Լրահոս
Օրվա լրահոսը

Սինթեզված 18 000 նոր օրգանական միացություններ, բազմաթիվ հեղինակային վկայագրեր ու միջազգային արտոնագրեր

Հուլիս 18,2022 12:00

60-ամյա գիտական կենտրոնը շարունակում է հաղթարշավը

1962թ. Հայաստանում ստեղծվել է պեստիցիդների սինթեզի եւ փորձարկման պրոբլեմային լաբորատորիա՝ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիայի իսկական անդամ, գիտությունների վաստակավոր գործիչ Վռամ Դովլաթյանի ջանքերով, ում շնորհիվ Հայաստանում զարգացել է սինթետիկ օրգանական քիմիայի նոր ուղղություն` բույսերի պաշտպանության նոր քիմիական միջոցների մշակում: Բազմաթիվ պետական պարգեւների, այդ թվում՝ 2 Պատվո նշանի, Անանիա Շիրակացու մեդալի արժանացած անվանի գիտնականը այդ բացառիկ լաբորատորիան ղեկավարել է մինչեւ իր կյանքի վերջը՝ 2005թ.: Հավելենք, որ 60 տարվա պատմություն ունեցող այս գիտական ստորաբաժանումը մինչ այժմ միակ մասնագիտացված գիտական կենտրոնն է Հայաստանի Հանրապետությունում: 2006թ. հունվարից լաբորատորիան, որը 2018 թվականից վերանվանվել է «Պեստիցիդների եւ բույսերի պաշտպանության հետազոտական կենտրոն», ղեկավարում է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի եւ Եվրոպայի Բնական գիտությունների ակադեմիաների իսկական անդամ Ալեքսանդր Ենգոյանը: Նա ոչ միայն շարունակում է լաբորատորիայի ավանդական աշխատանքները, այլ նաեւ ձեռնամուխ է եղել զարգացնել նոր ուղղություններ: Մշակվում են նաեւ ժամանակակից «Կանաչ քիմիայի» սկզբունքներին համապատասխանող սինթեզների եղանակներ՝ միկրոալիքային եւ գերձայնային ճառագայթման ազդեցության տակ:

Լաբորատորիայում 60 տարիների ընթացքում սինթեզվել են մոտ 18.000 նոր օրգանական միացություններ, դրանցից ավելի քան 5.000-ը ենթարկվել են նախնական լաբորատոր փորձարկումների, որոնցից ամենաակտիվները ընտրվել են ավելի խորը ուսումնասիրությունների եւ դաշտային փորձարկումների համար: Ստացված միացությունների շարքում հայտնաբերվել են նոր բարձր ակտիվությամբ օժտված հերբիցիդներ, ֆունգիցիդներ, աճախթանիչներ: Պրոբլեմային լաբորատորիայում կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները արտացոլվել են ավելի քան 700 գիտական հոդվածներում կամ զեկույցներում, միջազգային, ԽՍՀՄ եւ հանրապետական գիտական ամսագրերում եւ գիտաժողովներում: Վերջին տասնամյակում հոդվածների մոտ 40% հրապարակվել են Scopus եւ Web of Science միջազգային բարձրագույն համակարգերում ընդգրկված գիտական ամսագրերում, իսկ վերջին տարիների ընթացքում միջազգային գիտաժողովներին ներկայացված 7 զեկույցներ արժանացել են 1-ին (5), 2-րդ (1) եւ 3-րդ (1) կարգի մրցանակների: Սինթեզված ակտիվ նյութերի համար ստացվել են մոտ 130 ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր, 15 արտասահմանյան (Գերմանիա, Շվեյցարիա, Ճապոնիա) եւ 15 հանրապետական արտոնագրեր:

Գիտական եւ գործնական մշակումների հիման վրա պաշտպանվել են 4 դոկտորական եւ ավելի քան 45 թեկնածուական ատենախոսություններ։ Կենտրոնում իրականացվող գիտական եւ կիրառական մեծ նշանակություն ունեցող աշխատանքները լայն ճանաչում են ստացել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ միջազգային գիտական կենտրոնների շրջանակներում:

Այսպես՝ Կենտրոնը համագործակցել եւ համագործակցում է մի շարք հանրապետական եւ միջազգային գիտական կենտրոնների հետ. ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական եւ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրության կենտրոնների, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտների, Երեւանի պետական եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանների, Ռուսաստանի Դաշնության ԳԱ քիմիական ֆիզիկայի պրոբլեմների եւ ԳԱ Զելինսկու անվան Օրգանական քիմիայի ինստիտուտների, ԱՄՆ Կալիֆոռնիայի Մոլեկուլային բժշկության ինստիտուտի, Լեհաստանի Քիմիական նյութերի կառավարման կենտրոնի, Չեխական Հանրապետության Բռնո քաղաքի Մասարիկի համալսարանի, ԱՄՆ Տեխասի Գիտական ինստիտուտի։

Կենտրոնի գիտաշխատողները իրականացրել են 2 միջազգային եւ մի շարք հանրապետական դրամաշնորհային ծրագրեր, իսկ ղեկավարը՝ Ա. Ենգոյանը հանդես է եկել նաեւ որպես ազգային փորձագետ ՀՀ-ում միջազգային (UNEP, UNDP) կառույցների կողմից իրականացվող 7 ծրագրերում։

Պատրաստեց՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031