Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը Հայաստանի համար չի աշխատում, աշխատում է իր կլանի, իր շահերի համար». Մուրադ Փափազյան

Հուլիս 17,2022 13:13

ՀՀ իշխանություններն արգելել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Ֆրանկ Փափազյանի մուտքը Հայաստան, ինչի մասին նա տեղեկացրել էր ֆեյսբուքյան գրառմամբ: Կատարվածը դատապարտել են սփյուռքյան կառույցները, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն եւ առանձին երեւելի  անհատներ:

Aravot.am-ը Մուրադ Փափազյանից  հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս պահի դրությամբ պաշտոնապես իրեն տրվել է որեւէ պատասխան՝ Հայաստան մուտք գործելու արգելքի վերաբերյալ: Նա ասաց, որ առայժմ որեւէ պատասխան չի ստացել, նույն օրը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը  տեղեկացվել է կատարվածի մասին եւ դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, իր հետ կապվել են նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից; Հիմա, նրա ձեւակերպմամբ, պետք է աշխատանք պիտի տարվի ՀՀ կառավարության հետ, որպեսզի ստանան բացատրությունը, թե որն է իր մուտքը արգելելու  պատճառը, եւ ինչու է ՀՀ կառավարությունն իրեն անցանկալի անձ ճանաչել:

Մուրադ Փափազյանը կարծում է, որ պատճառը քաղաքական է, եւ  ուրիշ որեւէ հարց լինել չի կարող: Խնդրեցինք «փակագծեր» բացել, հարցրինք՝ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է պատճառը քաղաքական է, եւ իր տպավորությամբ ինչու հենց իր մուտքը արգելվեց: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահն ասում է, որ ՀՀ վարչապետը նեղված է, որ արտասահմանի հայ գործիչներն իր նկատմամբ համակրանք չեն տածում, եւ զարմանալիորեն չի ուզում հասկանալ, որ ժողովրդավարության օրենքներով յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը՝  անկախ նրանից, կո՞ղմ է, թե՞ դեմ՝ ՀՀ վարչապետի վարած քաղաքականությանը:

Փափազյանն ընդգծում է, որ իրենց ընդդիմադիր վերաբերմունքը պայմանավորված է վարչապետի՝ Արցախին, հայ-թուրքական հարաբերություններին եւ Հայ դատին վերաբերվող քաղաքականությամբ: Նրա ձեւակերպմամբ, վարչապետը չի համակերպվում սփյուռքյան ընդդիմության հետ, դրա համար «օգտագործում» է  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, որ պառակտում մտցնի Սփյուռքի մեջ, ստեղծի կառավարությանը ենթակա «յուրային» կազմակերպություններ:

«Վարչապետը չի ընդունում այն գաղափարը, որ Սփյուռքը պետք է անկախ գործի՝ ի նպաստ Հայաստանի,  ի նպաստ Արցախի, ի նպաստ Հայ դատի, չի հասկանում, որ Հայաստանի միակ շահը պաշտպանողը Սփյուռքն է, տասնյակ տարիներ ի վեր Սփյուռքը պայքարում է Հայաստանի անկախության, անվտանգության  եւ ուժեղացման, նաեւ Արցախի ու Հայ Դատի համար: Նա չի ընդունում, որ Սփյուռքում ազդեցություն ունեցող անհատներն իր համակիրները չեն: Սա ժողովրդավարական սկզբունքների,  մարդու իրավունքների լուրջ խախտում է, որի վերաբերյալ, անշուշտ, պիտի  դժվարանա Հայաստանի կառավարչությունը բացատրություն տալ Ֆրանսիայի Կառավարությանը: Եվ երբ մարդու մուտքը Հայաստան արգելելու բացատրությունը միայն քաղաքական է, դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը խախտում է ժողովրդավարության Այբ Բեն Գիմը»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Հարցրինք՝ մտավախություն չունի՞, որ կարող է սփյուռքյան ազդեցիկ այլ գործիչների մուտքն էլ արգելվել Հայաստան, եթե չեն ողջունում վարչապետի վարած քաղաքականությունը: Մուրադ Փափազյանն ասաց, որ այդպիսով ՀՀ կառավարությունը ճեղք կբացի Հայաստան-Սփյուռք հնչարտաբերություններում, կբաժանի հայկական աշխարհի կազմակերպությունները Հայաստանից, ինչը մեծ սխալ կլինի վարչապետի կողմից: Նաեւ հավելեց, որ ամեն դեպքում կարծում է, որ թերեւս Փաշինյանը հասկացել է, թե ինչ  մեծ սխալ է գործել, ուստի կարելի է ընդունել սխալը, եւ բեկանել արդեն իսկ արված քայլը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի խստացմանը եւ այդ մասին ԱԱԾ հայտարարությանը: Հարցրինք՝ արդյոք այստեղ՝ հատկապես այս շրջանում, միտում չի՞ տեսնում:

«Անշուշտ տեսնում եմ… Բաժանելով Հայաստանը Սփյուռքից՝ տկարացնում են թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը, այսինքն՝ տկարացնում են հայկական աշխարհը՝ ի նպաստ մեր թշնամիների, ի նպաստ Թուրքիայի եւ ի նպաստ Ադրբեջանի: Այս մարդը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) եկել է տկարացնելու հայկական կողմը… Այսօր պետք ունենք զորացնելու մեր դիրքերը, մինչդեռ ինքը տկարացնում է դրանք»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Մուրադ Փափազյանն ասաց, որ իր հետ կապված միջադեպի վերաբերյալ շատ արձագանքներ է ստացել, զորակցական արշավ է սկսվել, առանձին անհատներ եւ կառույցներ դատապարտել են ՀՀ կառավարության այդ քայլը. «Առանց պատճառի որեւէ քաղաքացու մուտքն արգելելը Հայաստան, արտոնված չէ միջազգային օրենքներով, նաեւ ՀՀ օրենքներով: Սա ազատությունների մեծ խախտում է, եւ  դժբախտաբար Հայաստանի պատկերը տկարացնում է համայն աշխարհի առջեւ: Միջազգային մամուլը, կառավարությունները տեղյակ են այս դեպքից, եւ իր  այդ քայլով վարչապետը տկարացնում է Հայաստանի պատկերը»-պատասխանեց Փափազյանը:

Մեր զրուցակցին հիշեցրինք՝ հարցազրույցներից մեկում արված իր այն արտահայտությունը, թե Հայաստանը Փաշինյանի տունը չէ, որ ինչ ուզենա, անի: Նա կրկնեց իր այդ միտքը՝ ասելով, որ գնալու է մինչեւ վերջ եւ հետեւողականորեն ու օրենքի սահմաններում փորձելու է հասնել հարցի հանգուցալուծմանը եւ բացատրություն ստանալուն: «Հայաստանը Փաշինյանի տունը չէ, Հայաստանը ողջ հայության, հայ ժողովրդի երկիրն է, Հայաստանի գաղափարը, Հայաստանի անվտանգությունը միջազգային ընտանիքի մոտ մենք պաշտպանում ենք տասնյակ տարիներով, երբ դեռ պարոն Փաշինյանը չկար…Մենք էլի շարունակելու ենք  պաշտպանել, եթե նույնիսկ վաղը ինքը չլինի, որովհետեւ կառավարությունները գալիս անցնում եմ, իսկ պետությունները մնում են, ու Սփյուռքն էլ շարունակում է իր աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի եւ Հայ Դատի: Մենք շրջապատված ենք թշնամիներով, եւ Սփյուռքը միակ ուժն է արտաքին գետնի վրա՝ Հայաստանի համար: Սփյուռքը տկարացնելը  անպատասխանատու քայլ է, որ հենց Հայաստանի դեմ է աշխատում:

Օրինակ ի՞նչ է շահել վարչապետը՝ արգելելով իմ մուտքը Հայաստան, ինչ է շահել Հայաստանի ռեժիմը, ոչինչ, զուտ տկարացնում է իրեն: Երբ պատկերացնում եմ, որ այս մարդը բանակցում է Էրդողանի, Ալիեւի հետ, շատ եմ վախենում Հայաստանի ապագայի համար: Նա  վարչապետ լինելու մակարդակ չունի: Թեեւ ժամանակին լավ ընդդիմադիր էր, բայց այսօր անպատասխանատու  ձեւով է կառավարում երկիրը: Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, որ Փաշինյանն ի նպաստ Հայաստանի չի աշխատում, իր անվտանգությունը չի ապահովում: Փաշինյանը Հայաստանի ժողովրդի համար չի աշխատում, իր համար է աշխատում, իր կլանի համար, իր շահերի համար: Շատ վտանգավոր ղեկավար է, օր առաջ պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ ինքն օր առաջ հրաժարական տա»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մուրադ Փափազյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031