Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթանում է հոգեհանգստյան արարողությունը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի, որը մահացավ դատարանում՝ դատական նիստի ժամանակ:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանի մահը քաղաքական սպանություն որակեց. «Սա ոչ միայն քաղաքական շինծու գործ էր, քաղաքական կալանավորում էր, քաղաքական դատավարություն էր, այլեւ քաղաքական սպանություն: Սպանության ձեւերը տարբեր են, անպայման չէ, որ հենց այդ պահին գյուլլայով մարդ վերացնեն: Քաղաքական ռեժիմները մարդկանց դեմ այնպիսին, ինչպիսին մեզ մոտ Հայաստանում է, կիրառում են շատ տարբեր պրակտիկաներ: Արմենի մահը քաղաքական սպանության դրսեւորում էր»:
Նրա ձեւակերպմամբ, «Եվրոպական ժողովրդավարական հանրույթը, Եվրոպայի խորհրդի տարածքը, որը իբր թե մարդու իրավունքների նկատմամբ ուներ պաշտամունքային վերաբերմունք, իրականում ցույց է տալիս իր երկդիմի վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ: Ես ավաղ որեւէ ակնկալիք չունեմ, որ Արմենի մահը կարող է դառնալ այն վերջին ապտակը այն կառույցներին, որոնք ստիպված պետք է լինեն ուշքի գալ եւ հայտարարված արժեքներին համահունչ ձեւ տալ, թե քաղաքականություն են իրականացնում: Բոլոր դեպքերում, նման սպանությունները ոչ ոք չի մարսում: Այդ սպանությունների մեղավորներն անպայման պատժվում են՝ կամ մարդկանց կողմից, կամ օրենքով, կամ Աստծո կողմից:
Արմենի նման ինտելեկտուալ կորցնելը մեծ կորուստ է հայ հասարակության համար, հասարակա-քաղաքական դաշտի համար, մեծ հարված՝ իր ընտանիքի եւ ընկերների համար: Ցավոք, մենք ապրում ենք մի սարսափելի ժամանակահատվածում, երբ մահն էլ է դառնում ռեալիթի շոու»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ