Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախապատրաստվում է ավելի մեծ ալիքով պայքար»

Հուլիս 18,2022 14:30

ՀՀ գրեթե բոլոր մարզերում ձեւավորվել են դիմադրության շարժման խորհուրդներ, շաբաթը մեկ տեղի են ունենում հանրահավաքներ։ Ավելի վաղ շարժումը հայտարարել էր վրանները Ֆրանսիայի հրապարակից հավաքելու ու վերակազմավորման փուլի մասին։ «Հսկայական աշխատանք է տարվում, որը հանրության համար տեսանելի չէ: Բոլոր բացթողումները, կազմակերպական դժվարությունները, որ ունեցել ենք, այդ ամենը գրանցված է եւ այդ թերությունները վերացնելու ուղղությամբ տարվում է հսկայական աշխատանք»,-օրերս ասել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Իրավիճակի ու շարժման անելիքների մասին «Առավոտը» զրուցել է շարժման մասնակից, «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանի հետ։

– Պարոն Հարությունյան, ԱԺ վերջին նստաշրջանում իշխանության ներկայացուցիչները հեգնանքով «փնտրում» էին ընդդիմադիրներին ու ակնարկում էին՝ եթե ընդդիմությունը ոչ ԱԺ-ում է, ոչ էլ փողոցում, ապա ո՞րն է ընդդիմության օրակարգը։

– Ընդդիմության օրակարգը փողոցում է։ Գլուխները պատին են տվել նման բան ասելով։ Ամեն շաբաթ հանրահավաք է լինում, նաեւ այլ ակցիաներ են տեղի ունենում։ Սա ընդդիմության կողմից ռազմավարական փոփոխություն է. այս պահին որոշակիորեն պասիվացնելով պայքարը, նախապատրաստվում է ավելի մեծ ալիքով պայքար։

– Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ դիմադրության շարժմանն այս վերջին ամիսներին չհաջողվեց հասնել հանրային աջակցության այնպիսի ծավալի, որը թույլ կտար ձեւավորել իշխանափոխության օրակարգ։

– Մի քանի պատճառներ կան։ Առաջնահերթ, ընդդիմության կողմից սխալներ եղե՞լ են, այո, եղել են։ Ընդդիմությունը հայտարարել է, որ աշխատում է դրանք շտկելու ուղղությամբ։ Իշխանությունն ակտիվ շարունակել է հանրությանը խաբելու, հիմարացնելու քաղաքականությունը, որը որոշակիորեն հաջողվել է։ Սրանք հանգամանքներ են, որոնք իրականացվել են, բոլորն են դա տեսել, բայց դա չի նշանակում, թե իրենք հասել են հաջողության։ Ուղղակի դժվար շրջափուլի մեջ ենք, որը, միանշանակ, հաղթահարելու ենք։

– Այս համատեքստում մտահոգություններ են հնչում, որ մինչեւ հաղթահարելն արդեն կարող է ուշ լինել։

– Երբ այդպես են ասում, հստակ պնդում եմ՝ արդեն վաղուց ուշ է։ 2018թ. մայիսի 8-ից արդեն ուշ է։ Ուստի հիմա բոլորս անում ենք հնարավորը։ Ես 51 օր տանը չեմ եղել։ Հիմա էլ քիչ եմ լինում տանը, անկեղծ։

– Քաղաքացիներն ինչո՞ւ չեն ուզում վստահել ընդդիմության այդ անկեղծությանը։

– Ոչ թե չեն վստահում, այլ մարդկանց մի մեծ շերտ այլեւս չի վստահում եւ չի հավատում ոչ մեկի եւ ոչնչի։ Դա էլ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է։ Մարդկանց շրջանում մեծ հիասթափություն կա ոչ թե ընդդիմությունից, այլ առհասարակ ամենքից եւ ամեն ինչից, որովհետեւ այս չորս տարում մարդկանց գլխին այնքա՜ն բան թափվեց, որ իրականում նրանց մեղադրելու չէ։

– Այնուամենայնիվ, ընդդիմության առաքելությունն է առաջնահերթ այդպիսի մադկանց բերելը պետության անվտանգությանն առնչվող քաղաքական օրակարգի տիրույթ։ Ինչպե՞ս, ի՞նչ սպասենք։

– Իհարկե։ Սպասեք պայքարի՝ ավելի մեծ թափով ընթացքին։ Մանրամասներն, իհարկե, չեմ ասի, բայց վստահեցնում եմ ամենակարեւորի մասին. ընդդիմությունը, որն այսօր փողոցում է, չի նահանջելու, հետ չի կանգնելու, գնալու է մինչեւ նպատակակետ։ Հիմա պատրաստվում ենք ավելի մեծ ալիքով պայքարի։

– Քաղաքացիները նաեւ շեշտում են՝ ընդդիմությունը չի խոստացել, որ կարող է չեղարկել 2020թ. նոյեմբերի իննի փաստաթղթի կետերը։

– Ընդդիմությունն ասել է, որ շտկումներ անելու է, փորձելու է քաղել հնարավորինս հայանպաստը։

– Ինչպե՞ս։

– Երբ արցախյան շարժման ծանր իրավիճակում որոշում կայացվեց ստեղծել ՊՊԿ-ն (1992թ.-ին Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ ԼՂՀ-ում ստեղծվում է Պաշտպանության պետական կոմիտեն, որին են փոխանցվում ողջ գործադիր եւ մասամբ օրենսդրական իշխանությունները. ՊՊԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, ում վրա են դրվում հանրապետության վարչապետի պարտականությունները.-հեղ.), այնպես չէր, որ ՊՊԿ-ն գիտեր, թե այդ պահին ինչ պետք է արվի։ Այնպես չէր, որ ամեն ինչը գծված էր՝ ծայրահեղ ծանր վիճակից դուրս գալու համար։ Բայց կար անկեղծություն, վճռականություն ու մինչեւ վերջ գնալու կամք։ Այսօր էլ ընդդիմությունն ունի անկեղծություն, վճռականություն ու մինչեւ վերջ գնալու կամք։ Հաջողելո՞ւ է, այո։

– Վերջերս նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ընդդիմությանն ընկերաբար կոչ արեց չկրկնել իշխանության սխալներն ու չպիտակավորել այն քաղաքացիներին, ովքեր ձեր հետ համաձայն չեն։ Համամի՞տ եք, որ դա այս ընթացքում շարժմանն օտարեց քաղաքացիներից։

– Մեկ հստակ եւ անկեղծ օրինակ բերեմ, որն ինձ հետ է պատահել։ Երթերից մեկի ժամանակ մայթին երկու կին էին կանգնած։ Նրանց հավասարվեցի այն պահին, երբ լսեցի հետեւյալը՝ «սրանք ապուշ են, մենք իրենց ձեռքով աջակցում ենք, իսկ իրենք մեզ ասում են՝ թուրքեր, միացեք»…կանգնեցի, ներողություն խնդրեցի դա ասողի փոխարեն ու վստահեցրի, որ ասողն աղերս չունի մեզ հետ։ Պնդում եմ՝ կան կոնկրետ անձինք, որոնք իշխանությունից գումար են ստանում եւ որպես քաղաքացի գալիս են, միանում երթերին ու հանրահավաքներին եւ նման բաներ են անում, որը համահունչ չէ մեր պայքարի տրամաբանությանը։ Նման բան անողները կապ չունեն մեզ հետ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2022

Լուսանկարը՝ Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031