Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը հասկանալի է. ստեղծելով անորոշության պատրանք՝ Գերագույն գլխավորը մեր բանակի անպատրաստությունն արդարացնելու պատուհան է թողնում. Գևորգ Բրուտենց. «Հայացք Երեւանից»

Հուլիս 18,2022 11:28

Պատերազմը անխուսափելի՞ է

Ըստ երեւույթին՝ Ադրբեջանը նոր պատերազմի եռանդագին պատրաստություններ է տեսնում: Թիրախը, բնականաբար, Հայաստանն է: Բա էլ ո՞վ. հարեւան պետություններից Վրաստանի հետ խնդիր չունի, Իրանի հետ համարձակությունը չի հերիքի, Թուրքիան էլ  ախպեր տղա է: Տակը մնում է Հայաստանը: Պատերազմի կանխանշանները նույնքան տեսանելի են, որքան մեծ ու փոքր Մասիսները գարնան պարզկա լուսաբացին: Որո՞նք են այդ նշանները՝ փորձենք թվարկել մի քանիսը:

Այսպես՝ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը.

1.զգալիորեն մեծացրել է ոչ միայն իր ռազմական բյուջեն, այլեւ զինծառայողների թվակազմը, ձեւավորել է երկու տասնյակի չափ նոր զորամասեր՝ այդ թվում հատուկ նշանակության երեք ստորաբաժանում, որոնք հիմնականում տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի եւ ամենակարեւոր այլ հատվածներում.

2.ձեռք է բերել մեծաքանակ նոր արդիական զենք-զինամթերք, ռազմաքաղաքական համագործակցության ու փոխօգնության համաձայնագրեր է ստորագրել մի շարք երկրների՝ մասնավորապես Թուրքիայի, Ռուսաստանի, Պակիստանի հետ.

3.պարբերաբար՝ ամիսը առնվազն երեք անգամ, զորավարժություններ է անցկացնում լեռնային պայմաններում մարտեր վարելու հմտություններին տիրապետելու նպատակով.

4.կիրառում է հոգեբանական ազդեցության մանիպուլյատիվ մի հնարք, որով փորձում է հակառակորդի տարածք ներթափանցելու օրինակարգություն ստանալ. շաբաթը 2-3 անգամ ՊՆ-ն «օդից վերցված» հայտարարություն է տարածում, թե հայկական կողմը սահմանի այսինչ ուղղությամբ խախտել է հրադադարի պայմանակարգը եւ այլն: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը, բնականաբար, ստիպված է լինում հերքում տալ՝ նշելով, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Բայց փույթ չէ՝ «տեղեկատվությունն» իր գործն արդեն արել է, հայկական կողմի նախահարձակ վարքագիծը զանգվածաբար տպավորվում է մարդկանց գիտակցականում, ինչը մյուս կողմին իրավունք է տալիս հարմար պահին «համարժեք» պատասխան տալ «ագրեսորին»:

Սրանք են փաստերը: Եվ եթե այս ամենին հավելենք՝ մի կողմից Ադրբեջանի ղեկավարի լպիրշությունն ու գրեթե ամենօրյա ռեժիմով նրա բարձրաձայնած հոխորտանքները, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի կրավորական դիրքորոշումն ու բանակաշինության գործում տիրող դալուկ անդորրը, ապա ակնհայտ կդառնա պաշտոնական Բաքվի ու Երեւանի վարքագծերում առկա գործողությունների անհամաչափությունը՝ ասիմետրիան: Ասել, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, մյուս պատկան մարմինները չեն գիտակցում իրավիճակի լրջությունը, ճիշտ չէր լինի: Ամեն ինչ բոլորի համար ավելի քան պարզ է:

Հունիսի 27-ի իր առցանց «մենախոսության» ընթացքում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տեղեկացրեց, որ Ադրբեջանը չեղարկել է Գրիգորյան-Հաջիեւ հանդիպումը եւ չի արձագանքել արտգործնախարարների հանդիպման առաջարկին. «Նրանք փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն ձեւավորել»,- եզրակացրել է Նիկոլ Փաշինյանը եւ պատերազմի անխուսափելիության մասին իմանալու, սակայն դրան չպատրաստվելու մեղադրանքից հետագայում խուսափելու համար սկսել է մանիպուլացնել պատերազմի հավանականության ժամկետը: Ենթադրյալ պատերազմը, ըստ նրա, կարող է լինել 3 ամսից, 3 տարուց կամ 30 տարուց հետո:

Ի՞նչ է սա նշանակում: Նպատակը միանգամայն հասկանալի է. ստեղծելով անորոշության պատրանք՝ Գերագույն գլխավորը մեր բանակի անպատրաստությունն արդարացնելու պատուհան է թողնում: Սակայն անպատրաստությունը տվյալ պարագայում չի կարող արդարացում ունենալ: Երկու թշնամական երկրների արանքում աքցանված Հայաստանը պետք է միշտ վառոդը չոր պահի: Հանձնվողական, ապազգային իշխանությունների օրոք դա հնարավոր չէ, հետեւաբար՝ իշխանափոխության խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում, հակառակ դեպքում Արցախի, Սյունիքի եւ ողջ Հայաստանի ճակատագիրը կմատնվի բախտի քմահաճույքին:

Անտարակույս՝ Փաշինյանը համաձայնվել է հանձնել 5 կմ լայնությամբ միջանցքը, ինչը նշանակում է ոչ միայն Արցախի  լիակատար «անկլավացում», այլեւ Բերձորից, Աղավնոյից եւ հարակից մյուս գյուղերից հայ բնակչության բռնի տեղահանում: Սա, ի դեպ, նաեւ Թուրքիայի նախագահի պահանջն էր՝ ուղղված ՀՀ ղեկավարությանը: Նիկոլը ցանկացած զիջում արդարացնելու ձեւը գիտի: Նրա համար դժվար չէ «պողոսներին» պատերազմով վախեցնել, թե չհանձնելու դեպքում Ադրբեջանը կհարձակվի, եւ այդժամ կորուստները շատ ավելին կլինեն: Այդ հնարքն այսօր նա օգտագործում է նաեւ իր հրաժարականի պահանջով պայքարի ելած ընդդիմության դեմ՝ հայտարարելով, թե «Դիմադրություն» շարժման պայքարի այլընտրանքը պատերազմն է:

Դուք նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս բանակը վերազինելու, հայկական զինուժի երբեմնի մարտունակությունը վերականգնելու մասին խոսք անգամ չկա:

Վերը մենք նկարագրեցինք, թե ինչպիսի միջոցառումներ է հետպատերազմյան մեկուկես տարում ձեռնարկել Ադրբեջանն իր զինուժը մարտական բարձր պատրաստության վիճակի բերելու համար: Բավական տպավորիչ ցանկ է: Իսկ ի՞նչ է արել կամ ի՞նչ է անում հայկական կողմը: Թերեւս՝ ոչինչ կամ շատ աննշան բաներ, որոնք բարեփոխումներ չես անվանի, ինչպես փորձում են մեզ հրամցնել: Համենայն դեպս՝ տեղեկատվական բաց աղբյուրներից հայտնի չեն տվյալներ, ասենք, առաջնագիծ կահավորելու, զենք-զինամթերք ձեռք բերելու, զորավարժություններ անցկացնելու, նոր զորամասեր կառուցելու մասին եւ այլն: Ավելին՝ Ալիեւը հայտարարում էր, որ «Հայաստանին բանակ պետք չէ», եւ մնում էր անպատասխան:

Հետեւաբար՝ կան հիմնավոր կասկածներ, որ Փաշինյանն անաղմուկ կատարում է Բաքվի բռնապետի կամքը: 2020թ. նոյեմբերի 9-ից մի քանի օր անց թաքստոցից նոր-նոր դուրս եկած կապիտուլյանտը հրապարակեց 6 ամսում բանակում, իբր, բարեփոխումներ անելու ճանապարհային քարտեզ, որը, սակայն, քարոզչական փուչիկ դուրս եկավ՝ ոչ ավելին: Իրականում հետպատերազմյան մեկուկես տարին բանակը քայքայելու շրջան էր, ինչին, ըստ ռազմական փորձագետների, հանգեցրել են սպայական ու հրամանատարական կազմերի անվերջանալիորեն կատարվող կադրային փոփոխությունները:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 26-րդ համարից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031