Սիսիանի անտառտնտեսության տնօրեն Տիգրան Համբարձումյանը քիչ առաջ մի քանի լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․ «Վերջին ժամերին հատուկ նպատակով ուզում են շահարկել ու արատավորել իմ անունը, չնայած նրան, որ ես միշտ զոհվածների ընտանիքների կողքին եմ ու կլինեմ: Ես հանդիպել եմ զոհվածի ծնողներին, խոսել ենք իրավիճակի մասին, տեղեկացել եմ, որ թյուրըմբռնում է եղել իմ խոսքերի վերաբերյալ։ Անբարոյականություն է եւ անթույլատրելի ՝ նրանց խառնել մի քանի դիտում ապահովելու համար։ Առաջիկայում կմանրամասնեմ, թե ով ինչ խնդիր է ուզում լուծել (իրենց ֆբ էջերից ջնջած փաստերով)։
ՀԳ… Հայրենիքը հեռվից չեն սիրում»:
Հիշեցնենք, Տիգրան Համբարձումյանը, Մոսկվայից ժամանած բլոգեր Մերի Տոմոյանի ուղիղ եթերի ընթացքում վիրավորական ու հայհոյախառն արտահայտություններ է գրել։ Ուղիղ եթերը Սիսիանի պանթեոնից էր ու Մերին խոսում էր այն մասին, թե ինչու մինչեւ օրս Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի տեղադրել զոհվածների տապանաքարերը, այն դեպքում, եթե կառավարությունը գումարն արդեն հատկացրել է։
Կարդացեք նաև
Aravot.am-ը փորձել էր պարզաբանում ստանալ Տիգրան Համբարձումյանից, որը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։ Սակայն Տիգրան Համբարձումյանը չպատասխանեց մեր հարցերին՝ նշելով, որ զբաղված է։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ