Ծովակատարը (scallops, морские гребешки) համեղագույն ծովամթերքներից է, միաժամանակ՝ շատ օգտակար: Այն պարունակում է հսկայական քանակի յոդ, կալցիում, սպիտակուց եւ այլ կարեւորագույն օգտակար նյութեր: Երեւանյան սուպերմարկետներում եւ ծովամթերքի մասնագիտացված խանութներում կարելի է գտնել այս հրաշալի մթերքը՝ սառեցված վիճակում: Եթե պատրաստելու եք այս եղանակով, ապա պետք է նախապես ապասառեցնել: Ինչպես ամեն ինչ՝ ցանկալի է ապասառեցնել սառնարանում եւ ոչ թե՝ սենյակային ջերմաստիճանում: Ապասառեցնելուց հետո շատ լավ չորացրեք թղթե սրբիչով, ապա նոր պատրաստեք:
Անհրաժեշտ մթերքները
Ծովակատար- 300 գրամ
Բուսական յուղ- 1 ճաշի գդալ
Կարդացեք նաև
Կարագ-2 ճաշի գդալ
Սխտոր-3 պճեղ
Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի
Կիտրոն- կես կիտրոնի կեղեւը եւ հյութը
Թարմ կանաչիներ- մի քանի ճյուղ (օրինակ՝ մաղադանոս, բազիլիկ, սամիթ)
Ինչպես նաեւ՝ բանջարեղեն՝ ըստ ձեր ճաշակի
Պատրաստման եղանակը
Բուսական յուղն ու կարագը դրեք տաքացրած թավայի մեջ: Հալվելուն պես՝ ավելացրեք ծովակատարները, որոնք պետք է տապակվեն յուրաքանչյուր կողմից ամենաշատը 2,5 րոպե, 1,5-ն էլ լիովին բավական է: Ավելացրեք նաեւ կտրատած սխտորը: Շրջեք ծովակատարները եւ համեմեք աղով ու սեւ պղպեղով: Նույն թավայում կարող եք ավելացնել նաեւ բանջարեղենները, եթե դրանք արագ եփվող են, ինչպես օրինակ՝ ծնեբեկը, բրոկոլին եւ չերրի լոլիկը: Իսկ եթե ավելի երկար պիտի եփվեն, կարող եք առանձին տապակել, ապա նոր ավելացնել ծովամթերքին: Ավելացրեք կիտրոնի կեղեւի քերուկն ու հյութը: Վերջին պահին ավելացրեք մանր կտրատած թարմ կանաչին եւ անջատեք: Ողջ գործընթացը տեւում է առավելագույնը 5 րոպե: Մատուցեք անմիջապես: Շատ համեղ է սառը սպիտակ կամ վարդագույն գինու հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ