Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի անտառտնտեսության տնօրեն Տիգրան Համբարձումյանը չի կարողացել կառավարել կրքերը․ նա հրապարակավ հայհոյախառն գրառումներ է արել

Հուլիս 17,2022 11:58

«Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանը  վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ է գրել  ֆեյսբուքի օգտատեր, Մոսկվայից Հայաստան եկած բլոգեր Մերի Տոմոյանի ուղիղ եթերի ժամանակ։

Մերին Սիսիանի զոհված զինվորականների պանթեոնից ուղիղ եթեր է մտել՝ նշելով, որ գումարը վաղուց փոխանցված է, իսկ տղաների տապանաքարերը դեռ տեղադրված չեն։ Մերին քննադատել է Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանին՝  նշելով, որ Սիսիանում «տեր չկա,  համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի մտածում համայնքի մասին»։ Մերիի ուղիղ եթերի տեսագրությունը այստեղ։

Հուզմունքից Մերին վիրավորել է նաեւ  Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, ինչը, հավանաբար, բարկացրել է Տիգրան Համբարձումյանին։ Մերի Տոմոյանը Aravot.am-ի հետ զրույցում  նշեց, որ ինքը չի հրաժարվում եթերի ժամանակ ասածներից։ «Բայց նա անմահացած  հերոսների ծնողներին է նաեւ վիրավորում, չեմ խուսափի ասել՝ նաեւ ահաբեկում է այդ մարդկանց»,-նշեց Մերին։

Վերջինս  իր էջում տեղադրելով Տիգրան Համբարձումյանի գրառումները՝  կառավարության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի,  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուշադրությունն է հրավիրում նման պաշտոնյայի վարքագծին։  Փորձեցինք պարզաբանումներ ստանալ Տիգրան Համբարձումյանից։ «Զբաղված եմ, հետո կզանգահարեք»,-կտրուկ ասաց նա՝ անջատելով հեռախոսը։ Ամեն դեպքում, Aravot.am-ը պատրաստ է ներկայացնելու նրա տեսակետը եւս։

Նշենք, որ Տիգրան Համբարձումյանը, մոտ մեկ ամիս է՝ նշանակվել Սիսիանի անտառտնտեսության տնօրեն։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նրա նշանակումը կապված է Սիսիանում սեպտեմբերի 25-ին կայանալիք ավագանու համամասնական ընտրությունների հետ, որպեսզի ձայներ ապահովի  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի օգտին։

Տիգրան Համբարձումյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031