառելիքի այլ տեսակներ դասակարգմամբ գնաճը կազմել է 6.7%:
Ծառայությունների ոլորտում՝ հանգստի եւ մշակույթի, թանկացումները 14.7% են կազմել, իսկ ռեստորանային եւ հյուրանոցային ծառայությունների գներն աճել են 6.8%-ով։
Թանկացել են նաեւ առողջապահական ծառայությունները՝ 1.2%-ով։ Ըստ ՎԿ-ի, տրանսպորտի թանկացումը կազմել է 9.2%, կրթության ոլորտում գնաճը կազմել է 1.5%:
Ամենաբարձր գնաճն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում` 10.9%։ Մայրաքաղաքից հետո ամենաբարձ գնաճը գրանցվել է Գավառում՝ 10.4% ապա Վանաձորում՝ 10% եւ Հրազդանում՝ 10%:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.07.2022