Բոլորը խոսում են Բերձոր քաղաքն Ադրբեջանին հանձնելու մասին:
Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող եւ ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո շահագործման կհանձնվի: «Դրա հետեւանքով,- ասել է նա,- մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, հայկական որոշ այլ գյուղեր»:
Ի՞նչ վիճակ է վերջին պատերազմից հետո
Արցախյան երրորդ պատերազմից եւ ՀՀ դե-ֆակտո իշխանության կապիտուլյացիայից հետո, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարության, հաստատվեց «Լաչինի միջանցքը», որն ունի 5 կմ լայնություն եւ գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Արդյունքում Բերձոր քաղաքը եւ դրան հարակից մի քանի գյուղեր թեեւ չընկան ադրբեջանական օկուպացիայի տակ, սակայն ամբողջությամբ շրջափակված են Ադրբեջանի Զինված ուժերի կողմից եւ գտնվում են խիստ խոցելի վիճակում։
Կարդացեք նաև
- Իսկ ինչպե՞ս է Ադրբեջանն ուզում վերցնել քաղաքը
Ադրբեջանը հղում է կատարում կապիտուլյացիոն փաստաթղթի 6-րդ կետին, ըստ որի, «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»։ Ադրբեջանը ինքնակամ սկսել է կառուցել այս նոր ճանապարհը, որն անցնում է նոր երթուղով՝ կապելով Գորիսի Կոռնիձոր գյուղը Շուշիի Հին Շեն գյուղի հետ՝ այդպիսով շրջանցելով Բերձորն ու հարակից գյուղերը։
Դատելով Ադրբեջանի կողմից պաշտոնապես հրապարակված լուսանկարներից՝ այս ճանապարհի մեծագույն մասն արդեն պատրաստ է շահագործման։ Ստացվում է, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը, քանի որ ոչ միայն խախտված են ժամկետները (ըստ հայտարարության, նոր ճանապարհի հարցը պետք է քննարկվեր 2023թ. նոյեմբերից ոչ շուտ), այլեւ նախնական պայմանավորվածությունն առ այն, որ նոր ճանապարհի երթուղին պետք է համաձայնեցված լինի կողմերի միջեւ։
Թե՛ Արցախի Հանրապետության ղեկավարությունը, թե՛ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները պաշտոնապես չեն խոսում որեւէ նման համաձայնեցման մասին, սակայն տողերիս հեղինակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ դե-ֆակտո վարչապետի աշխատակազմից ուղարկված պատասխանից պարզ է դառնում, որ Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին։ Սա կարող է նշանակել, որ կա՛մ առկա է գաղտնի պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ, կամ Ադրբեջանը միակողմանիորեն խախտում է եռակողմ հայտարարությունը, որին ՀՀ դե-ֆակտո իշխանությունը որեւէ կերպ չի արձագանքում։
Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 26-րդ համարից
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: