Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնադատվածի թոռան հուշերից

Հուլիս 18,2022 13:30

«Մազե կամուրջ» եռահատոր վեպերի հեղինակ Արմեն Մարտիրոսյանի տատը սովորեցնում էր կարդալ Նարեկը

Եստեր Խաչատրյանը ծնվել է 1962թ. հուլիսի 10-ին, Երեւանում: Նրա երկրային կյանքն ավարտվեց 2019թ. փետրվարի 7-ին, Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Հուշապատումս նվիրում եմ թանկագին, վաղամեռիկ քրոջս՝ Եստեր Բորիսի (Վարոսի) պայծառ հիշատակին: Երազում էր գրել, ներկայացնել մայրական տոհմածառը: Մորեղբայրս անժառանգ էր, քրոջս առողջական վիճակը չթողեց մտահղացումն իրականացնել: Կյանքի վերջին օրերին նա խնդրեց ինձ, որ ես գրեմ մեր պապի՝ Հակոբ Հովհաննեսի Դիլանյանի մասին, ով կիսագրագետ հոգեւորական էր: Անգին քույր, ես կատարում եմ խնդրանքդ եւ այն նվիրում եմ քեզ:

Մեր պապը՝ Հակոբ Հովհաննեսի Դիլանյանը (Դիլոյան) ծնվել է 1891թ. Ալեքսանդրապոլ քաղաքում: 1920թ. ամուսնացել է օրիորդ Եսթեր Պեպանյանի հետ: Նրանք երեխա չէին ունենում: Մի օր գնում է Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ Շիրակամուտ, ծնկաչոք խնդրում Աստծուն, որ իրեն զավակ պարգեւի: Եթե տղա լինի, յոթ տարի մազերը չի կտրի, յոթ տարեկան հասակում մի խոյ կզոհաբերի Աստծուն, իր փառաբանական խոսքով: Մեկ տարի անց ծնվում է որդին՝ մկրտում են, անվանակոչում Հովհաննես: Ի երախտագիտություն Աստծուն, տանը ստեղծում են փոքր մատուռ: Ամեն առավոտ համբուրում, խաչակնքում, փառաբանում է, գնում բիրժա. կառապան էր:
Մի օր ուխտավորներ է տանում Հացիկ գյուղի սրբատեղին, վարձը քիչ են տալիս, հայհոյում, վերադառնում է Լենինական:

Բաբինենց Հայկը, ով տերն էր բիրժայի, ուղեկցում է պապիս վարսավիրանոց: Պապս իրեն տեսնում է այլայլված դեմքով: Հայկն ասում է. «Մտիր Սրբ Յոթ Վերք եկեղեցի, մոմ վառիր, խաչակնքիր, հետ դարձիր սրբատեղին, գտիր այն մարդկանց եւ բեր Լենինական»: Պապս դժկամորեն, բայց կատարում է Հայկի ասածները: Երազ է տեսնում…

Երազում լսում է քաղցրահնչուն մի ձայն. «Գնա Սլաբոդկա թաղամաս, գտիր գրագիր Մկրտիչին եւ նրանից վերցրու Աստվածաշունչը եւ առաջնորդվիր նրանով»:

Վաղ առավոտյան պապս մտնում է շուկա, գտնում ամենալավ արծաթագործին, պատվիրում արծաթյա գոտի, որը նվիրում է գրագիր Մկրտիչին եւ նրանից խնդրում է Աստվածաշունչը, ապա մտնում Սրբ Յոթ Վերք եկեղեցի, աղոթքով մրմնջում. «Տեր ամենակարող, ունեցա Սուրբ Գիրքը, բայց ես Ս. Մաշտոցի տառերը չգիտեմ, ինչպես կարդամ գրաբար»:

Տատիս հետ փնտրում են որեւէ գրագետ մեկին, եւ գտնում Հռիփսիմե Ճլվլիկյանին, ով Անուշավան Մարտիրոսյանի (Մադոյանի) կինն էր, բանաստեղծ, «Մազե կամուրջ» եռահատոր վեպերի հեղինակ Արմեն Մարտիրոսանի տատն էր, սովորեցնում էր կարդալ Նարեկը, Աստվածաշունչը: Որպես շնորհակալություն` Հռիփսիմեին նվիրում է արծաթե սկուտեղ, ինքնաեռ, թեյաման՝ իր վեց բաժակներով:

Անցնում են օրեր, նրա տունը վերածվում է հավատացյալների հավաքատեղիի: Եկեղեցական տաղավար տոներին Աստծուն խոյ էին զոհաբերում, աղոթքներով, սաղմոսներով փառաբանում եւ խնդրում, որ Աբրահամի զոհաբերության նման ընդունելի լինի, բարձրանա առ Աստված, բարիքներ տեղա ժողովրդին: Այդ օրերը տոնի էր վերածվում թաղում, մատաղը բաժանվում էր թաղի չքավորներին, որից անմասն չէր մնում նաեւ մականունավոր Սարգիսը: Նա ուներ գանգուր մազեր, հագնում էր բարխետից պիջակ, հավաքում էր ժողովրդից մի աբասի՝ քսան կոպեկ, պահում Սրբ Յոթ Վերք եկեղեցու պատի մեջ, քարը հանում էր, ավելացնում օրվա հավաքածը եւ քսակը դնում նույն տեղը: Ես ու քույրս ճանաչում էինք խելառ Սարգսին: Բայց արարողակարգերը դուր չեկան Ազգային անվտանգության աշխատակիցներին, ձերբակալեցին եւ եկեղեցու բակում գնդակահարեցին, ընտանիքն էլ աքսորեցին: Պապս իր երեք երեխաների հետ պահում էր նաեւ երկու որբ մալականի երեխաների: Աքսորի ժամանակ տատիցս խլեցին որբերին:

Աքսորից հետո՝ 1939-ին վերադառնում են, ապրում վախով, դժվարությամբ: Տատիկիս՝ երկու որբուկներին գտնելու հույսն այդպես էլ մնաց անպատասխան: Ամեն անգամ Գյումրի այցելելիս, մտնում եմ Սուրբ Յոթ Վերք եկեղեցի, աղոթում նրանց հիշատակին՝ խոնարհումով դուրս գալիս եկեղեցուց:

Գոհար ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031