Դե, եթե այդպես է, թող պետությունն այնպիսի նոր հարկեր սահմանի, որպեսզի բոլոր մասնավոր ճյուղային կառույցներին եւս (իսկ դրանք շատ են) ժողովուրդն օդից հարկեր վճարի՝ դրանց գերշահույթներ ապահովելու համար
Իհարկե, ակնհայտ է, որ անկանխիկ դրամաշրջանառությունից միարժեքորեն շահում է երկրի բյուջեն, սակայն արդյո՞ք արվել են համապատասխան վերլուծություններ ու հաշվարկներ, թե նման օրենքի ընդունումից հետո մոտավոր հաշվարկներով որքան կշահի բյուջեն, որքան կորուստներ ու անհանգստոււթյուն կպատճառվի բնակչության այն հատվածին, ովքեր անառողջ են ու ծեր եւ փոխանցումներ անել չեն կարող: Իսկ եթե ուրիշների օգնությամբ փորձեն փոխանցումներ անել, ապա չափազանց երկար ժամանակ պետք է սպասեն բանկային հերթերում ու ամեն փոխանցման ժամանակ պետք է լրացուցիչ՝ միջնորդավճարներ վճարեն, որից հիմնականում շահելու են բանկերը՝ ստանալով գերշահույթներ:
Հաշվի առնելով ասվածը, ակնհայտ է դառնում, որ նման օրենքը պետք է վերաբերեր բնակչության աշխատող եւ բիզնես հատվածին, այն երբեք չէր կարելի տարածել անաշխատունակ, գործազուրկ եւ ծեր բնակչության վրա: Այդ օրենքով 300 000 դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն միայն անկանխիկ եղանակով: Այդ դեպքում քաղաքացիները պետք է մեծ միջնորդավճարներ՝ այլ կերպ ասած, իրենց հաշվին նոր հարկեր վճարեն բանկերին եւ էապես հարստացնեն նրանց: Լավ սահմանված հարկեր վճարելը հասկանալի է, քանի որ պետության համար շատ ծախսեր կատարվում են հենց դրանց միջոցով, սակայն ժողովուրդն ինչո՞ւ պետք է հարկ վճարի բանկերի եւ բանկիրների համար:
Կան բնագավառներ՝ ուսման, առողջապահության եւ այլն, որ մարդիկ պարտադրված են վճարումներ կատարել, ուրեմն նրանք բացի սահմանված վճարներից, պետք է լրացուցիչ շոշափելի գումարներ էլ վճարեն, իսկ արդյունքում կստացվի, որ այսինչ բուժումը, կամ այսինչ ուսման վարձն իրենց վրա կնստի էապես ավելի թանկ, քան դրանց համար սահմանված տարիֆներն են: Սրանց տակից ժողովուրդը ո՞նց է դուրս գալու, եթե առանց այն էլ այդ տարիֆները շատ բարձր են ու ժողովրդի համար շատ անմատչելի: Գոնե պետք է այդ օրենքն այնպես ընդունվեր, որ բացառություններ սահմանվեին եւ խոցելի խավերի, եւ որոշ բնագավառների համար, որպեսզի այդ դեպքերում բանկերն ու նմանատիպ այլ կազմակերպությունները միջնորդավճարներ չգանձեին, քանզի այդ դեպքերը վտանգածին են՝ առանց այն էլ սնանկ ժողովրդի համար: Ինչպե՞ս կարելի է ընդունել մի օրենք, որտեղ բացառություններ չկան, այսինքն ժողովրդի բոլոր շերտերի՝ շահառուների հնարավորությունները հավասարեցնել իրար:
Ինչպե՞ս կարելի է մեծահարուստի եւ շարքային գյուղաբնակի վրա դնել նույն ֆինանսական բեռը, այդ դեպքում պետության կարգավորիչ դերը ո՞րն է: Կույր աչքին անգամ տեսանելի է, որ այս օրենքի կիրառման դեպքում աղքատները (որոնց թիվը երկրում 50 եւ ավելի տոկոս է կազմում) ոչ միայն ուղղակի կործանվելու են, այլեւ սա բերելու է արտագաղթի սարսափելի մեծ աճի, իսկ Հայաստանի այսօրվա կործանված վիճակում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան երախները բացած ուզում են խժռել Արցախն ու Հայաստանը ու միակ հույսը մեր ժողովրդի պայքարն է, որտեղ նաեւ ուղղակիորեն որոշվելու է Հայաստանի եւ Արցախի լինել-չլինելու հարցը, եղած մարդիկ էլ լքեն երկիրը եւ այն հեշտորեն՝ անգամ առանց կռվի հանձնեն թշնամուն: Առնվազն անհասկանալի է, օրենքներն ընդունվում են երկրի եւ ժողովրդի բարօրության, թե՞ նրանց կործանման համար: Կարողանում ես լավ օրենք ընդունել, ընդունիր, ոչ թե այնպիսի օրենք ընդունիր, որը է՛լ ավելի կվատացնի ու կկործանի երկիրդ ու ժողովրդին: Չէ՞ որ այսքան տարի առանց այս հիմար օրենքի ապրել ենք, ուրեմն առանց սրա էլ կարող էինք շարունակել գոնե նույն կերպ ապրել, այլ ոչ թե եղածն էլ կործանենք: Այս օրենքի կործանարար հետեւանքները շատ-շատ են, այնպես որ, այս պահին սահմանափակվենք այսքանով, իսկ օրենքի աշխատելու՝ շարունակության դեպքում, դրա հետեւանքները ուղղակիորեն կզգանք մեր մաշկի վրա: Լավ մտածեք, պաշտոնյաներ …
Կարդացեք նաև
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
16.07.2022